Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ



ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԱռաջին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հոկտեմբերի 17-ից 26-ը մեկնարկել են (ռազմական հաստատություններ ավարտած և ենթակա զորամասերում ծառայության նշանակված երիտասարդ սպաների պլանային հրամանատարական  հավաքները) մոտոհրաձգային գնդի բազայի վրա:

Հավաքների պետը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն է:

Զորամիավորման հրամանատարի անունից հավաքների բացման առիթով երիտասարդ սպաներին շնորհավորեց հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը` մաղթելով նրանց  նորանոր հաջողություններ ծառայության, դասակի հրամանատարի կարևոր և պատասխանատու գործում:

-Այսուհետ ձեր անելիքներն ուղղված են լինելու ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձրացմանը, մարտական առաջադրանքների կատարմանը, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, որ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է, և զինված ուժերի առաջնահերթ խնդիրը մարտական գործողությունների պատրաստ լինելն է,- ասաց նա: -Բառիս բուն իմաստով, ձեզնից է կախված լինելու  թե՛ վաշտի, թե՛ գումարտակի  մարտական առաջադրանքի հաջող կատարումը: Սրանք պարզապես խոսքեր չեն. եթե դասակի մարտական պատրաստությունը ցածր է, նշանակում է վաշտը չի կարող կատարել մարտական առաջադրանքը, հետևաբար նաեւ գումարտակը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԴուք որպես երիտասարդ սպաներ պետք է գիտակցեք, որ մենք էլ այսուհետ հայոց պատմության մի նոր էջ ենք կերտելու, և մենք էլ ջանք ու  եռանդ չենք  խնայելու ձեզ օգնելու, որ փայլեք ձեր գործում և  ձեր աշխատանքը կատարեք  պատվով, համբերատար: Միայն այս դեպքում  հաջողությունը կուղեկցի  ձեզ:

Երիտասարդ սպաների հետ անցկացվեցին գաղափարադաստիարակչական,  իրավական պատրաստության և իրավագիտակցության բարձրացման, անցանկալի և արատավոր դեպքերի ու պատահարների կանխարգելման, համազորային կանոնադրությունների, զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հայոց բանակի շարքերում մարտական ոգու բարձրացման և այլ կարևոր թեմաներով դասընթացներ:

Զեկուցումներ կարդացին, երիտասարդ սպաների հետ անմիջական զրույցներ ունեցան ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը, զորամիավորման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մարատ Եփրեմյանը, իրավաբան, ավագ սպա  Տաճատ Գնունին:

Հավաքների ընթացքում նորանշանակ սպաների հետ կտարվեն անհատական  զրույցներ, կներկայացվեն և կքննարկվեն ինչպես սոցիալական, այնպես էլ մասնագիտական տարբեր հարցեր՝ ծառայության պետերի,  հրամանատարության ներկայացուցիչների, վարչակազմի անդամների մասնակցությամբ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


18/10/2016