ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասում ամփոփվեցին տասնօրյա հրամանատարաշտաբային հավաքների առաջին շաբաթվա աշխատանքների արդյունքները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն առաջավոր փորձի փոխանակման, քառօրյա մարտական գործողությունների ժամանակ սպայի ցուցաբերած աննախադեպ հերոսականության դրսևորման, ձեռք բերած փորձի շրջանակներում նորակոչիկ սպաներին ներկայացրեց հրամանատարական հավաքների երկրորդ շաբաթվա խնդիրներն ու անելիքները.
-Ընդհանուր առմամբ, հավաքների արդյունքները դրական եմ գնահատում, սակայն այն, ինչ ձեռք է բերվել այս չափազանց կարևոր օրերին, դեռևս վերջնական չէ. ձեզ սպասում են սպայի կայացման երկար՝ փորձությունների և դժվարին վերելքների հաղթահարման տարիներ: Ձեզնից է կախված լինելու զորքերի մարտունակության յուրաքանչյուր ակնթարթը, խնդրի ու անելիքի ճիշտ լուծումը: Մեր պարտքն է այս պահից ևեթ օգնել և առաջնորդել ձեզ ձեր կայացման ճանապարհին, բայց դուք էլ պետք է օգնեք մեզ՝ փորձի ճիշտ յուրացման, սովորելու ձեր պատրաստակամությամբ:
Գնդապետ Ցականյանը հանգստի երկու օրը համարեց նորավարտ սպաների համար լիցքաթափման, ազատ ժամանակը օգտակար, հետաքրքիր և բովանդակալից անցկացնելու, հոգևոր և աշխարհայացքային դաստիարակությանը միտված օրեր և հայտարարեց միասին պատմամշակութային վայրեր՝ Հին Գորիս, Հին Խնձորեսկ, Տաթևի վանական համալիր այցելելու և հավաքների երկրորդ շաբաթը նոր լիցքերով, նոր ուժերով ու եռանդով սկսելու մասին:
Բարի հանգիստ մաղթելով երիտասարդ սպաներին՝ գնդապետ Ցականյանը հույս հայտնեց, որ հոկտեմբերի 28-ին միասին կավարտեն հավաքները և համատեղ աշխատանքը է՛լ ավելի փորձառու և պատրաստակամ կկազմակերպեն զորքերում՝ իրենց կցագրված ենթական ստորաբաժանումներում:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում