Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔՈՒՄԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Քանի որ Հայաստանում և ԼՂՀ-ում գերակշռող է լեռնանտառային տեղանքը, ուստի պաշտպանության կազմակերպման և վարման առումով տեղանքի առանձնահատկությունների իմացությունը առաջնակարգ նշանակություն ունի: Իսկ ձմռան պայմաններում այդ առանձնահատկություններն ավելի մեծ նշանակություն են ստանում:

Լեռնային պայմաններում պաշտպանության առանձնահատկությունները հետևյալն են.

♦  դժվարամատչելի տեղամասի, անտառային զանգվածների, բնական շատ խոչընդոտների առկայություն, ինչպես նաև լայն ճակատով պաշտպանության ստեղծում ու հիմնական ուժերի կենտրոնացում գերիշխող բարձունքներին՝ լեռնանցքները ու ճանապարհային  հանգույցները պաշտպանելիս:

 

Լեռնանտառային տեղանքը բնութագրվում է դժվարամատչելի տեղամասերով, անտառային զանգվածներով, մեծ բնական խոչընդոտներով, որոնք շահեկան են ամուր պաշտպանության ստեղծման և ապահովման համար: Այդ տեղամասերում ամուր պաշտպանություն կարելի է ապահովել ավելի փոքրաքանակ ուժերով ու միջոցներով, քան հարթավայրային պայմաններում: Լեռնանտառային տեղանքն իր տիրապետող բարձունքներով, ճյուղավորումներով, լեռնաշղթաներով ու անտառապատ տեղամասերով ինքնին հանդիսանում է ամուր բնագիծ, որը հարմար է բազմահարկ շրջանաձև պաշտպանության համար: Միևնույն ժամանակ, այն օգնում է զորքերը քողարկել հակառակորդի դիտարկումից` հնարավորություն ընձեռելով զորաշարժերի իրականացմանը:

Բազմաթիվ աննկատ մատույցների և յուրային զորքերի կողմից զբաղեցրած մեռյալ տարածքների առկայությունը հեշտացնում է հակառակորդի աննկատ առաջխաղացումը՝ հնարավորություն տալով միջտարածքներով թափանցել թիկունք եւ օգտագործել ԴՀ -ներ, օդային դեսանտներ: Ուստի այդպիսի տեղամասերում առանձին պահակակետերի, ինժեներային տեխնիկական արգելափակոցների ու միջոցների ստեղծումը, ինչպես նաև հետախուզության ուժեղացումը առաջնահերթ նշանակություն է ստանում՝ տեղերում ստեղծելով դասակների կամ վաշտերի հենակետեր, որոնք միմյանց հետ կունենան կրակային կապ:

Հակառակորդի գործողությունները կաշկանդելու, շրջանցումներն ու թևանցումները կանխելու նպատակով հենակետերի միջտարածքներում պետք է կազմակերպել պարեկություն, դարաններ, կառուցել ականադաշտեր, ինժեներային այլ արգելափակոցներ: Ցանկալի է, որ այդ արգելափակոցները հարեն բնական արգելք հանդիսացող դժվարամատչելի տեղամասերին: Լեռնաշղթաների երկայնքով անցնող տեղամասերը պաշտպանելիս անհրաժեշտ է հուսալիորեն փակել լեռնանցքները, դեպի թիկունք տանող ճանապարհները, հատկապես տանկավտանգ ուղղությունները:

Նպատակահարմար առաջին խրամատը (դիրքը) պետք է պատրաստել հակառակորդի կողմն ուղղված լանջերին: Զորքերն այդ բնագծերում տեղավորելն ապահովում է կիրճերի և հովիտների տեսանելիությունը, դրանց գնդակոծման հնարավորությունը:

Պաշտպանության խորությունը ստեղծվում է բարձունքների հակադիր լանջերին՝ դիրքերի սարքավորման հաշվին:

Անհրաժեշտ է նաև այդ բարձունքներում ստեղծել հենակետեր, իսկ կիրճերի երկայնքով էլ էշելոնացված պաշտպանություն` հիմնական ուժերը դասավորելով այնպես, որ հնարավոր լինի լիովին հսկել կիրճը: Բուն կիրճում պետք է տեղակայել աննշան ուժեր, օգտագործելով դարանակալման միջոցներ: Դարանների լայն օգտագործումը պայմանավորված է լեռնանտառային տեղանքում պաշտպանական առանձնահատկություններով, որոնք սարքավորվում են աննկատ մատույցներում, թևերում, իսկ որոշ դեպքերում՝ նաև պաշտպանության խորքում:

Ձմեռային պայմաններում լեռնանտառային տեղանքում պաշտպանության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ առանձին ուղղություններում ու տեղամասերում հենակետեր ստեղծվեն նաև ջոկի համար: Եթե հարթ տեղանքում կիրառվում են առավելապես դասակի և վաշտի հենակետեր, ապա լեռնանտառային տեղանքում դրանք հնարավոր են դառնում նաև ջոկի համար: Ջոկի հենակետեր լայնորեն կիրառվել են ԼՂՀ  ԶՈՒ կողմից Օմարի լեռնանցքում՝ Հադրութի, Մարտունու, Մարտակերտի շրջանների լեռնային բնակավայրերի մատույցների պաշտպանության ժամանակ:

Այդպիսի դեպքերում անհրաժեշտություն է առաջանում թևերն ու միջտարածքներն ապահովել մեծ տրամաչափի կրակային միջոցներով:

Ցանկացած զորամասի կամ ստորաբաժանման համար պաշտպանության ճակատի լայնությունը լեռնանտառային տեղանքում կարող է տարբեր լինել: Այն կախված է զանազան գործոններից:

Լեռնանտառային տեղանքը բարենպաստ նշանակություն է ունենում արգելափակոցների, զարգացման համակարգով գոտիների, դարանների ու դիտակետերի ստեղծման համար: Լեռնանտառային տեղանքում, պաշտպանության ժամանակ, մարտակարգը բնորոշվում է ուժերն ու միջոցներն ըստ ուղղությունների դասավորելու անհրաժեշտությամբ: Որպես կանոն այն դասավորվում է երկու էշելոնով և ներառում է նույն տարրերը, ինչպես սովորական պայմաններում պաշտպանության դեպքում: Երկէշելոն մարտակարգը բնորոշ է լայնատարած հովիտների պաշտպանության համար:

Այն տեղանքում, որտեղ հակառակորդը չի կարող կիրառել տանկեր և զրահատեխնիկա, նպատակահարմար է մարտակարգը կառուցել մեկ էշելոնով՝ հիմք ունենալով վաշտի, դասակի, ջոկի հենակետերը, ինչպես նաև համազորային ուժեղ, շարժունակ ռեզերվը:

Պաշտպանության կազմակերպումը

Լեռնանտառային տեղանքում պաշտպանություն կազմակերպելիս հրամանատարի աշխատանքի հաջորդականությունը գրեթե նույնն է, ինչ սովորական պայմաններում:

Հակառակորդին գնահատելիս հրամանատարն ամենից առաջ պետք է ճշտի լեռնանտառային տեղանքում մարտական գործողություններ վարելու նրա պատրաստվածության  աստիճանը, օդադեսանտային զորամասերի ու ստորաբաժանումների առկայությունը, հիմնական ներգործության ուղղությունները, հարձակման հավանական տարբերակները:

Հրամանատարը պետք է որոշի, թե որ ուղղությունները  պաշտպանել մեծ և որոնք՝ փոքրաքանակ ուժերով, ինչպես պետք է կառուցել մարտակարգը, ինչ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել սեփական ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձրացման ուղղությամբ:

Այսպիսով՝ լեռնանտառային տեղանքում պաշտպանության կազմակերպումը, որոշ նմանությամբ հանդերձ, խիստ տարբերվում է սովորական պայմաններում դրա կազմակերպումից ու անցկացումից, ուստի, մարտի հաջողությունը, թեկուզ և փոքրաթիվ ուժերով, մեծապես կախված է տեղանքի առանձնահատկությունների լավ իմացությունից և ճիշտ ու նպատակային կիրառումից:

Արամ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

գնդապետ

Խորագիր՝ #42 (1162) 26.10.2016 - 01.11.2016, Ռազմական


26/10/2016