Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ



ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸՀարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

 

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատները մեկ անգամ եւս օրենք ընդունեցին՝ քրեականացնելով Ֆրանսիայի, ինչպես նաեւ միջազգային դատարանների ճանաչած ցեղասպանությունների ժխտումը կամ այլ ցեղասպանությունների, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը կամ նվաստացումը, եթե այն ուղեկցվում է բռնության եւ ատելության հրահրմամբ: Հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը 156 կողմ եւ 146 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նոր օրենքին՝ հետեւելով խորհրդարանի հուլիսի 6-ի հաստատմանը (ձայների 305-157 հարաբերակցությամբ): Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ստորագրվելուց հետո, ինչը նա խոստացել է անել:

Ընդսմին հարցն է, թե արդյոք Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն կտա օրինագծին, թե այն դարձյալ կհամարի հակասահմանադրական, ինչպես արեց 2012 թվականին՝ պնդելով, որ այն խախտում է խոսքի ազատությունը:

Ինչպես արդեն հայտնի է, խորհրդի որոշումը խիստ աղմկահարույց էր, քանի որ 11 անդամներից մի քանիսի շահերը լուրջ բախվում էին, որովհետեւ նրանց ընտանիքները գործարար կապեր ունեին Թուրքիայի նեղ շրջանակների հետ եւ դեմ էին արտահայտվել այս օրինագծին իրենց օրեսդրական գործունեության տարիներին… Ամենազարմանալին այն էր, որ խորհրդի անդամներից մեկը թուրքական վերլուծական կենտրոններից մեկի՝ Բոսֆորի ինստիտուտի ղեկավարներից էր, որը քարոզչություն էր ծավալում հենց այս օրենքի ընդունման դեմ… Ֆրանսիական մի լրատվամիջոցի կողմից այս ապօրինի եւ անբարոյական կապերի բացահայտումից հետո խորհրդի երկու անդամները ինքնաբացարկ հայտնեցին:

Ներկայիս Սահմանադրական խորհուրդը բաղկացած է 10 անդամից. երեքը 2012 թ. խորհրդի կազմից մնացածներն են, որոնք մերժել էին նախկին օրինագիծը: Բարեբախտաբար, նոր անդամներից մի քանիսը նպաստավոր դիրք ունեն օրենքի նկատմամբ:

Նոր օրենքը, որը կոչվում է «Հավասարություն եւ քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները եւ ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին՝ ապահովելու, որ նոր տեքստը չհակասի խոսքի ազատության իրավունքին:

Որքան էլ խոսքի ազատությունը ամենացանկալի իրավունքն է բոլոր ժողովրդավարական երկրներում, այսուհանդերձ, կան մի շարք կարեւոր հանգամանքներ, որոնք պետք է նկատի առնվեն.

1) Խոսքի ազատությունը ավելի բացարձակ արժեք է Միացյալ Նահանգներում, քան Եվրոպայում, որտեղ այդ իրավունքը սահմանափակող բազմաթիվ օրենքներ կան: Նույնիսկ ԱՄՆ-ում որոշ սահմանափակումներ կան՝ մտքին եկածը ասելու կամ գրելու դեմ, ինչպիսիք են վիրավորանքի եւ զրպարտության օրենքները:

2) Այն երկրներում, որտեղ հրեական Հոլոքոստի ժխտումն արգելված է, պետք է արգելվի նաեւ մյուս բոլոր ցեղասպանությունների ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Ոչ մի երկակի մոտեցում ցեղասպանության ենթարկված զոհերի միջեւ…

3) Քանի որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ունի, ապա պետք է օրենքով սահմանվի պատիժ ժխտման համար, ինչպես մնացած բոլոր օրենքների խախտման դեպքում…

4) Հակաժխտողական օրենքները կկանխեն Թուրքիայի ժխտողական քաղաքականության արտահանումը այլ երկրներ:

5) Ժողովրդավարական Ֆրանսիայում այժմ Հայոց ցեղասպանության մասին ստելը հակաօրինական է, մինչդեռ բռնապետական Թուրքիայում՝ այդ մասին ճշմարտությունն ասե՞լը…

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1162) 26.10.2016 - 01.11.2016, Ռազմաքաղաքական


26/10/2016