Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ



ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸԱշխարհի առաջին կին դեսպանը հայ է եղել:

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Հովհաննեսի Աբգարյան` Դիանա Աբգար (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան (1859-1937): Թեեւ աշխարհում՝ որպես առաջին կին դեսպան, ընդունված է համարել հեղափոխական գործիչ, դիվանագետ, նաեւ հեղափոխության սեքս խորհրդանիշ Ալեքսանդրա Կոլոնտային, որը 1923-1952թթ. եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում, Շվեդիայում, բայցեւայնպես, չոր թվերն իսկ հերքում են նրա՝ առաջինը լինելու փաստը, քանի որ Դիանա Աբգարը 1919-1920թթ. արդեն իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Ճապոնիայում:

Աբգարի կյանքի ու գործունեության մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն: Նրա ծննդավայրի մասին իրարամերժ տեսակետներ են շրջանառվում. որոշ աղբյուրներում նշվում է, որ ծնվել է Նոր Ջուղայում (Իրան), մեկ այլ աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ ծնվել է Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում: Երրորդում էլ մատնանշվում է Բիրմայի մայրաքաղաք Թանգան: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ: Դիանայի մայրը` Զմրուխտը, եղել է գրող եւ թարգմանիչ, հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ:

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ1890թ. Անահիտն ամուսնանում է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի հետ եւ մշտական բնակության մեկնում Ճապոնիա` Կոբե քաղաք: Ամուսինը հաջողակ վաճառական էր, զբաղվում էր մետաքսի վաճառքով, տարբեր ապրանքներ էր ներմուծում եւ արտահանում: 1906թ. ամուսնու մահից հետո Դիանան շարունակում է ընտանեկան գործը: Այդ ժամանակահատվածում տեղափոխվում են Ճապոնիայի նավահանգստային քաղաքներից մեկը` Յոկոհամա, որտեղ էլ նրանց գործերը ավելի հաջող ընթացք են ստանում: Շուտով մի մեծ առանձնատուն են գնում, որի դռները բաց էին թե՛ օտարազգի բարձրաստիճան հյուրերի, թե՛ գաղթական հայերի առաջ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն էին` հայերի համար արյունով ներկված մի ժամանակաշրջան… կորսված հայրենիք, որբություն, գաղթ:

Այս ամենը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չթողնել հայրենիքից հեռու, հայրենիքը երբեք չտեսած, բայցեւ հայրենիքով ապրող կնոջ վրա: Նրա տունը դարձել էր  ժամանակավոր օթեւան գաղթականների համար, ինքն անձամբ էր զբաղվում փախստական ազգակիցների փաստաթղթերի կարգավորման հարցերով:

Դիանան հանդես է գալիս հայ ժողովրդին, Մեծ եղեռնին նվիրված դասախոսություններով, հոդվածներով` ջանալով օտարերկրացիներին իրազեկել պատմական իրողությունը: Մեկը մյուսի հետեւից գրքեր է հրատարակում` «Ճշմարտությունը հայության ջարդերի մասին», «Դավաճանված Հայաստան», «Եվրոպայի խաղաղությունը», «Մեծ չարը», «Սարսափելի անեծքը», «Խաղաղություն եւ ոչ խաղաղություն»…

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸԱնսահման էր նրա նվիրումը իր հայրենիքի, իր ժողովրդի հանդեպ: Եվ ահա 1920թ. հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվում է Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ եւ գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արեւելքում, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ճապոնիայում (Դիանա Աբգարի՝ դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը):

Պահպանվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դ. Աբգարին` վերջինիս հյուպատոս նշանակվելու կապակցությամբ: Նամակում Օհանջանյանը շնորհակալություն է հայտնում «նորածին հայրենիքի շահերը պաշտպանելու եւ հայրենակիցների ծանր վիճակը թեթեւացնելու համար»:

Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսը 1956թ. նրան արժանացրել է հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու եւ դժվար պահերին նրա կողքին լինելու համար:

Դիանա Աբգարը կրթված, բազմակողմանի զարգացած կին էր: Բացի հայերենից եւ ճապոներենից, տիրապետում էր նաեւ անգլերենին, հնդկերենին, չինարենին եւ պարսկերենին: Նա բանաստեղծություններ էր գրում` «Մայր Հայաստան» կեղծանվամբ: Ու թեեւ ապրում էր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու`  Ծագող Արեւի երկրում, բայց մոր պես սրտացավ ու ջերմ էր իր հայրենիքի հանդեպ…

Դիանա Աբգարի աճյունն ամփոփված է Յոկոհամայում, օտարերկրացիների գերեզմանատանը…

Էս էլ մի հայի պատմություն…

Պատ.` Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Ռազմաքաղաքական


02/11/2016