Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ՄԱՐՏՈՒՄ



Պատմական ակնարկ

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ՄԱՐՏՈՒՄ«Սնայպեր» տերմինն առաջացել է անգլերեն «սնայպ» բառից, որը փոքրիկ թռչնակի անուն է, որի թռիչքի հետագիծը անկանխատեսելի է, իսկ նրան որսալը համարվել է մեծ վարպետություն: «Սնայպեր» տերմինը առաջին անգամ օգտագործել է 1773թ. մի անգլիացի սպա իր նամակում: Այժմեական իմաստով այն սկսել է  գործածվել միայն վերը նշվածից 50 տարի անց. Օքսֆորդի հանրագիտարանում «սնայպեր» կոչվում է այն հրաձիգը, որը ոչնչացնում է հակառակորդի զինվորներին քողարկված կրակային դիրքից»:

Դիպուկահարների վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ լեգենդներ, այդպիսի նշանավոր հրաձիգներից էր ֆին Սիմո Խայխան, որն սպանել էր Կարմիր բանակի 505 զինծառայողի:

Դիպուկահարին շատ դիպուկ է բնորոշել 62-րդ բանակի հրամանատար, գեներալ Չույկովը.

-Դիպուկահարը հատուկ ընտրված, ուսուցանված եւ պատրաստված հրաձիգ է. որի խնդիրը կարեւոր եւ վտանգավոր նշանակետերի խոցումն է: Վարպետ դիպուկահարը բնորոշվում է նրանով, որ ինքնուրույն ընտրում է նշանակետը, գնահատում է դրա կարեւորությունը եւ խոցում մեկ կրակոցով:

Դիպուկահարը որսորդ է, իսկ որսորդը պետք է լինի անտեսանելի: Նրա անխոցելիությունը բարոյալքում է հակառակորդին:

Հակառակորդը գազան է, պետք է հայտնաբերել նրան, դուրս բերել կրակի գիծ:

Թերեւս սա կարող է դառնալ դիպուկահարների պատրաստման կարգախոսը:

 

Դիպուկահարների օգտագործումը ժամանակակից համազորային մարտում

Անցած բոլոր պատերազմների փորձը ցույց է տալիս, որ մարտադաշտում նշանակետերը (հակառակորդը), որպես կանոն, քողարկված են եւ հայտնվում են շատ կարճ ժամանակով: Սա հատկապես վերաբերում է այն նշանակետերին, որոնցից են հակառակորդի մարդուժը` սպաները, դիտորդները, դիպուկահարները, գնդացրորդները, որոնք կարող են վճռական ազդեցություն ունենալ մարտական գործողությունների տարբեր ձեւերի (հարձակում-պաշտպանություն) ելքի վրա եւ ենթակա են առաջնահերթ ոչնչացման:

Վերոհիշյալ նշանակետերը ոչ միշտ են կարող հայտնաբերվել սովորական հրաձիգների կողմից: Դրա համար անհրաժեշտ են հատուկ պատրաստություն անցած մարտիկներ` դիպուկահարներ, հետախույզ-դիտորդներ. որոնք ապահովված լինելով համապատասխան դիտարկման սարքերով, կարողանում են նշանակետերի ստվար զանգվածից առանձնացել առավել կարեւորները:

 

Դիպուկահարի խնդիրները

Մարտական գործողությունների ժամանակ դիպուկահարին հիմնականում առաջադրվում են հետեւյալ խնդիրները.

հարձակողական մարտում – ոչնչացնել հակառակորդի սպաներին, կապավորներին, դիպուկահարներին, գնդացրային եւ հակատանկային համալիրների հաշվարկները, դիտորդներին, ինչպես նաեւ դիտարկել հակառակորդին, երբեմն նաեւ լուսածիր գնդակներով կատարել ուղղորդում  նշանակետերի ուղղությամբ, ինչը, սակայն, կարող է ցանկալի արդյունք տալ, բայց լուսածիր գնդակներով կրակ վարելը կարող է մատնել դիպուկահարի տեղը, պաշտպանական մարտում – ոչնչացնել թշնամու սպաներին, կապավորներին. դիպուկահարներին, նռնականետորդներին, հետախույզներին, դիտորդներին, գնդացրային հաշվարկները, հակառակորդի խփված զրահատեխնիկայի անձնակազմը, ցածր թռչող ուղղաթիռները, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերը: Բացի վերը նշվածից, դիպուկահարին կարող են տրվել սահմանափակ մարտավարական առաջադրանքներ` ապահովելու պաշտպանության շրջանները ¥տեղամասերի թեւերը եւ կցատեղերը), հակազդելու հակառակորդի հակագրոհներին եւ ԴՀ -ների ներթափանցմանը:

Դիպուկահարին օգտագործելը որպես դիտորդ թույլատրվում է միայն արտակարգ դեպքերում, քանի որ նա  վերջին հաշվով ոչնչացնող է` մարտական խնդիրը կրակով լուծող մասնագետ:

 

Դիպուկահարի նշանակետերը եւ խոցման հեռավորությունը

Հարձակման ժամանակ դիպուկահարի նշանակետերը հիմնականում գտնվում են խրամատներում եւ այլ ինժեներական կառույցներում` խնամքով քողարկված: Շարժվող նշանակետերը սովորաբար հայտնվում են կարճ ժամանակով (4-6 վայրկյան) եւ շարժվում են 2-3 մ/վրկ արագությամբ:

Հարձակման ժամանակ կրակի վարման հնարավորությունները սահմանափակ են` կախված հակառակորդի հեռավորությունից, որը հիմնականում չի գերազանցում 400 մետրը: Հակառակորդի պաշտպանության խորքում մարտի ժամանակ կամ ընթացքից հարձակվելիս, ինչպես նաեւ հակառակորդին հետապնդելիս տարածությունը կարող է մեծանալ մինչեւ 600 մ: Այդ ժամանակ մանր նշանակետերի մեծ մասի հեռավորությունը չի գերազանցի 250-300 մետրը:

Պաշտպանական մարտում նշանակետերը, որոնք անհրաժեշտ է խոցել, ավելի խոշոր են եւ հիմնականում բաց, տեսանելի:

 

Կրակային դիրքի ընտրությունը եւ սարքավորումը

Մարտական խնդրի հաջող կատարումը հիմնականում կախված է դիպուկահարի կրակային դիրքի ճիշտ ընտրությունից, կահավորման եւ քողարկման վարպետությունից: Պատերազմների փորձը ցույց է տալիս, որ կրակային դիրքի ընտրությունը պետք է ապահովի.

-հակառակորդի առաջնագծի լավ դիտարկումը,

-բնական քողարկիչ ֆոն (խոտածածկույթ, փլվածքներ եւ այլն), որը կպաշտպանի դիպուկահարի գործողություններից (եթե նման քողարկիչ տարրեր չկան, ապա նպատակահարմար է կրակային դիրքն ընտրել այնպիսի տեղանքում, որտեղ չկան հստակ  կողմնորոշիչներ, ռելիեֆը միապաղաղ է եւ ոչնչով չի գրավում հակառակորդի ուշադրությունը),

-սեփական զորքերի շարժի չդիտարկվող հնարավորություններ կամ դրանք ծածուկ սարքավորելու հնարավորություն:

Կայուն ճակատային գծի դեպքում նույն դիրքերում, երբ հակառակորդի հետ շփման հեռավորությունը անփոփոխ է, դիպուկահարը կարող է կրակային դիրքը կահավորել 1-ին գծի խրամատում: Եթե հեռավորությունը մեծ է, ապա կրակային դիրքը կարող է դուրս բերվել չեզոք գոտի` օգտագործելով տեղանքի քողարկիչ հնարավորությունները: Կրակային դիրքը կարող է կահավորվել նաեւ սեփական դիրքերում՝ թիկունքում, թփուտներում, բարձունքների վրա:

Հարձակումից առաջ կրակային դիրքերը պետք է կահավորվեն միայն ելման դիրքերում (գրոհի բնագծերում), հետագայում` հակառակորդի պաշտպանության խորքում` օգտագործելով հակառակորդի խրամատները, շենք-շինությունները, խափանման տեխնիկան:

Պաշտպանության ժամանակ դիպուկահարը պետք է կահավորի 3-4 կրակային դիրք, մեկը` հիմնական, մյուսները` պահեստային, եթե ժամանակը ներում է, կարելի է կահավորել նաեւ 1-2 կեղծ կրակային դիրք:

Փորձը ցույց է տալիս, որ հակառակորդը կարող է հայտնաբերել կրակային դիրքը մի քանի կրակոցից հետո, այդ իսկ պատճառով դիպուկահարը պետք է մի քանի  կրակոցից հետո փոխի դիրքը:

Շարունակելի

 

Ա. ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

գնդապետ

Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Ռազմական


09/11/2016