Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՂՈՉԱԶ ՍԱՐՈՒՄ



1

ՎԵՐՋԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՂՈՉԱԶ ՍԱՐՈՒՄ-Վաղը դժվար օր է լինելու,- ասաց Աշոտ Արամիչն ու դիմեց Ոպանյանին,- Միշա Մուրադյանից «Ուրալը» կվերցնես, այս ցուցակով տղաների հետ կբարձրանաք Ղոչազ` մասունքները տեղափոխելու:

-Լսում եմ, պարոն գնդապետ,- արձագանքեց Ոպանյանը։

-Մուրադյան, Ոպանյանին տուր եւս հինգ անձրեւանոց:

-Իսկ դու,- դիմելով Մուրադյանին՝ ավելացրեց,- քո տղաներով՝ Համոյի հետ, փոքր բեռնատարով արկերի տեղափոխման հարցերով կզբաղվես։ Լաչինի պահեստապետի հետ պայմանավորվեք… Ամեն կերպ պահպանեք անվտանգության բոլոր կանոնները։ Կատարե՛ք հրամանը,- ասաց Արամիչն եւ դուրս եկավ շտաբից:

Աստղերն ու լուսինը պայծառ լույսով ողողել էին երկիրը։ Հեռու հեռվից լսվող հատուկենտ կրակոցները հիշեցնում էին, որ կռիվը դեռ շարունակվում է, մենք պատվի ու արժանապատվության, արդար ու ազատագրական պատերազմ էինք մղում, իսկ մեր հակառակորդը իր բարբարոս բնույթին հարիր՝ զավթողական: Մի կողմից մեծ տերությունների ոտքերն ընկած խաղաղություն էր աղերսում, մյուս կողմից՝ սադրիչ գործողություններով շարունակում է հոխորտալ ու պատերազմի օջախը թեժ պահել: Դիվանագիտությո՞ւն էր խաղում սրիկան:

Հայ զինվորներն իրենց վստահված անառիկ սահմանները առանձին նվիրումով էին պահպանում: Սահմաններ, որ դեռեւս իրավունքի եւ բարոյականության իրենց նորմերի մեջ էին մտնում` հայ զինվորի խիզախումի շնորհիվ:

Լույսը բացվելուն պես յուրաքանչյուրն անցավ իր գործին:

Նախաճաշից հետո Մուրադյանը, իր հետ վերցնելով մի քանի տղաների, անցավ գործի՝ արկերը բարձելուն։

-Համո՛, անցանք մեր գործին,- ասաց Մուրադյանը։

-Պատրաստ եմ,- պատասխանեց Համոն եւ մեքենան մոտեցրեց արկերի պահեստին։ Խնամքով ու շատ զգույշ բարձեցին ավտոմեքենան ու հանգիստ ընթացքով շարժվեցին սարն ի վար՝ դեպի Լաչին։

 

2

«Ասես ամբողջ կյանքում այս տեղերում եմ եղել ու շարունակում եմ նույն գործը»,- մտածում էր Մուրադյանը՝ թիկունքի ձախ մասով թեթեւ հենվելով ավտոմեքենայի նստատեղի բազրեփոկին, որը հիշեցնում էր առաջին անգամ այս ճանապարհով բարձրանալիս «Ուրալ» ավտոմեքենայի շուռ գալն ու… Թիկունքի ձախ մասի ծակոցը երբեմն-երբեմն հիշեցնում էր այդ դեպքը… Հիշելու եւ զարմանալու շատ բան ուներ Մուրադյանը։

Վթարի ենթարկվելու հաջորդ օրը, երբ նույն տղաներով պիտանի եւ անպետք սնունդն էին ի մի բերում, հակառակորդի հրետանուց արձակած արկը ահարկու սուլոցով անցնելով նրանց գլխավերեւով՝ մոտ երկու-երեք մետր հեռավորությամբ մխրճվեց անտառաեզրի փափուկ հողաթմբի մեջ ու… զարմանալիորեն չպայթեց: Դա հազվադեպ դեպքերից էր: Տղերքի համար արդեն սովորական էր դարձել հակառակորդի հրազենից արձակած գնդակների սվվոցը:

-Քնեցի՞ք, պարոն Մուրադյան,- ասաց Համոն՝ ցույց տալով դեպի Լաչին ձգվող ճանապարհը։

-Չէ՛, ի՞նչ քնել։

-Ուրեմն՝ երեխաներին եք կարոտել։

-Նման մի բան,- ասաց Մուրադյանն ու ծանր հոգոց հանեց։

-Չէ՛, Մուրադյան ջան, այսօր հաստատ երեխաների հետ պետք է խոսես։

-էստեղից միայն մեր պապերի հետ կարող ենք խոսել:

-Չէ՛, Մուրադյան ջան, ոնց որ էսօր պիտի կկուն կանչի:

-Իսկ ինչպե՞ս, Հմայակ ջան։

-Գեներալի մոտից։

-Ամոթ է:

-ՉԷ՛, Մուրադյան ջան, հրաշալի մարդ է մեր Դալիբալթայանը:

-Անկեղծ ասած՝ շատ կուզեի տեսնել նրան:

-Մի՛ մտածիր, կծանոթանաք, եւ նա ինքը քեզ կառաջարկի տուն զանգահարել:

«Գազ 66» ավտոմեքենայի բեռը պահեստում դատարկելուց եւ պահեստապետի հետ համապատասխան փաստաթղթերը կազմելուց հետո Մուրադյանն ու Համոն տղաների հետ շտապեցին շտաբ՝ Դալիբալթայանի մոտ։

 

3

Դալիբալթայանը իսկապես անջնջելի տպավորություն թողեց Մուրադյանի վրա։ Գեներալը, գաղտնի քարտեզի առաջ մտքերի մեջ խորասուզված, կարծես ո՛չ լսեց Մուրադյանի ողջույնը, ո՛չ էլ նկատեց նրա մտնելը, թեեւ կապավոր զինվորը զեկուցել էր եւ տուն զանգահարելու թույլտվություն ստացել։

Ճերմակահեր-ծերունազարդ մարդը երբ լսեց կնոջ հետ հեռախոսով խոսող կապիտանի զրույցը, մի պահ հայացքը կտրեց բարձրացրեց քարտեզից.

-Մի՛ սպասիր, կգամ, էլի, գործուղումս ավարտվել է, ուզում եմ մի քիչ հանգստանալ Գորիսում՝ ընկերոջս տանը։

Կնոջ այն հարցին, թե՝ ե՞րբ կլինի հաջորդ զանգը, նույն հանգստությամբ Մուրադյանը շարունակեց.

-Հաջորդ զանգը Բաքվից կլինի,- մի փոքր ցածրացնելով ձայնը` իբրեւ կատակ հնչեցրեց Մուրադյանը,- դե, ասացի, մի քիչ կհանգստանամ, կգամ, էլի, մի՛ անհանգստացիր, երեխաներին լավ նայիր,- ասաց ու դրեց խոսափողը:

Դալիբալթայանը իր ձեռքի մատիտը քարտեզին գլորելով՝ ուշադիր զննեց Մուրադյանին.

-Կեցցե՛ս, տղա՛ս, երանի չէր թողնեին… Հենց որ ժամանակ ունենաս, զանգահարելու համար համեցիր,- ռուսերեն ասաց գեներալը եւ իբրեւ համաձայնության նշան՝ ձեռքը մեկնեց Մուրադյանին:

Մուրադյանը գեներալի մոտից դուրս եկավ մի այնպիսի թարմությամբ, ինչպես հարազատի հարկից դուրս կգար։ Նա շնորհակալություն հայտնեց կապավոր զինվորին եւ Համոյին հեռանալու նշան արեց։

Դեռ դուրս չէին եկել Լաչինից, երբ մի ահեղ պայթյուն որոտաց՝ ցնցելով ողջ տարածքը։ Մեքենան կանգ առավ։ Մուրադյանն ու Համոն ցած իջան։

Ղոչազ սարի նախկին դիրքի մոտակայքից բարձրացած թանձր ծուխը հաստատեց պայթյունի իսկական տեղը։

-Դարձյալ «Ուրալը»: Քշի՛ր, Համո՛ ջան, որքան կարոդ ես՝ արագ։

Ավտոմեքենայի ետեւի ձախ անիվը ամբողջությամբ իր վրա էր վերցրել ականի հզոր պայթյունը։ Տղաների մասունքները բերող կամավորների ջոկը «Ուրալ» ավտոմեքենայի թափքում էր, նրանց մեջ վիրավորներ կային, որոնց ցույց էին տվել առաջին բուժօգնություն եւ շտապ տեղափոխել Գորիսի հիվանդանոց։

Ավելի ծանր վիրավորներին՝ Երեւան:

Երբ Մուրադյանը տեղ հասավ, տղաները լեռնային ապարների նման լուռ կանգնած էին։ Բոլորի համար էլ մեծ մխիթարություն էր այն, որ զոհեր չկային։

Երեկոյան կողմ վիրավորներին ուղեկցողներից՝ բժիշկ Արմենն ու Ոպանյանը, բարի լուր բերեցին՝ վիրավորների կյանքին վտանգ չէր սպառնում։

 

ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Հոգևոր-մշակութային


09/11/2016