Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԻՎԱՆՅԱՆԻ «ՀԱՄՐ ՃԻՉԸ»



ԹՈՐՈՍ ԹՈՐՈՍՅԱՆ

 

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԻՎԱՆՅԱՆԻ «ՀԱՄՐ ՃԻՉԸ»Կարդալով Գյուլնարա Իվանյանի «Համր ճիչը» էսսե վեպը` հարց կու տաս դուն քեզի` հեքիա՞թ է այս վեպը, աֆորիզմներու հատո՞ր, երեւակայության պատկերալի արդյո՞ւնք, թե՞ փիլիսոփայական խոհերու փունջ:

Այդ բոլորը ներկայություն են այս խոհագրություն-էսսեին, բայց միաժամանակ ապրած կյանք, ա՛յս Հայաստանի վրա ապրած կյանք:

Ապրած կյանք` առանց վարանելու չէ այս հատորին յուրաքանչյուր էջը:

Մենախոսություն է այս վեպ-էսսեն կամ մենաբեմադրություն:

Այս վեպին մեջ հայտնված խոհերը, վերհուշումները, եզրակացությունները շատ շատերի ներաշխարհին մտորումներուն մեկ հոգիին մեջ կենտրոնացումն է, այնքան պատկերավոր եւ մերթ դժվար լուծելի:

Առանց մանրամասնելու Գյուլնարան կգրե. «Աղանդավորներով կործանում են աշխարհը»: «Հոգու երաշտի» մասին եւս կխոսի հեղինակը: Ու տակավին շարունակելով իր միտքը՝ կըսե. «Սերը թաց պահեք թաշկինակի պես` լվացեք մաքո՜ւր-մաքո՜ւր անբիծ, պահեք խղճի պես»:

Այս բոլորով, հայրենասիրությունը ճառերու կույտ մը չէ  Գյուլնարայի շուրթերի վրա, այլ զեփյուռի պաղպաջուն զովությունը պատճառող ի սրտե  հոգեպարար խոսք:

Նմանապես,- «Դու հայ ես եւ հայի հոգով ես արտասվում, բայց աշխարհին պետք է վճարես ամենաթանկը, որ զգաս մայր հողիդ զորությունը եւ այդժամ կգիտակցես քո հայ լինելու վայելքը»:

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԻՎԱՆՅԱՆԻ «ՀԱՄՐ ՃԻՉԸ»«Ի վերջո, ի՞նչ արյուն է հայի արյունը… ոսկեփայլ կարծրությամբ,- հոգիդ այլեւս անդամալույծ չէ… դու այլեւս հայ ես»:

Փիլիսոփայական խոհեր, ինքնասույզ վերլուծումներ ու հանկարծ` հայկականություն: Ինքնաբուխ է, վսեմ… Քանի որ «կյանքը հրաշալի է, երբ հայրենիքը հայելու դիմաց կանգնած ինքն իրեն ողջունում է բաց ճակատ»:

«Իսկ երբ հարցը վերաբերի սիրուն,- «Միայն սերն է այրող, տանջող ցավեցնող հետքեր թողնում, բայց չի փշրում. Սիրո հետքերը արցունքների պուրակներում շրջող այն շրջմոլիկներն են, որոնք իրենց մեղքերի թողած հետքերից անհանգիստ են»:

Ինքնաքննության մի մատյան է, սիրո մի մատյան է այս գիրքը: Մեկ հոգու մեջ բազմություններ ընդգրկող:

Բեյրութ

Խորագիր՝ #44 (1164) 09.11.2016 - 15.11.2016, Հոգևոր-մշակութային


09/11/2016