ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 7-ից 11-ը զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ:
Հավաքների նպատակը մասնակիցների գործնական հմտությունները և մասնագիտական գիտելիքները կատարելագործելն էր, խնդիրների կատարման ընթացքում միանման մոտեցումներ ձևավորելն ու ներդաշնակում ապահովելը: Հընթացս ստուգվեց նաև հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածության աստիճանը:
Հավաքների ընթացքում անցկացվեցին տարաբնույթ պարապմունքներ, որոնց գերակշիռ մասը գործնական էր: Ցուցադրական վարժանքների ընթացքում ծավալվեցին աշխույժ քննարկումներ տարբեր իրավիճակներում խնդիրների կատարման առավել արդյունավետ և ճիշտ մոտեցումներ մշակելու նպատակով:
Հրամանատարական հավաքների ղեկավարն էր զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը: Մասնագիտական պարապմունքներն անցկացրին զորամիավորման հրամանատարի տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը:
Ամփոփելով միջոցառումը՝ գեներալ մայոր Կ. Աբրահամյանը նշեց, որ իրենց առջև դրված հիմնական նպատակներն իրագործվել են: Ուսուցանվողներն ստացել են գործնական գիտելիքներ ու փորձ առօրյա ծառայության ընթացքում կիրառելու համար: Միևնույն ժամանակ, նա խնդիր դրեց ստացած փորձը կիրառել զորամասերում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ստորաբաժանման առանձնահատկությունները:
5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում