ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շարքում նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Կարևորելով լրատվամիջոցների հետ նման ձևաչափով հանդիպումները՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում ամբողջական տեղեկատվություն փոխանցելու հասարակությանը թե՛ քննարկվող նախաձեռնության և թե՛ զինված ուժերին վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանական համակարգում «Ազգ–բանակ» գաղափարախոսությունը կյանքի կոչելու դրույթներն ու առավելագույն արդյունքի հասնելու ռազմավարության հիմնական ուղղությունները, անդրադարձել է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրին: Պատասխանելով ԶԼՄ–ների ներկայացուցիչների հարցերին` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև զինված ուժերում իրականացվող աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները՝ ընդգծելով, որ «Ազգ–բանակ» գաղափարախոսությունը բնավ չի տանում հասարակության կամ պետության ռազմականացմանը, ավելին` «Ազգ–բանակը» այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ միայն բանակի ներուժի լիարժեք օգտագործմամբ` տնտեսության, սոցիալական, հասարակական, կրթական, գիտական և այլ ասպարեզների ներդաշնակ փոխգործակցությամբ են պայմանավորված նաև զինված ուժերի մարտունակությունը և պետության անվտանգության ապահովումը: