Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

12 ՀԱՐՑ, ՈՐ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՏԱԼ



12 ՀԱՐՑ, ՈՐ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՏԱԼԱնհերքելի է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով բռնակալ է դառնում:
Պենտագոնի նախկին պաշտոնյա և Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը ջախջախիչ նյութ է հրապարակել Էրդողանի մասին՝ հարցաշարի միջոցով բնութագրելով նրա սկանդալային կերպարը…

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

1. Ինչպե՞ս է Էրդողանը դարձել միլիարդատեր:
Էրդողանը մեծացել է աղքատ ընտանիքում՝ մինչ Ստամբուլի քաղաքապետ դառնալը, երբ բախվեց 13 կոռուպցիոն հետաքննությունների: 2004 թվականին, երբ նա Թուրքիայի վարչապետն էր, Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Վաշինգտոն ուղարկած հեռագրում գրում էր, որ «նա առնվազն ութ բանկային հաշիվ ունի Շվեյցարիայում»: Էրդողանն օգտագործեց իր ազդեցությունը եւ հարկադրեց չեղյալ հայտարարել բոլոր դատական գործերը՝ ձերբակալելով այն դատախազներին ու դատավորներին, որոնք ձգտում էին հետամուտ լինել դրան»:
2. Որտե՞ղ է Էրդողանի համալսարանական դիպլոմը:
Էրդողանը պնդում է, որ 1981 թ. ավարտել է Ստամբուլի Մարմարայի համալսարանը: Հնարավոր է, որ նրա դիպլոմը կեղծված է: «Քառամյա բարձրագույն կրթությունը պարտադիր նախապայման է նախագահ լինելու համար: Եթե Էրդողանը ստում է՝ արդյոք նա կարո՞ղ է մնալ որպես նախագահ»:
3. Կա՞ մեկ այլ պատմություն հեղաշրջման փորձի հետևում:
Էրդողանը ազատեց աշխատանքից և բանտարկեց իր հազարավոր քաղաքական հակառակորդներին՝ մեղադրելով նրանց Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները լինելու համար, ինչը թուրք նախագահն անվանեց «Աստծու պարգև»:
4. Եթե կա FETO, չկա՞ արդյոք ETO:
Էրդողանը Գյուլենի շարժումն անվանում է «Ֆեթուլլիստական ահաբեկչական կազմակերպություն» (FETO)…. Եթե թույլատրելի է խոսել FETO-ի մասին՝ որպես ահաբեկչական խմբի, հետեւաբար, մի՞թե հավասարապես ընդունելի չի լինի էրդողանիստներին որպես ահաբեկչական կազմակերպություն (ETO) համարելը:
5. Եթե Գյուլենը ահաբեկիչ է, ապա ինչո՞ւ էր Էրդողանը աշխատում նրա հետ մինչև 2013 թվականը:
Գյուլենը և Էրդողանը գրեթե միևնույն կրոնական փիլիսոփայական սկզբունքների կրողներ էին մինչև 2013 թվականի իրենց բաժանումը: Ինչո՞ւ է այժմ Գյուլենը «ահաբեկիչ» համարվում:
6. Ինչո՞ւ են հաղորդում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հարձակումների մասին, բայց ոչ ԻՊ-ի:
Երբ PKK-ն կամ քրդական ծայրահեղական խմբերն են հարձակվում, նրանց գործողությունների շուրջ Թուրքիայի իշխանությունները անմիջապես հետաքննություն են սկսում, անվանում են կասկածյալների անունները և այլն… Երբ ԻՊ-ն է հարձակվում, Թուրքիայի կառավարությունն արգելում է որեւէ հրապարակում վարող հետաքննության մասին:
7. Ինչո՞ւ է Թուրքիայի հետախուզությունը օգնում «Նուսրա ճակատին» և ԻՊ-ին:
Անհերքելի փաստեր կան, որ թե՛ «Նուսրա ճակատը»՝ «Ալ-Քաիդայի» սիրիական թևը, թե՛ ԻՊ-ը Թուրքիայի իշխանություններից ստացել են զենք, աջակցություն և սարքավորումներ: Երբ լրագրողները բացահայտեցին այս պատմությունը և լուսանկարչական ապացույցներ ներկայացրին, Էրդողանի պատասխանը եղավ լուրը հրապարակած թերթի խմբագրի ձերբակալումը: Նույն կերպ, երբ թուրք զինվորները կանգնեցրին զենքի առաքումը դեպի Սիրիա, Էրդողանը հրամայեց ձերբակալել ոչ թե մաքսանենգներին, այլ զինվորներին:
8. Արդյոք թուրք մահապարտների ջոկա՞տ էր կանգնած Փարիզի սպանությունների հետևում:
2013 թ.-ին մահապատժի ենթարկեցին երեք քուրդ ակտիվիստների Փարիզի իրենց գրասենյակում: Նրանք երեքն էլ PKK-ի անդամներ էին… ֆրանսիայում ձերբակալված Օմար Գյունեյը 32-ամյա թուրք էր, որը Ֆրանսիա էր տեղափոխվել 9 տարեկանում: Սպանությունից հետո կատարված հեռախոսազանգերի ստուգումից պարզվել էր, որ կապի մեջ է եղել Թուրքիայի հետախուզական ծառայության գործակալների հետ:
9. Ինչո՞ւ է Էրդողանը իր փեսային նշանակել նավթային տնտեսության նախարար:
Էրդողանի 37-ամյա փեսան՝ Բարաթ Ալբայրաքը, 2015 թ. նոյեմբերի 24-ին դարձել է Թուրքիայի էներգետիկայի նախարար: Մի՞թե նա էր ամենաբարձր որակավորում ունեցողը, թե՞ այլ գործոններ են դեր խաղացել:
10. Կարո՞ղ ենք խոսել Էրդողանի կապերի մասին:
Էրդողանի մտերիմ ընկերը՝ սաուդյան գործարար Յասին ալ-Քադին, ըստ ԱՄՆ գանձատան դեպարտամենտի, «մեղադրվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ մինչև 2014 թվականը ունեցած կապերի համար»: Էրդողանը համառորեն հայտարարել է. «Ես ճանաչում եմ պարոն Քադիին: Ես հավատում եմ նրան, ինչպես ինքս ինձ: Անհնարին է, որ պարոն Քադին կապված լինի որևէ ահաբեկչական կազմակերպության հետ կամ աջակցի դրանցից որևէ մեկին»: Էրդողանը մտերիմ է նաև աֆղանցի Գյուլբեդդին Հեքմաթյարի հետ, որը նույնպես «կապված է «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» հետ»: Մյուս ընկերը՝ Խալիդ Մեշալը («Համաս» խմբավորման առաջնորդ), Թուրքիա էր ժամանել որպես Էրդողանի անձնական հյուր:
11. Ի՞նչ գործարք եք կնքել Պուտինի հետ:
Էրդողանն ու Պուտինը վերջերս խաղաղություն կնքելուց հետո համաձայնության եկան գազամուղի ծրագրի շուրջ և բանակցություններ վարեցին Թուրքիայի կողմից ռուսական հրթիռային համակարգի ձեռքբերման վերաբերյալ: Եղե՞լ են արդյոք այլ գաղտնի համաձայնություններ:
12. Ինչո՞վ է պայմանավորված «Արդարություն և զարգացում» կուսակցության փակման դատարանի մերժումը:
2008 թ. Թուրքիայի սահմանադրական դատարանը շատ մոտ էր Էրդողանի իշխող կուսակցության լուծարմանը, սակայն վերջին պահին դատավորներից մեկը փոխել է իր քվեն: Պնդումներ կան, որ «մի գործարար, որը երկար ժամանակ հետապնդումների էր ենթարկվում Էրդողանի կողմից, գումար է փոխանցել այդ դատավորի հաշվեհամարին քվեարկությունից անմիջապես առաջ»:

Հ.Գ.
Նոյեմբերի 6-ին Ստամբուլում դոկտորի պատվավոր կոչում ստանալու արարողության ժամանակ Էրդողանը հպարտորեն հայտարարեց. «Ինձ չի անհանգստացնում, որ ինձ անվանում են բռնապետ. մի ականջիցս մտնում, մյուսից դուրս է գալիս»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Տարածաշրջան


17/11/2016