ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՌԱԿՏՎՈՒՄ ԵՆ
Թյուրքալեզու երկրների Համագործակցության խորհրդի VI գագաթնաժողովը անորոշ ժամանակով հետաձգվում է անդամ երկրների միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով: Միջոցառումը պետք է կայանար 2016 թվականի ավարտին Բիշքեքում, բայց Ղրղըզստանի նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հետաձգվում է «Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի հետ համաձայնեցման ենթակա ժամկետով»:
1990-ականների սկզբին թյուրքալեզու երկրների միության ստեղծման նախաձեռնողը Թուրքիան էր, որն այդ կազմակերպության միջոցով ցանկանում էր միավորել նախկին խորհրդային թյուրքալեզու հանրապետություններին: Անկարան պանթուրքիստական այդ գաղափարի հիմնական ֆինանսավորողն էր: Կառույցի միջոցով այդ երկրները պետք է հեռացվեին Մոսկվայի ազդեցության տիրույթից: Ստեղծվող աշխարհաքաղաքական գոտին ներառում էր Միջերկրական ծովից Միջին Ասիա ընկած տարածքները և դրանով լրջագույն մարտահրավեր դառնում ոչ միայն հետխորհրդային Ռուսաստանի, այլ նաև Չինաստանի և Իրանի համար: Միության գաղափարը մեծ ոգևորությամբ ընդունվեց, սակայն կառույցը հետզհետե բախվեց աշխարհաքաղաքական լրջագույն խնդիրների. միության ներսում ուժեղացավ Ղազախստանի և նվազեց հենց Թուրքիայի ազդեցությունը: Քսան տարիների ընթացքում ինքնամեկուսացվեցին Ուզբեկստանն ու Թուրքմենստանը, իսկ Ղազախստանն ու Ղրղըզստանը միացան Եվրասիական տնտեսական միությանը: Այդ երկու երկրների եվրասիական ինտեգրման ճանապարհը հակասում է Թուրքիայի պանթուրքիստական հայեցակարգին: Եվրասիական ինտեգրման գործընթացի տիրույթում Աստանան ստանում է Մոսկվայի անսահմանափակ աջակցությունը, ինչը հնարավորություն է տալիս դառնալու Անկարայի լիարժեք մրցակիցը:
Անկարան դեռ փորձում է ներազդել թյուրքալեզու երկրների վրա, սակայն Թուրքիան տնտեսական թուլացման և քաղաքական լուրջ վայրիվերումների պատճառով կորցնում է իր «հրապուրանքը» որպես աշխարհիկ, ժողովրդավարական և Եվրամիությանն անդամակցելու հավակնություն ունեցող երկիր: Էրդողանը բացահայտ հրաժարվել է երկրի զարգացման քեմալական ուղուց, ինչը կարող է փակել նրա մուտքը Եվրամիություն: Դրան զուգահեռ էապես ուժեղանում է եվրաինտեգրման գործընթացի ջատագով Ղազախստանի ազդեցությունը: Նուրսուլթան Նազարբաևն արդեն համարվում է թուրքական աշխարհի ոչ պաշտոնական առաջնորդը, արտահայտում է թուրքական երկրների հավաքական շահերը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և այլ կառույցներում: 2015 թվականի նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո հենց նախագահ Նազարբաևի ջանքերով հնարավոր դարձավ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը:
Ակնառու է նաև թյուրքալեզու պետությունների՝ ինքնուրույն քաղաքականություն վարելու և հաճախ Թուրքիային ընդդիմանալու ձգտումը: Օրինակ՝ Ղազախստանը չհետևեց թուրք նախագահի հորդորներին և չհետապնդեց Թուրքիայում հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցներին, իսկ Ղրղըզստանի նախագահ Աթամբաևը սաստեց թուրքերին` «Մեզ վախեցնել կամ սովորեցնել պետք չէ»: Պարզ է, որ այսպիսի հայտարարություն չէր լինի, եթե չլիներ մեծ եղբոր՝ Ղազախստանի սատարումը, մանավանդ, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերություններն արդեն կարգավորվել էին:
Փաստացի՝ թուրքական աշխարհում արդեն առկա է պառակտում: Թուրքիայի վրա «մատ են թափ տալիս» պետություններ, որոնք նախկինում ֆինանսապես գոյատևում էին հենց նրա հաշվին: Թուրք-ղրղըզական հարաբերությունների սառեցումը Միջին Ասիայում Թուրքիայի ազդեցության անկման բացահայտ դրսևորումն է:
Այս պարագայում երկիմաստ դրության մեջ է հայտնվում Ադրբեջանը: Մի կողմից Բաքուն չի կարող դուրս գալ Անկարայի ազդեցությունից, մյուս կողմից Ռուսաստանի և հետխորհրդային մյուս երկրների հետ կապերն ստիպում են առաջնորդվել եվրասիական ինտեգրման ճանապարհով: ԵԱՏՄ լիարժեք անդամ դառնալուն խանգարում է Ղարաբաղյան հիմնահարցը, և Ադրբեջանը փորձում է բոլոր լծակներն օգտագործել Ղազախստանի միջոցով այդ կառույցում իր ազդեցությունը ընդլայնելու համար: Թյուրքական աշխարհում առաջատար դարձած Ղազախստանն էլ բնավ դեմ չէ պաշտպանելու ազգակից պետության շահերը և դրանով իսկ նվազեցնելու Անկարայի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում:
Բ. Մ.
Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Տարածաշրջան