Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ՄԱՐՏՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարում

 

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ՄԱՐՏՈՒՄԻ՞նչ պետք է անի դիպուկահարը, որ չհայտնաբերվի

 

Հակառակորդի կողմից չհայտնաբերվելու համար դիպուկահարը պետք է իրեն ապահովագրի հետևյալ գործոններով, որոնք կնպաստեն խնդիրների կատարմանը:

Պաշտպանվածություն – Դիպուկահարը պետք է նախատեսի կրակային ներգործության հնարավրությունն իր նկատմամբ և դիրքը ընտրի այն հաշվարկով, որ ապահովի պաշտպանվածություն և՛ ճակատից, և՛ թևերից ¥խրամաբջիջ, հողաթումբ, քարե պատ և այլն):

Պատրաստվածություն – Վերջինիս տակ նկատի է առնվում այն, որ կրակային դիրքը պետք է պատսպարված լինի ստվերով և ապահովի հետին պլանի խավարեցման հնարավորություն: Այս դեպքում իդեալական դիրքն այն է, երբ այն գտնվում է ստվերում ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստով, իսկ նշանակետը լուսավորված է: Գործնականում, եթե դիպուկահարը կրակում է շինության խորքից դեպի  բաց լուսամուտը, ապա այդ դեպքում մթնեցնում է իր ետևի պատը ներկով կամ քողարկման ցանցով` բացառելով իր ստվերի խաղը այդ պատի վրա: Եթե դիպուկահարը աշխատում է բաց տեղանքում, ապա այդ դեպքում արևը պետք է գտնվի նրա թիկունքում, եթե տեղանքը խիստ կտրտված է, ապա դիրքի ռելիեֆը նրա ետևում պետք է լինի ավելի բարձր, քան կրակային դիրքերը:

Դիտարկման հարմարավետություն – Կրակային դիրքը պետք է ապահովի ինչպես օբյեկտի, այնպես էլ նրա մոտեցման ուղիների տեսանելիությունը, բացի դրանից, դիպուկահարի և նշանակետի միջև որքան հնարավոր է պետք է քիչ լինեն մեռյալ գոտիները:

Հեռանալու ուղիները – Դիպուկահարը խնդիրը կատարելուց հետո կամ հայտնաբերվելու դեպքում պետք է հնարավորություն ունենա արագ և աննկատ թողնելու կրակային դիրքը ¥այդ խնդրի կատարումն ավելի հեշտ  ապահովում են շենքերի ձեղնահարկերը, տների լուսամուտները, նկուղները, ցախանոցները, օժանդակ շինությունները և արդյունաբերական կառույցները):

 

Դիպուկահարի խոցելիությունը

 

Շատ դժվար է գտնել այնպիսի դիրք, որը կատարելապես կբավարարի վերը նշված պահանջները: Հետևաբար, պետք է կազմակերպել հետախուզություն, որը կարող է ունենալ ապաքողարկող տարրեր: Բացի այդ, դիպուկահարին հայտնաբերելուն  նպաստում են այն գործոնները, որոնք կարող են նրան ստիպել սխալվելու` սպասման ժամանակ դիպուկահարը կրում է հոգեբանական և ֆիզիկական փորձություններ, որոնցից էլ առաջանում է հոգնածություն ¥ազդում են ցուրտը, խոնավությունը, միջանցիկ քամիները, քաղցը, ծարավը, վախը, առկա են նաև տեխնիկական մի շարք այլ գործոններ` քամին, նշանակետի շարժման արագությունը և այլն), կողմնակի խնդիրներ, որոնք և խոցելի են դարձնում դիպուկահարին:

 

Դիպուկահարի գործունեությունը խմբի կազմում

 

Ժամանակակից դիպուկահարը, որպես կանոն, գործում է ոչ միայնակ, այլ խմբի կազմում: Խմբի անդամներն էլ միատեսակ պատրաստություն ունեն և դիրք դուրս գալուց հետո կարող են միմյանց փոխարինել: Սովորաբար նրանցից մեկին նշանակում են խմբի ղեկավար, մյուսին` դիտորդ:

Դիտորդի դերը պակաս կարևոր չէ, քանի որ մինչև նշանակետ տարածության, ուղղորդումների սահմանումը, քամու ուղղության և արագության հատուկ որոշումը պահանջում է մեծ գործնական փորձ:

Դիտորդը  լուծում է հետևյալ խնդիրները`

*  տեղափոխում և աշխատանքի է նախապատրաստում սարքավորումները ¥գիշերային դիտարկման սարքը, հեռաչափը և այլն),

*  սահմանում երթուղին և առաջխաղացման տեմպը,

*  կրում է հրաձգային զենք դիպուկահարին և կրակային դիրքը պաշտպանելու համար,

*  շարժվում է դիպուկահարի հետքով, քողարկում և վերացնում է հետքերը,

*  մասնակցում է կրակային դիրքի կառուցմանը և քողարկմանը, գնահատում է քամու ուղղությունը և ուժգնությունը,

*  պատրաստում է դիրքի հրաձգության քարտը,

*  դիտարկում է կրակի սեկտորը,

*  հայտնաբերում և ցուցադրում է նշանակետը,

*  որոշում է նշանակետերի խոցման առաջնահերթությունը,

*  գնահատում է կրակոցի արդյունքը,

*  վարում է գործողության ընթացիկ փաստաթղթերը,

*  ապահովում է ռադիոկապ հրամանատարության կամ դիպուկահարների այլ խմբերի հետ,

*  օգտագործում է դիվերսիոն հարմարանքներ ¥հակահետևակային ականներ, ծխագլանակներ և այլն),

*  մաքրում է դիրքերում գտնվելու բոլոր հետքերը:

Այսպիսով, դիպուկահարը ոչ միայն լավ պատրաստված հրաձիգ է, այլ նաև փորձառու դիտորդ, որը տիրապետում է դիպուկահարի մարտավարության գաղտնիքներին և նրբություններին, որոնք էլ պետք է դառնան դիպուկահարների մարտական պատրաստության ծրագրի անկյունաքարը:

 

Ա. ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

գնդապետ

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Ռազմական


17/11/2016