ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ
Արցախի հերոս, «Ոսկե աստղ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանը 2016թ. նոյեմբերի 16-ին կդառնար 20 տարեկան:
Իմացյալ մահը սրբագործվել է
Մեր Ավարայրի սրբազան դաշտում,
Դաժան դարերում հայը թրծվել է,
Նա պարտության հետ երբեք չի հաշտվում:
Ո՛վ, Արցախ աշխարհ, դու՝ ոգու ամրոց,
Մայր Հայաստանի զավակն ես արծիվ,
Հայոց քաջերի դու հին դարբնոց,
Այստեղ հյուսվել են սխրանքներ անթիվ:
Հե՜յ, ցավի ապրիլ, քեզ չենք մոռացել,
Եղեռնից մի դար ճամփա ենք անցել
Եվ նոր սերունդ ունենք ազատության,
Բյուր Աբաջյաններ՝ քաջսիրտ, ոսկեհունդ:
Նայեցեք նրա հուրհեր վարսերին,
Հապա նայեցեք արեւ աչքերին,
Ասես Վահագն է, դյուցազուն մի նոր,
Սեգ նախնյաց ոգով զինված եւ հզոր:
Իր աստղաժամը հնչեց Արցախում,
Թշնամին նորից մեր դուռն էր բախում,
Թշնամին եկավ մորեխի նման,
Նրա դեմ ելան քաջեր հուրհրան:
Կատաղի մարտեր… մեկ էլ՝ զանգ դիրքից.
– Պարոն գնդապետ, տղերքն ընկան.
Մեր Ուրֆանյանը` անահ- աննահանջ,
Քյարամը՝ կրակ, Անդրանիկը՝ քաջ…
Մեր դիրքում դաժան պայքար է եղել,
Այստեղ զոհվեցին իմ եղբայրները,
Այս դիրքում նրանց արյունն է հեղվել,
Պարո՛ն գնդապետ…
-Լսում եմ, խոսի՜ր:
-Մնացել եմ ես եւ իմ նռնակը,
Դարձյալ գալիս է թուրքի ոհմակը,
Հիմա կանիծեմ ես դրանց հե՜րը,
Ով դիրքը լքի, ես… նրա մե՜րը:
-Հրամայում եմ՝ դիմացի՛ր, տղա՛ս,
Մեր զինվորներն են արդեն հասվեհաս…
Ահեղ լռություն եւ… կայծա՞կ ճայթեց,
Թե՞ մեր հերոսի նռնակը պայթեց՝
Ծնկի բերելով կյանքասպան մահին,
Իսկ ինքը բազմեց անմահաց գահին:
Հողը լաց եղավ, ցավից քրքրվեց,
Սրբազան լեռը տեսավ… խոնարհվեց,
Այսպես է ծնվել դարի նոր ասքը,
Որ հարատեւի հայկյան մեր ազգը:
Խոնարհումով՝ Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում