ԿԱՆԱՅՔ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-ից 18-ը Հայաստանում անցկացվում է «ՆԱՏՕ-ի շաբաթ» հերթական՝ 10-րդ միջոցառումը:
Նոյեմբերի 14-ին Երևանի «Դաբլթրի Հիլթոն» հյուրանոցում կայացավ «Կանայք զինված ուժերում» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունները և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Աշխատաժողովին մասնակցում էին ՊՆ, ԱԳՆ, Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Եվրամիության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գենդերային խնդիրների լուծման ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպություններ:
Աշխատաժողովը վարում էր ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2000թ. ընդունված թիվ 1325 բանաձևին առնչվող հարցեր: Այն հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն է:
Բանախոսներից ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանում 1325 բանաձևի իրագործման ուղղությամբ իրականացված ծավալուն աշխատանքները, որոնք լավ հիմք են հանդիսանում գործողությունների Ազգային ծրագրի մշակման համար: Նաև մտահոգություն հայտնեց այն փաստի առթիվ, որ հարևան երկրներից Ադրբեջանը չի միացել 1325 բանաձևի նախաձեռնությանը: ՀՀ-ն իր ստանձնած պարտավորությունները կատարում է ամբողջությամբ:
Թիվ 1325 բանաձևի կարևորագույն սկզբունքներից մեկն էլ կանանց ներգրավվածությունն է տարբեր ոլորտներում: Բանախոսները կարևորեցին ՀՀ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ձեռքբերումները: Փոխգնդապետ Ավետիսյանը ներկայացրեց «ՀՀ պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման ուղեցույցի և միջոցառումների ծրագրի» (հաստատվել է 16.02.2016թ.) շուրջ կատարվող աշխատանքները: Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերում կանանց ներգրավվածությունը այժմ մոտ 12 տոկոս է կազմում: Նրանք հիմնականում ընդգրկված են վարչական, բժշկական, թիկունքային ոլորտների պաշտոններում: «Մենք չունենք բանակը «ֆեմինիզացնելու» խնդիր: Մեր նպատակը մարդու իրավունքների տեսանկյունից կանանց ներգրավվածությունն ապահովելն է»,- նշեց բանախոսը:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանի համոզմամբ՝ կանանց դերը զինված ուժերում շատ մեծ է: «Մենք ունենք ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շատ աղջիկներ: Կանանց ավելի մեծ ներգրավվածության հարցում կարևոր է սոցիալական երաշխիքների տրամադրումն ու բարենպաստ պայմանների ապահովումը: Դրան զուգընթաց, կանանց հոսքը զինված ուժեր համապատասխանաբար կմեծանա: Իհարկե, մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս բավական աշխատանք ունենք իրականացնելու թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ հասարակության շրջանում կարծրատիպային մտածելակերպը փոխելու համար»:
Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյունի կարծիքով՝ կանանց դերը չափազանց կարևոր է մասնավորապես խաղաղության ձեռքբերման ու պահպանման հարցում: «Այս փաստը երկար տարիներ անտեսվել է, սակայն եկել է ժամանակը հասկանալու, որ աշխարհում չկան այնպիսի զինված ուժեր, որտեղ հնարավոր է անտեսել կանանց դերը»:
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ռազմական կրթության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը փաստեց, որ ներկայումս ռազմաուսումնական հաստատություններում ուսանում է ավելի քան 30 աղջիկ կուրսանտ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նրանց հնարավորություն է ընձեռված ուսանելու առկա բոլոր մասնագիտություններով:
***
Աշխատաժողովի շրջանակներում կայացավ նաև «Կանայք և բանակը. հիմնախնդիրներ, մարտահրավերներ և հնարավորություններ» գրքի շնորհանդեսը, որը հեղինակել են ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը: Այս գիրքը հայ իրականության մեջ առաջին համալիր փորձն է՝ ուսումնասիրելու և բացահայտելու աշխարհի և Հայաստանի զինված ուժերում կանանց ներգրավվածության և պետության պաշտպանության գործում նրանց մասնակցության հետ կապված արդի հիմնախնդիրներն ու հնարավորությունները:
Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Բանակ և հասարակություն