ԵՐԿՐԻ ՈՒԺԸ
Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսից տպավորված՝ 8-ամյա որդիս` Ստեփանը, որ ուշադիր հետեւում էր զորահանդեսի ողջ ընթացքին, հանկարծ հարցրեց. «Պա՛պ, ադրբեջանցիները էլ չեն համարձակվի հարձակվել, չէ՞»: Դեռ հարցի պատասխանը չստացած` տվեց երկրորդ հարցը. « Թուրքերն էլ կվախենան ու Մասիս սարը ետ կտան, չէ՞»:
-Իհարկե, տղա՛ս, ադրբեջանցիները այլեւս չեն համարձակվի հարձակվել, իսկ թուրքերն էլ, վաղ թե ուշ, մեր հողերը հետ կտան…
– Չէ՛, ուզում եմ, որ Մասիս սարը մեզ տան:
– Ետ կվերցնենք, տղա՛ս, մի օր անպայման ետ կվերցնենք:
– Ինչ լավ կլինի, կբարձրանամ Մասիսի գագաթը: Իսկ այդ օրը ե՞րբ է գալու:
– Երբ մեր բանակը աշխարհում ամենաուժեղն ու հզորը լինի:
Տունդարձի ճանապարհին մտորումների մեջ ընկա: Իսկապես, ինչ լավ կլիներ` որդուս ցանկությունը իրականություն դառնար: Անշուշտ, Անկախության զորահանդեսից հետո շատերը հասկացան (անգամ հոռետեսները խոստովանեցին), որ թշնամին հազիվ թե համարձակվի ռազմական գործողություններ սանձազերծել մեր սահմանին, քանզի սեպտեմբերի 21-ին նա տեսավ մեր երկրի ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԸ: Վախկոտի նման կկրակի քարի ու թփի տակից, բայց չի համարձակվի հարձակվել:
Մասիս սարի տալ-չտալու շուրջ շատ մտածեցի եւ որպեսզի որդուս առաջ ամոթով չմնամ, ասացի` «վաղը» կարող է մի քիչ ուշանալ…
Հաղթանակները ձեռք են բերվում ու պահպանվում, երբ ազգ ու բանակ մի բռունցք են դառնում, երբ բանակը ազգի հետ կազմում է մի ամբողջություն: Հենց այդ ժամանակ էլ Մասիսները` Մեծ ու Պստիկ, մերը կլինեն:
… Որդիս ինձ այլեւս չէր լսում: Նրա ուշքն ու միտքը զորահանդեսն էր, հռնդյունով անցնող զրահատեխնիկան, թռչող անօդաչու սարքերը…
– Ափսոս, հեռադիտակս չբերեցի, զինվորներին ավելի մոտիկից կտեսնեի: Մյուս անգամ էլ ինձ կտանես, չէ՞, զորահանդես:
– Անպայման:
– Պա՛պ, ինձ տար ըմբշամարտի, որ ես էլ ուժեղ զինվոր դառնամ:
– Այդ ժամանակ էլ, որդիս, Մասիսները հաստատ մերը կլինեն` թե՛ Մեծ, թե՛ Պստիկ: Տա Աստված, առողջ մեծանաս, ուժեղ զինվոր դառնաս, ինքդ հաղթական զորահանդեսի մասնակցես: Իսկ այդ օրը կգա` վաղ թե ուշ:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն