ՀՀ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյան և ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը նոյեմբերի 22-ին այցելեցին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հանդիպման ընթացքում Չինաստանի ռազմական կցորդին փոխանցեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը:
Երկու հաստատությունների միջև համագործակցության հիմքը դրվել է գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի՝ Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ 2014թ. կատարած այցի ընթացքում: Համագործակցության հուշագիրն ստորագրվել է ՊԱՀՀ-ի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի՝ 2016 թ. Չինաստան կատարած այցի ժամանակ:
Կողմերը կարևորեցին Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների սերտացմանը:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում