ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՎԱՇՏԵՐԻ ՈՒ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ` ԱՀՏԱ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ
Զինված ուժերի բարեփոխումների ընթացքում բոլորից շատ տուժել էր «խորհրդային գաղափարախոսության մնացուկ» համարվող այս ինստիտուտը, որի կազմը նվազել էր ավելի քան հինգ անգամ: Վաշտերում ու գումարտակներում այս հաստիքը վերացվել էր, իսկ չկրճատված տեղակալներն էլ սպայականից փոխադրվել էին քաղաքացիական ծառայության հաստիքների և հրամանատարի տեղակալից վերածվել «օգնականի»: Այժմ վերստին վերականգնվում է ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալի հաստիքը, որի համար նախատեսված սպայական կոչումը նույնպես կբարձրանա:
Ընդունված որոշումների չեղյալ հայտարարման հիմնական պատճառը վերջին տարիներին ՌԴ զինված ուժերում հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողների կողմից կատարվող և բռնության կիրառմամբ ուղեկցվող հանցագործությունների աճն է, որն արդեն կազմում է բոլոր զինվորական հանցագործությունների գրեթե կեսը և միայն 2011 թվականի առաջին հինգ ամիսներին աճել է մեկ քառորդով:
Հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների ինստիտուտի վերականգնումը դժվարին ընթացք կունենա: Զորացրվածների գերակշիռ մասն այլևս չի վերադառնա ծառայության, իսկ նորերին գտնելը հեշտ չի լինի: ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական բուհերի այս մասնագիտացմամբ վերջին հոսքի շրջանավարտներին, շնորհելով սկզբնական սպայական կոչումներ, «նոր մոտեցումների շրջանակներում» իսկույն… զորացրել էին: