ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ
Մանկավարժական համալսարանի դահլիճում կայացավ պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանի «Արյան կանչով» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1989-1994 թթ. Արցախյան ազատագրական պատերազմին մասնակցած բուհի շրջանավարտների, դասախոսների, աշխատակիցների և ուսանողների մասին: Մինչ միջոցառումն սկսելը ներկաները ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում տեղադրված խաչքարի մոտ, հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին:
Այնուհետև դահլիճում հնչեցին գրքի 49 հերոսների անունները, և նրանց հարազատները, իրենք՝ հերոսները, հեղինակի մակագրությամբ մեկական գիրք ստացան: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նշեց, որ «Արյան կանչով» գրքում արժևորվել է հայրենիքն ու նրա համար մարտնչած հայը: Սեփական հողը չզիջել թշնամուն, լինել միասնական, պահել սերունդների հերոսական պատգամները և հպարտանալ ազգի արժանապատվությամբ՝ սա է գրքի հրամայականը:
Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը, իր շնորհավորական խոսքում նշեց. «Արցախյան պատերազմը հայ ժողովրդի մեծ երազանքի մի մասն է միայն: Այդ կռվում հաղթեցինք մեր արյան կանչով»:
Հուզիչ էր 12-րդ դասարանի աշակերտուհի Նանե Պետրոսյանցի խոսքը. «Գրքի քառասունինը հերոսներից յուրաքանչյուրի կենսագրությունն արդեն իսկ մի նոր գրքի թեմա է: 49-ից 17-ը իրենց կյանքը նվիրել են ինձ, ինձ նման հայ երեխաներին, որ նրանց դեմքին միշտ ժպիտ լինի: Հավերժ փառք նրանց և մյուս հերոսներին, որ իրենց կյանքով ապահովեցին հայոց պետականության հաղթանակը, կերտեցին Հայաստանի այսօրը…
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Հոգևոր-մշակութային