ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
Անկախությունից հետո մեր տոնացույցում պատմական մեծ իրադարձություններ հիշատակող բազում ամսաթվեր ավելացան, որոնք, այսպես թե այնպես, առնչվում են անկախությանն ու նրա պարգևած սրբազան արժեքների միակ պաշտպանին ու երաշխավորին` հայոց բանակին: Մեր անկախությունը կերտվեց երկրին պատուհասած ահավոր երկրաշարժի, ծանր ու դժվարին շրջափակման և պարտադրված դաժան պատերազմի տարիներին: Մենք ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ընկալեցինք ոչ որպես իրադարձություն, այլ բացարձակ ձեռքբերում` ծանր զրկանքների ու մեծ զոհողությունների գնով: Անկախության ամենամեծ ու ամենասրբազան պարգևը մեր ժողովրդի արյուն-քրտինքով ստեղծած, նրա ծոցից դուրս եկած բանակը եղավ:
Անկախության ամենամեծ հաղթանակը բանակն է:
Մենք իրավունք ունենք ու պետք է հպարտանանք մեր բանակով ու նրա կերտած հաղթանակներով: Հպարտանանք միշտ, ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան: Մենք պետք է պարծենանք մեր բանակով, նրա զինվորով ու հրամանատարով:
Բանակն անկախության բարձրակետը եղավ, որի ուժով ազատագրվեց Արցախը, որի շնորհիվ Արցախը փրկվեց հայաթափումից:
Բանակը մեզ` հայերիս հպարտ ապրելու իրավունք ու հնարավորություն տվեց, մեզ մեր ճակատագրի տերը դարձրեց:
Հայկական բանակն այսօր հզոր ու զսպիչ ուժ է` իր գերժամանակակից սպառազինությամբ ու արհեստավարժությամբ:
Այո՛, դարերի նիրհից արթնանալով՝ վերագտանք մեր ինքնությունը, հռչակեցինք անկախությունը, որը կարողացանք պաշտպանել մեր հերոսական բանակով:
Այո՛, անկախության ամենամեծ ձեռքբերումը բանակը եղավ, որի ստեղծածն ու ձևավորածը պետք է ծառայի հասարակությանն ու պետությանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր ելույթներից մեկում ասել է. «… ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ այն հասարակությունն է, ուր տնտեսությունը աճում և ամրապնդվում է իր բանակի պատվերներով, ներդրումներով, ստեղծագործ կարողություններով, ոչ թե ճկռում այդ ամենն իր ուսերին տանելու բեռի տակ»:
Այսօր բոլորիս պարտականությունն է համախմբվել և համատեղ ուժերով առողջացնել ու զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Մեր բանակի հզոր լինելը մեր երկրի տնտեսությունից է կախված: Երկրի տնտեսության զարգացման ու արդիականացման դեպքում միայն մեր երկրի սահմանները կդառնան անխոցելի ու պաշտպանված, իսկ մեր երկիրը՝ հզոր ու բարեկեցիկ:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում