Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



(1919 թ. նոյեմբեր)

 

Սկիզբ՝ թիվ 44-ում

 

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸԻնչպես ցույց են դալիս Զանգեզուրում և Արցախում կատարվող հետագա զարգացումները, Անգլիայի ներկայացուցչությունը, ի դեմս գլխավոր կոմիսար գեներալ Թոմսոնի, չէր կարող համակերպվել Հայաստանի կառավարության որոշման հետ և ճանաչել Արսեն Շահմազյանի լիազորությունները՝ որպես Զանգեզուր-Արցախի գեներալ-նահանգապետ:

Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների փոխհարաբերությունների, հատկապես վիճելի տարածքների՝ Նախիջևանին, Զանգեզուրին և Արցախին վերաբերող հարցերի ուսումնասիրությունը միանշանակ հավաստում է, որ Անդրկովկասից դաշնակից զորքերի հեռանալուց հետո, Ադրբեջանը տենդագին պատրաստություններ է տեսնում, որպեսզի բռնագրավի Նախիջևանի, Զանգեզուրի և Արցախի գավառները:

ՀՀ զինվորական նախարարության հետախուզության բաժնի պետ, կապիտան Տիգրան Դևոյանցի հաղորդմամբ՝ հայկական տարածքները, այդ թվում՝ Նախիջևանը, Զանգեզուրը և Արցախը տիրելու նպատակով, Թուրքիայից շարունակաբար Բաքու են գալիս թուրք սպաներ, որոնց աջակցությամբ Ադրբեջանը, սկսած 1918 թ. սեպտեմբերի կեսերից, համապատասխան ռազմական պատրաստություններ է իրականացնում, նախապատրաստվում՝ Զանգեզուրի վրա հարձակման: Այդ նպատակով գեներալ Շիխլինսկու գլխավորությամբ կազմավորվում է հետևակային 1-ին դիվիզիան: Նախատեսվում էր, որ Ադրբեջանի բանակի կանոնավոր զորամասերը, որոնց թվում նաև գեներալ Շիխլինսկու գլխավորած դիվիզիան, Թուրքիայի նախկին զինվորական նախարար Էնվեր Փաշայի (նա այդ ժամանակ Բաքվում էր – Հ.Գ.) գլխավորությամբ պիտի առաջ շարժվեր ու միանար սահմանին տեղակայված թուրքական զորամասերին:

Այդ ընթացքում Հայաստանի կառավարությունն իր հնարավորության սահմաններում շարունակում է, ճիշտ է ոչ այնքան շոշափելի, զինական ու ֆինանսական օգնություն ցույց տալ Զանգեզուրին: Այդ կապակցությամբ Զանգեզուր-Արցախում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Ա. Շահմազյանին, որը միաժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ Զանգեզուր-Արցախի գեներալ-կոմիսարն էր (գեներալ-նահանգապետ), հասցեագրած գրությունում ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը հայտնում է. «Կառավարությունը խորին ուշադրությամբ և գոհունակությամբ հետևում է Զանգեզուրի արիական ինքնապաշտպանությանը և ձեռքից եկածն անում է Ձեզ օգնելու համար»:

Զանգեզուրի հայությունը քաջատեղյակ էր թուրք-ազերի և քուրդ հրոսակախմբերի մարտական կարողություններին ու նրանց հետապնդած նպատակներին: Տարիներ շարունակ հակառակորդի զինական ուժի դեմ մղած կռիվներում զանգեզուրյան ազատամարտիկները հրաշալի մարտական փորձառություն ու կոփվածք էին ձեռք բերել ու գրեթե մշտապես հաղթանակներ տոնել:

ՀՀ զինվորական նախարարության գլխավոր շտաբի հետախուզական բաժնի պետ կապիտան Մուրադյանի տեղեկացմամբ՝ մինչ Զանգեզուր ներխուժելը, Խոսրով բեկ Սուլթանովը ցանկանալով Զանգեզուրը նվաճել խաղաղ ճանապարհով, երեք լեզուներով գրված թերթիկներ է տարածում, որով Զանգեզուրի հայությանն առաջարկում է միանալ Արցախին, այսինքն` ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը:

Կապիտան Մուրադյանի հաղորդմամբ՝ այդ ժամանակ Ադրբեջանում էին Էնվեր և Նուրի փաշաները: Նրանք կարևորում ու մեծ նշանակություն էին տալիս Զանգեզուրի գրավմանը, քանի որ դա նշանակալի քայլ կլիներ պանթուրքիզմի շարժման իրականացման ճանապարհին: Էնվեր և Նուրի փաշաների հաշվարկմամբ՝ Զանգեզուրը նվաճելով, թուրքական զորքերի գլխավոր շտաբի համար ստեղծվում էր հնարավորություն Պարսկաստան-Ջուլֆա ուղղությամբ կապեր հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու շարժվել առաջ:

Կրկին ստանալով զանգեզուրցիների կտրուկ մերժողական պատասխանը, ադրբեջանական զորքերը գեներալ Շիխլինսկու գլխավորությամբ, 1919 թ. նոյեմբերի 7-ին մի քանի ուղղությամբ, քրդական հեծյալ զինախմբերի զինակցությամբ, հարձակվում են Զանգեզուրի վրա: Զուգահեռաբար, պիտի զենքի դիմեին Զանգեզուրի թուրք հրոսակախմբերը:

Ըստ կապիտան Տ. Դևոյանի ներկայացրած զեկուցագրի՝ 1919 թ սեպտեմբերին Զանգեզուրի վրա ձեռնարկած առաջին հարձակման ժամանակ, մատնվելով անհաջողության, Ադրբեջանը սկսում է ավելի լրջորեն պատրաստվել և հոկտեմբեր ամսին Շուշիի ու Խանքենդի շրջաններում կենտրոնցնում է կանոնավոր զորամասեր, որոնց կազմում էին 1-ին ջիվանշիրյան գունդը, Ղարաբաղյան 2-րդ հեծյալ գունդը, Շաքիի 3-րդ հեծյալ գունդը, Զակաթալայի գնդի 2 առանձին գումարտակները, հրետանային 2-րդ լեռնային դիվիզիոնը, 4 հաուբից հրանոթ և 1 սակրավորական վաշտ: Մահմեդական կանոնավոր զորամասերի զինվորների ընդհանուր քանակը Զանգեզուրում հասնում է՝ 6000 հետևակային, 800 հեծյալ, ինչպես նաև 2 լեռնային ու 4 հաուբիցային հրանոթ: Պարտիզանների (նկատի ունի Զանգեզուրի թուրք բնակչության հրոսակախմբերը, որոնք կանոնավոր զորամասերի հարձակման ժամանակ, պիտի զենքի դիմեին ու միանային Շիխլինսկու բանակին -Հ. Գ.) հետ միասին նրանց թիվը կազմում է 20.000 մարդ: Նոյեմբեր ամսվա սկզբներին Ադրբեջանը կենտրոնացնում է բոլոր զորախմբերը՝ 1-ին դիվիզիայի հրամանատար, գեներալ Շիխլինսկու գլխավորությամբ ու երեք ուղղությամբ դիմում հարձակման:

Որպեսզի առավել դյուրությամբ կարողանային հաղթահարել հայկական ուժերի դիմադրությունն ու զավթել Զանգեզուրը, Ադրբեջանի զորքերի հրամանատարությունը որոշել էր գավառի վրա հարձակում ձեռնարկել Շարուր-Նախիջևանից` Դարալագյազի ուղղությամբ: Նախիջևանում եղած թուրք-ազերի ռազմական ուժերը պիտի անցնեին Դարալագյազով ու ներխուժեին Զանգեզուր:

Ադրբեջանական զորքերի ու զանգեզուրյան մարտական ուժերի առաջին բախումը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, Գորիսի հյուսիսային շրջանում, Խոզնավար, Քաչալ սարի և 8484 բարձունքի մերձակայքում: Նոյեմբերի 7-ին ադրբեջանական զորքերին հաջողվում է գրավել Խոզնավար, Բայանդուր գյուղերը, ինչպես նաև Քաչալ սարն ու 8484 բարձունքը: Միաժամանակ ադրբեջանական զորքերը հարձակվում են Գորիսի վրա՝ Դիգ գյուղի ուղղությամբ: Չնայած հակառակորդի մեծաքանակ ուժերի առավելությանը, հայկական մարտական ուժերը դիմակայել են ճնշմանը, կանգնեցրել են հարձակումն ու հաջորդ օրն անցնելով հակահարձակման, ջախջախել են թուրքական կանոնավոր զորամասերը: Կռիվների ավարտին հայ զինվորները վերցրել են ռազմավար. 13 գնդացիր ու մեծ քանակությամբ զինամթերք և բազում այլ պարագաներ: Փախուստի դիմած գեներալ Շիխլինսկին մարտադաշտում թողել է 150 գերի ու բազմաթիվ վիրավորներ: Ջախջախված զորամասերի մնացորդները նահանջել են Արցախ: Այդպիսով՝ այս անգամ ևս կրելով պարտություն, Ադրբեջանի իշխանությունները ժամանակավորապես հրաժարվում են Զանգեզուրը զենքով նվաճելու գաղափարից: Զանգեզուրի գավառում նոյեմբերի 10-ին հաստատվում է խաղաղ վիճակ:

Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին գրած վերոհիշյալ ուղերձում (18 նոյեմբերի 1919 թ.), ՀՀ վարչապետ Ալ. Խատիսյանը հայտնում է, որ «Միևնոյն ժամանակ Ադրբեջանի զորքերը, հազարավոր քուրդ և թուրք խուժանի հետ միացած, հռչակավոր Սուլթանովի և Շիխլինսկու առաջնորդությամբ, շարժվել են դեպի Զանգեզուր: Այսօրվա ստացած տեղեկությունների համաձայն՝ քաջ զանգեզուրցիք, 4 օրվա կատաղի մարտերից հետո, Գորիսից ոչ հեռու, Խոզնավար և Բայանդուր գյուղերի մոտ, մեծ ջարդ են տվել թաթարներին՝ հետ մղել դեպի Ղարաբաղ: Թուրքերը թողել են 14 գնդացիր, 150 գերի, ահագին քանակությամբ մթերք, փամփուշտ, վրաններ և այլն…»:

Ալ. Խատիսյանը այդ գրությունում չի հայտնում կռիվների մանրամասները, իսկ իրականում այդ ժամանակ ջախջախվել էին ոչ միայն Գորիսի ուղղությամբ Զանգեզուր արշավող թուրք-ազերի զորքերը, այլև անհաջողության էին մատնվել նաև Դարալագյազի ճակատում: Դարալագյազի ճակատում Յապոնի գլխավորած մարտական ուժերը անկոտրում դիմադրությամբ կասեցնում են թուրք-ազերի զորքերի հարձակումներն ու խափանում այդ ուղղությամբ Զանգեզուր ներխուժելու հակառակորդի փորձերը:

ՀՀ վարչապետ Ալ. Խատիսյանի գնահատմամբ՝ «Ծրագրելով Զանգեզուրի գրավումը, Բաքվի ղեկավարները շատ վատ էին գնահատել հայ ժողովրդի ռազմական ոգին և դիմադրական ուժը: 6 օրվա կատաղի մարտերից հետո Զանգեզուրի մեր մարտիկները ետ մղեցին քուրդ-թաթարական ուժերը, որոնք տալով բազմաթիվ սպանված, վիրավոր և գերի, փախան մինչև Ղարաբաղ, թողնելով մեծ քանակությամբ պատերազմական ավար, 22 գնդացիր և 2 թնդանոթ»:

Այս անգամ դարձյալ տապալվում են Ադրբեջանի հանրապետության կառավարության փայփայած հույսերը՝ զենքի ուժով բռնազավթել Զանգեզուրը: Հայ մարտական ուժերը հերթական անգամ դրսևորում են իրենց անկոտրում մարտական ոգին ու մարտնչելու հրաշալի կարողությունները և ադրբեջանական բանակը, ինչպես արդեն նշված է, մարտադաշտը լքում է դարձյալ պարտված ու խուճապահար:

Հարց է ծագում. իսկ ինչպիսի՞ ճակատագիր էր սպասվում Զանգեզուրի հայությանը, եթե Արսեն Շահմազյանին ու նրա զինակիցներին չհաջողվեր կազմակերպել Զանգեզուրի զինուժն ու պարտության չմատներ գեներալ Շիխլինսկու ու Խոսրով-Բեկ Սուլթանովի գլխավորած զորքին ու թուրք-քուրդ զինյալ հրոսակախմբերին: Որևէ տարակույս, կասկած լինել չի կարող, որ եթե թուրք-ազերի ու քրդերի մարտական ուժերը կարողանային հաղթահարել զանգեզուրյան ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունն ու բռնազավթեին Զանգեզուրը, ապա հայատյաց ու արյունարբու Խոսրով Բեկ-Սուլթանովն ու նրա առաջնորդած ավարառու հրոսակախմբերն անխնա կկոտորեին գավառի հայությանը, և անտարակույս հարցականի տակ կհայտնվեր Զանգեզուրի գոյությունը:

Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Պատմության էջերից


30/11/2016