Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄՀայ-բյուզանդական հակամարտությունը

Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ, ուստի Հովհաննես Կոմնենոսը 1137թ. գարնանը մեծ բանակով մտավ Դաշտային Կիլիկիա: Օգտվելով թվական գերակշռությունից, բյուզանդացիները գրավեցին Տարսոնը, Ադանան եւ Մսիսը, իսկ 37 օրվա պաշարումից հետո՝ Անաբարզան: Լեւոնը փոքրաթիվ ուժերով ամրացավ Վահկա բերդում, որը վեցամսյա հերոսական պաշտպանությունից հետո ընկավ: Լեւոնը կնոջ եւ երկու որդիների՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս: Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում ժամանակավորապես ընկավ:

Գերված Լեւոնը եւ նրա որդի Ռուբենը բանտում մահացան: Հայոց իշխանի մյուս որդի Թորոսը փախուստի դիմեց եւ վերադառնալով Կիլիկիա՝ գլխավորեց հայության ազատագրական պայքարը: Եղբորը միացան գերությունից խուսափած երկու եղբայրները՝ Ստեփանեն եւ Մլեհը:

Թորոս Բ-ն փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա ազատագրեց Վահկան, Անաբարզան, Մսիսը եւ Տարսոնը: Այսպիսով, հայերին կրկին հաջողվեց իրենց իշխանությունը հաստատել Կիլիկիայի մեծ մասում եւ վերականգնել Ռուբինյան իշխանությունը: Կիլիկիան գրավելու Բյուզանդիայի հետագա փորձերն ավարտվեցին անհաջողությամբ:

Կիլիկիայի հայկական պետությունն ստեղծեց 30-հազարանոց մշտական բանակ: Մեծապես բարձրացավ Թորոս Բ-ի հեղինակությունը: Նրա կարեւոր ձեռնարկումներից էր հայոց կաթողիկոսական աթոռը Հռոմկլա բերդաքաղաք տեղափոխելը, ուր այն մնաց մինչեւ 1292թ.:

 

Կիլիկյան հայկական իշխանության ամրապնդումը

Թորոս Բ-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը (1169-1175): Մլեհի իշխանության սկզբում Դաշտային Կիլիկիայի արեւելյան մի քանի շրջաններ դեռեւս գտնվում էին խաչակիրների, իսկ արեւմտյան որոշ գավառներ՝ Բյուզանդիայի ձեռքում: Երկրի պաշտպանության եւ հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել բյուզանդացիներից ու խաչակիրներից: Այս դժվարին խնդիրը կյանքի կոչելու համար Մլեհը նոր քաղաքականություն վարելով, դաշնակցեց Հալեպի մահմեդական ամիրայի հետ: Այդ ճանապարհով Մլեհը խաչակիրներից հետ վերցրեց Կիլիկիայի արեւելքում գտնվող կարեւորագույն բերդերը, իսկ այնուհետեւ Բյուզանդիայից ազատագրեց Ադանան, Մսիսը եւ Տարսոնը՝ իրենց ծովափնյա շրջաններով: Հայկական իշխանությունն իր վերահսկողությունը հաստատեց առեւտրական կարեւոր ճանապարհների վրա: Մլեհը փորձեց իր իշխանությանը միացնել նաեւ Հեթումյաններին պատկանող Լամբրոն բերդը, սակայն հաջողության չհասավ: Մլեհ իշխանը բարեկարգեց Սիս քաղաքն ու այն դարձրեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք: Նրա քաղաքականությունը եւ բարեփոխումները մեծապես նպաստեցին Կիլիկյան Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հզորացմանը: Սակայն Մլեհի քաղաքականությունից դժգոհ բարձրաստիճան հոգեւորականները եւ իշխանները դավադրություն կազմակերպեցին եւ սպանեցին նրան:

Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի որդի Ռուբենը: Օգտվելով Բյուզանդիայի եւ Իկոնիայի սուլթանության թշնամանքից, Ռուբենը գրավեց Կիլիկիայի արեւմտյան շրջանները, որի շնորհիվ Կիլիկիայում վերացվեցին բյուզանդական տիրապետության վերջին հենակետերը: Մլեհի եւ Ռուբենի հաջողությունները վերջ դրեցին Կիլիկիայի նկատմամբ Բյուզանդիայի հավակնություններին:

Այսպիսով, ավելի քան մեկդարյա հերոսական ու արյունահեղ պայքարի գնով Կիլիկիայում բնակություն հաստատած հայերը ստեղծեցին հայկական իշխանություն եւ ամրապնդեցին այն՝ հող նախապատրաստելով վերջինս թագավորություն հռչակելու համար:

 

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում XIIդ. վերջին եւ Կիլիկյան Հայաստանը

XII դ. վերջին Մերձավոր Արեւելքում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք զգալի ազդեցություն թողեցին Կիլիկյան Հայաստանի վրա: Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը: Վերջինիս սուլթան Սալահեդդինը 1187թ. պարտության մատնեց խաչակիրներին եւ գրավեց Երուսաղեմը: Իկոնիայի սելջուկյան սուլթանությունն իր հերթին հզորության գագաթնակետին էր: Եգիպտոսը եւ Իկոնիան թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ: Խիստ լարված էին նաեւ Կիլիկիայի եւ Անտիոքի դքսության հարաբերությունները:

Այսպիսի լարված իրավիճակում Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Ռուբենի եղբայր Լեւոն Բ -ին (1187-1219): 1187թ. Իկոնիայի սուլթանության զորքերը հարձակվեցին Կիլիկիայի վրա եւ հասան մինչեւ Սիս: Սակայն հայերին հաջողվեց նրանց երկրից դուրս վտարել: Սելջուկների այս արշավանքը Լեւոնին ստիպեց մտածելու երկրի հյուսիսային սահմանների ամրապնդման մասին: Այս նպատակով նա գրավեց եւ ամրացրեց սահմանային մի քանի բերդեր:

Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Լեւոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ՝ խոստանալով օգնել խաչակիրներին: Դրա դիմաց կայսրը համաձայնեց Լեւոնին ճանաչել Կիլիկիայի թագավոր: Սակայն Ֆրիդրիխը Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց, եւ Լեւոնի թագադրությունը հետաձգվեց:

Այսուհանդերձ, Լեւոնը մասնակցեց խաչակիրների մղած կռիվներին: Հայկական զորքերը մասնակցեցին Աքքայի գրավմանը: Լեւոնն Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորին օգնեց բյուզանդացիներից գրավելու Կիպրոս կղզին: Սակայն հակասություններ կային նաեւ հայերի եւ խաչակիրների միջեւ: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի արեւելյան շրջանների համար նորից վեճ բորբոքվեց Անտիոքի եւ Կիլիկիայի միջեւ: Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ-ն Լեւոնին հրավիրեց Անտիոք՝ նպատակ ունենալով նրան ձերբակալել: Իմանալով այս՝ Լեւոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը եւ ձերբակալեց Բոհեմունդին: 1194թ. հաշտություն կնքվեց, եւ գերությունից ազատվելու դիմաց Բոհեմունդը Կիլիկիային վերադարձրեց նրանից խլված տարածքները: Անտիոքի եւ Կիլիկիայի բարեկամությունն ամրապնդելու համար կողմերը որոշեցին Բոհեմունդի ավագ որդի ու ժառանգորդ Ռայմոնդին ամուսնացնել Լեւոնի եղբայր Ռուբենի դուստր Ալիսի հետ: Ծնված արու զավակը պետք է ժառանգեր Անտիոքը եւ Կիլիկիան: Անտիոքի եւ Կիլիկիայի միավորմամբ Լեւոնը փորձում էր հայ-խաչակրաց միացյալ պետություն ստեղծել:

 

Թագավորության հռչակումը

XII դ. վերջին Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արեւելքի քրիստոնյա ամենաուժեղ երկրներից էր: Արտաքին թշնամիների դեմ հաղթանակները եւ երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրին Լեւոն Բ-ի հեղինակությունը:

Եգիպտոսի Այուբյան սուլթանության հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր: Խաչակրաց պետությունները պաշտպանելու գործում Արեւմտյան Եվրոպան եւ, մասնավորապես՝ պապականությունը, մեծ հույսեր էր կապում Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ Լեւոնը շարունակեց արքայական թագ ձեռք բերելու բանակցությունները Հռոմի պապի եւ գերմանական կայսր Հայնրիխ Զ-ի հետ, որը շուտով թագ ուղարկեց նրան: Մինչ այդ, Լեւոնին թագ էր ուղարկել նաեւ Բյուզանդիայի կայսրը:

Լեւոն Բ-ն մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198թ. հունվարի 6-ին՝ Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Լեւոնին թագավոր օծեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը, իսկ կայսրի եւ պապի ներկայացուցիչը մատուցեց արքայական պատվանշանները: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Նա ի դեմս Լեւոնի թագադրության տեսնում էր հայոց թագավորության վերականգնումը: Պատահական չէ, որ Տարսոնում էին հավաքվել բազմաթիվ իշխաններ եւ բարձրաստիճան հոգեւորականներ: Այստեղ էին եկել նաեւ օտարերկրյա պատվիրակություններ, ինչը վկայում էր թագավոր Լեւոն Ա-ի (Լեւոն Բ իշխանը թագավոր հռչակվելուց հետո դարձավ Լեւոն Ա արքա) հեղինակության աճի եւ հայոց պետության միջազգային ճանաչման մասին:

 

Լեւոն Ա-ի ձեռնարկումները

Լեւոն Ա-ի թագավորության տարիներին Կիլիկիայի հայկական պետությունը մեծ վերելք ապրեց: Երբ մահացավ Անտիոքի դուքս Ռայմոնդը, նրա եւ Ալիսի որդի Ռայմոնդ-Ռուբենը դարձավ Անտիոքի գահակալ: Սակայն նրա հորեղբայր Բոհեմունդը գրավեց Անտիոքը: Լեւոնը, որ հայ-խաչակրաց պետություն ստեղծելու առիթ էր փնտրում, միջամտեց Անտիոքի ժառանգության համար մղվող պայքարին եւ պաշտպանեց իր ազգականի շահերը: Նա 1216թ. գրավեց Անտիոքը եւ իշխանությունը հանձնեց Ռայմոնդ-Ռուբենին, որին հռչակել էր նաեւ Կիլիկիայի թագաժառանգ: Սակայն 1219թ. Ռայմոնդ-Ռուբենն արտաքսվեց Անտիոքից, իսկ նրա գործունեությունից հիասթափված Լեւոնը ոչ միայն չպաշտպանեց նրան, այլեւ զրկեց գահաժառանգության իրավունքից: Նա Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:

Լեւոն Ա-ի կարեւոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն բերդի գրավումն էր: Նրա նախորդները փորձել էին գրավել այն, սակայն անհաջողության էին մատնվել: Նա 1202թ. Լամբրոնի տեր Հեթում իշխանին, իբր իր դստերը նրա որդուն կնության տալու պատրվակով, հրավիրեց Տարսոն եւ բանտարկեց: Դրանից հետո Լեւոնն անարյուն գրավեց բերդը եւ միացրեց արքունի տիրույթներին:

Լեւոնի կարեւոր քայլերից մեկը երկրի սահմանների անվտանգության ամրապնդումն էր: Սահմանների վրա գտնվող մի քանի բերդեր նա հանձնեց խաչակիրներին, որի դիմաց նրանք պարտավոր էին զինվորական ծառայություն կատարել: Լեռնանցքներում կառուցվեցին ամրություններ, որտեղ տեղակայվեցին կայազորներ:

Քանի որ Կիլիկիան գտնվում էր առեւտրական ճանապարհների խաչմերուկում, Լեւոնը մեծ ուշադրություն դարձրեց առեւտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս եւ Կոռիկոս նավահանգիստները: Ստեղծվեց ոչ միայն ռազմական, այլեւ առեւտրական նավատորմ: Կիլիկիան որպես պետություն ստորագրեց մի շարք ծովային պայմանագրեր: Կարգավորվեց երկրի դրամական շրջանառությունը: Լեւոնն արտոնություններ շնորհեց Ջենովայի, Վենետիկի եւ մի շարք այլ քաղաքների վաճառականներին:

Նա մեծ ուշադրություն էր դարձնում նաեւ մշակույթի զարգացմանը: Լեւոնի հրամանով Կիլիկիայում հիմնադրվեցին տարբեր տիպի դպրոցներ: Նա արքունիք էր հրավիրում եւ հովանավորում գիտության ու արվեստի ներկայացուցիչներին:

Լեւոն Ա-ն մահացավ 1219թ. եւ իր հաջորդներին թողեց վերելք ապրող մի պետություն:

Շարունակելի

Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Պատմության էջերից


30/11/2016