«ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ»
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մենք ձեզ հետ ենք» խորագիրը կրող բարեգործական նախաձեռնությունը, որի նպատակը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եւ կամավորականների ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցույց տալն է:
Նոյեմբերի 25-ին լրացավ ապրիլի 4-ին թշնամու հարձակումը դիմակայելիս հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող Արամ Արայիկի Աբրահամյանի 20-ամյակը: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ նախագահ Յուրա Միքայելյանը, փոխնախագահ Ալլա Նիկողոսյանը հյուրընկալվեցին Աբրահամյանների՝ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի տանը: Նրանց հետ էին նաև «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում Արամի ընտանիքի հետ ընկերացած ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Ռաֆայել Ազիզյանը և ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: Արտիմետցի զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրում հերոսների հիշատակը հարգելուց հետո գյուղի դպրոցի՝ Արամ Աբրահամյանի պատվին անվանակոչված նախնական զինվորական պատրաստության դասարանում սկսվեց ոգեկոչման միջոցառումը, որին ներկա էին Արամի ուսուցիչները, դպրոցի աշակերտները: Յուրի Միքայելյանը Արամ Աբրահամյանի մայրիկին՝ տիկին Նարգիզին փոխանցեց Արամին հետմահու տրված «Հայրենիքի պաշտպանության համար» կազմակերպության հուշամեդալը:
Արամը ջոկի ավագ հրաձիգ էր: Ապրիլի թեժ մարտերի ընթացքում իր ընկերների հետ մեկտեղ ցուցաբերել է անօրինակ խիզախություն եւ ամուր պահել իրեն վստահված տեղամասը: Գերակշիռ ուժերով չկարողանալով տղաներին հետ մղել իրենց դիրքերից և մարտավարական հաջողության հասնել՝ հակառակորդն սկսում է ուժգին հրետակոծությունը: Արամ Աբրահամյանը զոհվում է մարտադաշտում ստացած բեկորային վնասվածքներից՝ մինչև վերջ չլքելով մարտական դիրքը: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
♦♦♦
Նոյեմբերի 28-ին լրացավ ապրիլի 4-ին Թալիշի պաշտպանական դիրքերում մարտական առաջադրանք կատարելիս զոհված Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանի ծննդյան 20-ամյակը: Արարատի մարզի Մասիս քաղաքում Ղահրամանյանների ընտանիքին այցելած «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ անդամները հերոսացած հայորդու հարազատների, ընկերների հետ միասին տեղի գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցեցին Հենրիկ Ղահրամանյանի շիրիմի առաջ, որտեղ Յուրի Միքայելյանը Հենրիկի հորը՝ Հենրիկ Ղահրամանյանին փոխանցեց որդուն հետմահու տրված «Հայրենիքի պաշտպանության համար» ՀԿ հուշամեդալը:
Հենրիկը բարի, խելացի և ընկերասեր տղա էր: Որոշել էր բանակից հետո սովորել, դառնալ անվանի իրավաբան: Ավաղ, նրա երազանքներն անկատար մնացին:
Թալիշի շրջանի պաշտպանական դիրքեր մեկնելուց առաջ մասնակցել է սերժանտական դասընթացների: Ապրիլի սկզբին եղել է ամենաթեժ կետերից մեկում: Զոհվել է վիրավոր ընկերների կյանքը փրկելիս:
Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Հայկ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Ճակատագրեր