ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՈՂ, ՊԱՐՏԱԴՐՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում եմ՝ գնդապետ Սողոմոն Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում պատասխանատու և բարդ տեղամասում: Շրջում եմ զորամասում, հետևում ծառայական անցուդարձին: Ուշադրությանս կենտրոնում մեր զինվորներն են` խաղաղություն բերող, խաղաղություն պահող, խաղաղություն պարտադրող զինվորները:
ԱՐԾԻՎՆԵՐԸ
Շարահրապարակում միակուռ շարքով խրոխտ, ձիգ, առնական կանգնած են մեր հայրենիքի պաշտպանները, այս տղերքից ուժ է ճառագում: Հայացքով փորձում եմ գտնել ամենաուժեղին, դժվարանում եմ որեւէ մեկին առանձնացնել:
-Ո՞վ է ձեր ամենալավ զինվորը, ուզում եմ գրել նրա մասին,-հարցնում եմ զինվորների քայլքին հետևող մայորին` ստորաբաժանման հրամանատար Տիգրան Հակոբյանին: Ինձ է նայում զարմացած, կարծես մի քիչ էլ վիրավորված. «Մեր զինվորները, առանց բացառության, բոլորն էլ լավն են, ու առանց վարանելու կարող եք բոլորի անունները նշել: Երբ «գործի» մեջ տեսնեք, կհամոզվեք, որ մեր տղերքն անպարտելի են, վճռական: Չե՞ք նկատում` ամեն մեկը ասես մի արծիվ լինի»:
Լուսանկարում եմ արծիվներին…
ՆՎԱԳԱԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ
Ակամա գնում ենք քիչ հեռվից լսվող երաժշտության հնչյունների ուղղությամբ: Նվագախմբի տղաներն են: Նրանք իրենց ուժերով ոչ միայն կարողանում են լցնել, հագեցած դարձնել բանակային առօրյան, այլ նաև զորամաս այցելած համերգային խմբերին իրենց փայլուն կատարումներով մի լավ զարմացնում և հիացնում են:
-Երաժշտությունը զենքին հավասար ուժ ունի,-ասում է պայմանագրային ծառայող Սանդրո Ռևազյանը, որն արդեն հինգ տարի զորամասում է, կլարնետ է նվագում, բարձրագույն կրթություն ունի: -Մի տեղ կարդացել եմ, որ դեռ հին ժամանակներից բանակում երգ-երաժշտությունը գոյություն է ունեցել և կատարել է երկու կարևոր խնդիր` բարձրացրել է զինվորների մարտական ոգին և առաջնորդել է նրանց մարտի:
-Մենք էլ նույնն ենք անում,-ասում է բարիտոնահար Տիգրան Աղաջանյանը,-մեր երաժշտությունը զինվորին օգնում է հաղթահարել դժվարությունները: Դիրք գնացող տղաներին էլ երաժշտությամբ ենք ճանապարհում, ոգեւորում, ու նվագելիս էլ բոլորիս գլխում նույն միտքն է պտտվում` «Անփորձանք, տղե՛րք ջան, քանի հոգով գնում եք, նույնքանով էլ վերադառնաք»: Իսկ երբ դիրքերի՜ց են իջնում, մեր երաժշտությունն արդեն աշխարհ է բռնում…
-Բանակում երաժշտությունն անհրաժեշտություն է, այն ուրախացնում է զինվորի սիրտը,- իր տեսակետն է հայտնում գյումրեցի Գուրգեն Թամրազյանը: -Նվագախմբի տղերքով աշխատում ենք մեր զինվոր ընկերների տրամադրությունը մշտապես բարձր պահել, առույգացնել, իրենց սիրած երգերն ենք նվագում:
-Իսկ հայտնի ֆիլմի նվագախմբի տղաների նման դո՞ւք էլ հումորով եք, սրամիտ- հարցնում եմ տղաներին:
-Մի բան էլ ավելի,-ժպտում է Գուրգենը: Հետո մի քիչ ուրախ, մի քիչ տխուր շարունակում,- մեկ ամսից քիչ ավելի է մնացել, որ ծառայությունս ավարտեմ: Հավատացեք, կարոտով եմ հիշելու բանակային կյանքի ամեն մի օրը, անգամ ամենադժվար պահերը: Հետագայում գուցեև տարբեր բեմերում հանդես գամ, սակայն, միևնույն է, միշտ կկարոտեմ մեր զորամասի բեմը, մեր նվագախմբի տղերքին…
ՍԱԼԴԱՏ ՍԼԱՄԱԹԻ
Հայոց բանակում հայ երիտասարդների հետ միասին ծառայում եւ մեր հայրենիքի դարպասները ամուր ու անառիկ են պահում նաև մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների զավակները: Ծառայում են պատվով, նվիրումով: Նրանց ծնողները հաճախ են իրենց որդիների ծառայավայրից շնորհակալագրեր ստանում:
Շարքային Սերգեյ Ամոյանը զորամասի նվագախմբի տղաներից է, շեփորահար է: Սերգեյը նաև հրաշալի ձայն ունի, կատարում է ազգային եւ հայկական երգեր:
-Հայն ու եզդին դարերով ապրել են կողք կողքի, միասին կիսել ճակատագրի բոլոր դառնությունները: Մենք եղբայրներ ենք, եղբայրներ էլ կմնանք: Հիմա էլ զորամասում շատ հայ ընկերներ ունեմ՝ եղբոր նման հարազատ ու սրտացավ:
Ռոման Ալոյանը Երևանից է: Մայրաքաղաքի պետական տեխնոլոգիական քոլեջն ավարտելուց հետո է զորակոչվել: Մասնագիտությամբ ատամնատեխնիկ է: Ռոմանը շատ է սիրում կարդալ, գերադասում է հայ հեղինակներին` Թումանյան, Իսահակյան:
-Ավագ եղբայրս` Իշխանը, արդեն ծառայել է: Ինձ միշտ խորհուրդ էր տալիս պատվախնդրորեն ծառայել: Արցախյան պատերազմի ընթացքում եզդիները կամավորական ջոկատներ կազմեցին ու կանգնեցին հայ ժողովրդի կողքին: Վերջին` ապրիլյան դեպքերի ժամանակ էլ հայոց սահմանները պաշտպանելիս եզդի զինվոր տղաները հերոսացան` Քյարամը Սլոյանը, Բորիսը…:
Ջոկի հրամանատար Արմեն Ռազգոյանն էլ Բյուրեղավանից է: Մինչ բանակում ծառայելը զբաղվել է սամբո մարզաձևով, միջազգային մրցույթների է մասնակցել` գրավելով մրցանակային տեղեր: Զորամասում էլ փայլել է մարզական ունակություններով, արժանացել «Լավագույն զինվոր-մարզիկ», իսկ մարտական դիրքերում լավ ծառայության համար` «Քաջարի մարտիկ» կրծքանշանների:
-Ես ծնվել-մեծացել եմ Հայաստանում: Այստեղ են ծնվել նաեւ իմ ծնողները, այս հողի համար կռվել, արյուն են թափել իմ ազգակիցները: Հայկական հողը թանկ ու հարազատ է ինձ համար: Ծառայում եմ նվիրումով, աշխատում եմ բարձր պահել իմ ժողովրդի պատիվը:
Ուզում եմ՝ բոլոր զինվորները, անկախ ազգությունից, դավանանքից, մեր լեզվով ասած` «սալդատ սլամաթի կոլխկի խեր խաչի բգիժի մալախա»՝ անփորձանք ծառայեն, ողջ-առողջ հասնեն տուն:
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում