Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐՈՒՄ»



«ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐՈՒՄ»Օրերս «Հայաստան» հրատարակչությունը «Հայերը համաշխարհային պատմության անցուդարձերում» մատենաշարի ներքո լույս է ընծայել Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոյի «Արքայակերտից մինչև Կիև. Աննա Ծիրանածինը. Իմաստո՞ւն, թե՞ Անիծյալ»՝ ծավալուն աշխատությունը` նվիրված Ռուսիայում քրիստոնեության ընդունման 1025-ամյակին:

Գրքի հայերեն թարգմանությունը, վերջաբանն ու ծանոթագրությունները կատարել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը:

Նադեժդա Նիկիտենկոն բազմաթիվ մենագրությունների եւ գիտահանրամատչելի գրքերի, տարբեր երկրներում տպագրված ավելի քան 200 գիտական հոդվածների հեղինակ է: Նրա հետաքրքրությունների առանցքում Կիևյան Սոֆիան է` իբրև մշակութային առանձնահատուկ երևույթ և եզակի պատմագրական աղբյուր:

Գիտական վիպագրությանը պատկանող այս գրքի կամ ինչպես հեղինակն է անվանում՝ երկերգի, առաջին և երկրորդ մասերի շարադրանքը տարբերվում է իրարից: Առաջին` «Աննա Ծիրանածին» մասը վավերագրական-պատմական վեպ է, որի գլխավոր հերոսուհին Աննան է` Բյուզանդիայից ժամանած հայազգի արքայադուստրը, իսկ երկրորդ մասը` «Իմաստո՞ւն, թե՞ Անիծյալ», որի առանցքային դեմքը Յարոսլավ իշխանն է, ներկայացված է պատմա-վավերագրական դեդեկտիվի ժանրով: Գրքի  արժանիքներից է այն, որ հեղինակի խոսքը հիմնված է գրավոր աղբյուրների վրա: Գրքի գաղափարը ծնվել է Կիևյան Սոֆիայի տաճարի բազմամյա ուսումնասիրությունների ընթացքում: Տաճարի եզակի որմնանկարներն ու որմնագրերը փառաբանում էին ոչ թե տաճարի հիմնադիր իշխան Յարոսլավին, ինչպես պնդում էին ժամանակի տարեգիրները, այլ Ռուսիան մկրտած իշխանական զույգին` Վլադիմիր իշխանին և նրա կնոջը` իշխանուհի Աննային: Հայտնի է, որ Աննան Վլադիմիրի համախոհն է եղել Ռուսիայի մկրտության գործում: Նա «ռուսների երկրում կառուցել է շատ եկեղեցիներ, կատարել է մեծ նվիրատվություններ»: Իշխանուհի Աննան Վլադիմիրի հետ եկեղեցական Կանոնադրության` Դատաստանագրքի համահեղինակն է, անձամբ ընդունել է օտարերկրյա դեսպաններին, լուրջ դերակատարում ունեցել պետական կառավարման գործերում: Նա հայազգի բյուզանդական կայսր Ռոմանոս I-ի դուստրն էր, իսկ Բարսեղ II կայսեր քույրը: Աննան Կիև ժամանել էր Կոստանդնուպոլսից, որին ռուսներն այդ տարիներին ՃՈՐՖչՐՈՊ ¥Արքայակերտ) էին անվանում: Հայազգի իշխանուհի Աննայի և Վլադիմիր Մեծ իշխանի համատեղ կյանքի տարիներին Ռուսիան հաղթականորեն ելնում է համաշխարհային թատերաբեմ: Իսկ Ռուսիայի դյուցազնական ժամանակի գագաթը նրա մկրտությունն է, որում իր նշանակավոր դերն է ստանձնում հսկա և առեղծվածային Բյուզանդիան` միջնադարյան աշխարհակալ պետությունն իր հայազգի կայսրերով:

«ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐՈՒՄ»Գրքի հայերեն թարգմանությունը մի քանի նպատակ է հետապնդում. առաջին` ընդգծել հայերի դերը համաշխարհային պատմության մեջ: Փորձելով հայ ընթերցողին փոխանցել Ն. Նիկիտենկոյի տեսակետները՝ գրքի թարգմանիչ Վաղարշակ Մադոյանը փորձել է հատկապես ընդգծել հայ ժողովրդի սկզբունքային դերակատարումը մեր բարեկամ երկրի համար բախտորոշ այդ ժամանակաշրջանում:

Գրքի հայերեն թարգմանության մյուս` ոչ պակաս կարևոր նպատակն էր նաև ցույց տալ հայ ընթերցողին, թե ինչպես է ձևավորվել ռուսական կայսրությունը: Իշխան Վլադիմիրը, որը գրքի առանցքային դեմքերից է, մկրտել է երկիրը և ամեն ինչ արել իր երկրի հզորացման համար: Նա առաջին ռուս իշխանն էր, որ պետականությունը վեր դասեց ամեն ինչից:

 

Հասմիկ ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Հոգևոր-մշակութային


08/12/2016