ԱՐՑԱԽԱՄԱՐՏԻ ՀԱՎԵՐԺ ՑՈԼԱՑՈՂ ԱՍՏՂԵՐԸ…
Վաստակաշատ լրագրող, բանաստեղծ Ռուբեն Գրիգորյանը ծնվել է Արցախի Խծաբերդ գյուղում։ 10 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվել են Բաքու, որտեղ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո պատմաբանասերի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն է ստացել եւ 5 տարի ուսուցչություն արել հայկական դպրոցներում: 1971թ. աշխատանքի է ընդունվել Բաքվում հայերեն լույս տեսնող «Կոմունիստ» օրաթերթում: Ավելի քան 10 տարի եղել է թերթի կրթության եւ գիտության բաժնի վարիչ: Արցախյան շարժման օրերին տեղափոխվել է Երեւան, աշխատել «Խորհրդային Հայաստան» թերթում, ապա՝ «Հայրենի տուն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «Artsakh today» տեղեկատվական կայքի խմբագիր։ «Արցախ» հայրենակցական միության վարչության անդամ է, ԽՍՀՄ եւ ՀՀ Ժուռնալիստների միությունների անդամ: Երեք գրքի հեղինակ է։
Վերջերս Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչությունը լույս է ընծայել Ռուբեն Գրիգորյանի «Խոնարհումով» գիրքը: Հեղինակն իր գլուխն է խոնարհում Արցախյան ազատամարտում ընկած մեր հերոսների հիշատակի առաջ։ Գրքի կազմը խորհրդանշական է. հայրենի հողի քրքրված սրտում, որտեղ թշնամական արկը շանթել է հերոսին, վառվում է մոմը: Իսկ սպիտակ մանրաքարերով ձևավորված խաչը հավերժացնում է անմահության ճամփան։
Ռ. Գրիգորյանն իր այս գրքով ներկայանում է արձակի և չափածոյի ներդաշնակ համադրությամբ։ Ակնարկները ներկայացված են հուզիչ և անմոռաց գեղարվեստական պատկերներով:
Հեղինակն անդրադառնում է իրենց պապերի ու հայրերի սխրանքները շարունակող մերօրյա հերոսներին: Սրտառուչ է Արցախյան հերոսամարտի մասնակից, 2016թ. ապրիլյան պատերազմում քաջի մահով զոհված Նորայր Հաջյանին նվիրված բանաստեղծությունը, որտեղ հեղինակը բնութագրում է Նորայրի սրտացավ, մեծահոգի ու ազնիվ կերպարը.
«…Դրանից առաջ, այդ մարտից առաջ,
Իր տափաշշի ջուրը կենարար,
Մեծ եղբոր նման բաժնեց հավասար,
Գոնե մի կաթիլ իրեն չհասավ»:
Արցախում հերոսացած Արմեն Հովհաննիսյանին նվիրված տողերը, թվում է՝ անմահության ճամփան բռնած մեր բոլոր հերոսների մասին են.
«Եռաբլուրը սրբազան վայր է՝
Մեր բիբլիական Մասսին հավասար,
Լուսեղեն վշտի մեջ հպարտ մայր է,
Արցունքոտ հող է, փառքի ջահել սար։
Այն մեր մշտարթուն գունդն է անմահաց,
Որ համալրվեց նոր քաջազունով՝
Փառքով պսակված, սեգ ճակատը բաց,
Սահմանապահը՝ Արմեն անունով»։
2014 թ. ադրբեջանական դիվերսիան կանխելու ժամանակ զոհված Ազատ Ասոյանի մայրը՝ Մանուշակ Ասոյանը, որդու կորստյան ահավոր ցավն իր սրտում, վճիռ էր կայացրել՝ մի նոր արու զավակ ունենալ: Որդին ի՛ր սխրանքը կատարեց, մայրը՝ ի՛ր։ Ազատի զոհվելուց մեկ տարի չանցած՝ Մանուշակը լույս աշխարհ բերեց արու մի մանչ։ Նրան Նարեկ կոչեցին: Այս երկտողը հենց կյանքի խորհրդանիշ մանչուկին է ձոնվել.
«Դու աշխարհ եկար՝ մահը հերքելու,
Եղբորդ կիսատ երգը երգելու»:
Հայ մայրը միայն կարող էր նման քայլով լուծել իր հերոս որդու վրեժը։
Այնուհետև Ռ. Գրիգորյանը՝ խորանալով պատմական իրադարձությունների մեջ, հիշում է, թե ինչպես Արցախի սահմանամերձ, իր ծննդավայր Խծաբերդ գյուղի բնակիչները, շրջակա մի շարք գյուղերի օգնությամբ, 1919 թ. մայիսին ջախջախեցին հազարների հասնող թուրքական կանոնավոր բանակը։ Տասնամյակներ անց Խծաբերդի և Հին Թաղերի տարածքում՝ հատկապես 1993 թ. գարնան ու ամռան ամիսներին, ԼՂՀ պաշտպանության բանակը լուրջ դաս տվեց ազերի զավթիչներին։
Խոսուն է մարտի դաշտում զոհված, հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած խծաբերդցի Նարվիկ Գևորգյանի կերպարը։ Նրա անվան հետ է մեծապես կապվում գյուղի ինքնապաշտպանությունը։ Հեղինակը մեջբերում է նրա ու խծաբերդցիների երդումը. «Մեր Սուրբ աղբյուրից թուրքը ջուր չպիտի խմի։ Մեր Սահունասարի ու Մեծ սարի լանջերին թուրքի ոտնահետքեր չպետք է լինեն։ Մեր մայրերի ու քույրերի պատիվը թանկ է մեր կյանքից։ Մեր Հռուսիմի խութի հանգստարանի սուրբ ննջեցյալների դարավոր նիրհը չպետք է խանգարվի։ Այս հողի ամեն մի թիզը շաղախված է մեր նախնիների արյամբ ու քրտինքով։ Կմեռնենք, բայց մեր պապերի հողը չենք տա թշնամուն…»:
Համակ հայրենասիրությամբ և հերոսականությամբ շնչող այս ժողովածուի մեջ առանձնանում է «Մեր ճակատի գիրը» բանաստեղծությունը.
«Խաղաղ օրերին՝ օտար ափերին,
Վտանգի ժամին գալիս-մեկտեղվում,
Սեղմվում են իրար, մի բռունցք դառնում,
Հայոց անկոտրում ոգին է հառնում։
Եվ ազատության սերունդը ջահել,
Որի թիկունքին մանուկ և ահել,
Ելավ ու ծնկի բերեց թշնամուն,
Բայց զոհեր տվինք՝ տղերք քաջանուն։
Հաղթության շառաչ, կորստյան հառաչ…
Մեր ազատ, անկախ կյանքի գինն է դա,
Մեռնել-հառնելը, վրեժն իր առնելը,
Հայի ճակատի հավերժ գիրն է դա»:
Այդուհանդերձ, Ռ. Գրիգորյանի քնարական գործերի թագն ու պսակը ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հավերժական կտակ» ստեղծագործությունն է, որով արցախցի պապը թոռանը կտակում է իր պապից ժառանգած ամենաթանկը՝ Հող հայրենին։
«…Կլինես աղքատ, կլինես հարուստ,
Հիշի՛ր, հողն այս մե՛րն է ի վերուստ,
Այս հողի՛ վրա դու ապրիր հպարտ,
Դու միայն այստե՛ղ կլինես անպարտ»:
Հայը միայն իր հողի վրա է հպարտ և անպարտ։ Սա է «Խոնարհումով» գրքի խորհուրդը… Սա է գրքի հեղինակ Ռուբեն Գրիգորյանի պատգամը սերունդներին։
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր,
ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ
Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Հոգևոր-մշակութային