ՃԳՆԱԺԱՄԸ ԲԱՔՎԻՆ ԿԴՐԴԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ
Միջազգային շուկայում նավթի գնի անկման պատճառով ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել Ադրբեջանում էլեկտրաէներգիայի հիմնական արտադրող «Ազէներջի» ընկերությունը: Միջազգային վարկանիշային գործակալությունները, մասնավորապես՝ հեղինակավոր «Fitch Ratings»-ը նույնիսկ իջեցրել են այդ կազմակերպության վարկանիշային ցուցանիշը՝ գնահատելով այն որպես բացասական: Նույն վիճակում են հայտնվել նաև ոլորտի երկու այլ կառույցներ՝ «Ազերիգազ» և «Ազերիիշըղ» ընկերությունները, ինչի պատճառով երկրում սպասվում է կենցաղային ծառայությունների սակագների աննախադեպ աճ: Ըստ փորձագետների, նշված երեք ընկերությունների վիճակն այնքան է վատթարացել, որ նրանք չեն կարող իրականացնել միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները, ինչն ավելի կնվազեցնի վերջիններիս միջազգային վարկանիշը: Արտասահմանյան գործընկերներին պարտքերի գոնե մի մասը վերադարձնելու նպատակով նախատեսվում է շատ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի ազգաբնակչությունից գանձել գազի և էլեկտրաէներգիայի վճարները ավելի բարձր գնով: Ֆինանսական ճգնաժամի հետ կապված, երկու ամսվա ընթացքում Ադրբեջանում իրենց գրասենյակներն են փակել արտասահմանյան յոթ ընկերություններ՝ «Vamed Engineering GMBH», «Vipro UK Limited», «Chemonics International Inc.», «Neu Dynasty International Group Limited», «Arcotrans LLP», «Ivor Promotions LLP», «Champion Technologies Russia&Caspian B.V.»:
Ըստ ամենայնի, հիշյալ ծառայությունների սակագների աճը այս երեք էներգետիկ ընկերությունների միջազգային վարկանիշը պահպանելու նպատակ է հետապնդում: Այս դեպքում, երբ չի արվել բնակչության վճարունակության, միջազգային էներգետիկ և ֆինանսական շուկաներում առկա զարգացումների պատշաճ ուսումնասիրություն: Կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ չի հաշվարկել սպառողական նվազագույն զամբյուղը: Սակագների թանկացումը կարող է մեծ հարված հասցնել ինչպես մանր ձեռնարկատիրությանը, այնպես էլ սոցիալական տարբեր շերտերի: Բնակչությունը հարկադրված կանցնի խոր տնտեսման, կկրճատվեն աշխատատեղերը, կնվազեն աշխատավարձերը: Ընդհանուր առմամբ, կբարձրանա աղքատության մակարդակը ¥այսօր Ադրբեջանում աղքատ է համարվում շուրջ 2-2.5 միլիոն մարդ): Սակագների աճը ծանր բեռ կդառնա հատկապես տարեց ազգաբնակչության համար: 2017 թվականին թոշակների 12%-ով և սոցիալական նպաստների 10%-ով նախատեսված բարձրացումը նոր պայմաններում քաղաքացիների վճարունակության վրա որևէ դրական ազդեցություն չի կարող ունենալ: Ավելին, գնաճը անկասկած կհանգեցնի սոցիալական դժգոհության: Եվ եթե ընդունենք, որ բնակչությունը կարող է հրաժարվել նոր սակագներով կենցաղային վճարումներ կատարելուց կամ որոշ ծառայություններից, ապա այդ դեպքում Ադրբեջանի կառավարությունը չի կարողանա ապահովել էներգետիկ երեք ընկերություններին խոստացված միջոցների լիարժեք հավաքագրումը:
Հաջորդ տարի մանաթի լուրջ արժեզրկում է սպասվում: Նոյեմբերից առևտրային բանկերը ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանել են 1,8 մանաթ, բայց վերջին ամսվա ընթացքում նախընտրում են տարադրամ չվաճառել, ինչի պատճառով «սև շուկայում» դոլարի փոխարժեքը հասել է 1,9-ի, որքան էլ Ադրբեջանի Կենտրոնական բանկը փորձում է պահել 1,737 մանաթի սահմաններում:
Կոմունալ ծառայությունների ոլորտում թանկացումներից խուսափելու, երկրում գնալով ծանրացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով Ալիևի վարչակարգը կառուցողական մոտեցման փոխարեն նախատեսում է 2017 թվականի բյուջեից մեծ գումարներ հատկացնել ռազմական ոլորտին և միջազգային նշանակության մի քանի խոշոր միջոցառումների կազմակերպմանը: «Իսլամական համագործակցություն» և «Ֆորմուլա-1» խաղերի կազմակերպման համար նախատեսվում է ծախսել շուրջ 317 միլիոն մանաթ ու շուրջ 330 միլիոն մանաթ էլ կուղղվի մարզական նոր օբյեկտների շինարարությանը: Համեմատության համար նշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տուժած ադրբեջանական համայքներում մեկ տարվա ընթացքում ամբողջական կամ մասնակի վերականգնվել է մոտ 1000 բնակարան, որից մի մասը՝ նաև բնակչության միջոցներով: Որևէ այլ փոխհատուցում չի տրվել:
Բացառված չէ, որ սոցիալական լարվածությունը մեղմելու և բյուջեի միջոցները առավելապես ռազմական ոլորտին տրամադրելը արդարացնելու համար Ալիևյան վարչակարգը կարող է դիմել հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման՝ հայտարարելով, թե պատրաստվում է «ազատագրել զավթված հողերը»: Նման արկածախնդրությամբ թերևս կարող է շեղել բնակչության ուշադրությունը սոցիալ-տնտեսական հասունացող ճգնաժամից և որոշակի զսպել հասարակության ընդվզումը: Ոչ ավելին…
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #49 (1169) 14.12.2016 - 20.12.2016, Տարածաշրջան