Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԻՏԱՆԻ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…



Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար ԼՂՀ նախագահի 1995թ. թիվ 42 հրամանագրով Գավրիլ Աշոտի Միրզոյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Անվեհեր հայորդին մարտական փառավոր ուղի է անցել։ Մասնակցել է Շեխեր-Դավալու Խութ պաշտպանական գծում տեղի ունեցած բոլոր մարտերին, զենքը ձեռքին մարտնչել Ղաջարի, Յաղլեւանդի, Ֆիզուլիի, Ժդանովի, Հորադիզի, Աղդամի, Մարտակերտի, Արամի տապաստանի ազատագրման համար մղված կռիվներին՝ իր անօրինակ քաջագործությամբ ոգեւորելով զինակից ընկերներին։

Վերջին մարտը նա մղել է Սեյսուլանի մոտ, Ղլիխչիլար գյուղի համար։ Պատմում են, որ վիրավոր էր ձախ թեւից, ու թեեւ արյունը շիթ-շիթ ծորում էր վերքից, թեեւ ընկերները հորդորում, համոզում էին դուրս գալ կռվի դաշտից, նա էլի շարունակում էր մնալ առաջին գծում, չէր ուզում զենքը ցած դնել։ Վաշտի զինվորները, ցուցաբերելով կամքի անասելի ուժ ու մեծ անձնազոհություն, կրակի տարափի տակ քայլ առ քայլ առաջ էին շարժվում։ Բոլորը՝ Վլադիկը, Կարոն, Արտեմը, Դավիթը, մյուսները, ասես մի շունչ ու մի մարմին դարձած, նորից ու նորից գրոհում, ջանում էին ժամ առաջ հետ շպրտել դիրքերին մոտեցող ադրբեջանցիներին։ Գավրիլը, որ վաշտի հրամանատարի տեղակալն էր, անտեսելով վիրավոր բազկի հետզհետե սաստկացող ցավը, գոչում, բացականչում է՝ առա՜ջ, առա՛ջ, տղանե՛ր…

Եվ ահա, ուր որ է, փախչող թշնամու հետքով տղերքը պիտի հասնեին առջեւում փռված թփուտներին, թվում էր` ուր որ է, հաղթանակը ցնծություն պիտի պատճառեր մեր մարտիկներին… Երբ հանկարծ, չգիտես որտեղից, թուրք նշանառուի արձակած գնդակը խոցեց Գավրիլին, ու նա արնաշաղախ ընկավ գետնին։ Թավիշ կանաչը մեկեն կարմրով ներկվեց… Մարտակերտի հողը հայրենասեր մարտիկի վերջին խիզախության վկան եղավ։

1994 թվականի ապրիլի 26-ն էր. հերոսի դին հողին հանձնեցին հայրենի գյուղում` Հայրենական մեծ պատերազմում զոհված շեխերցիների հիշատակն անմահացնող հուշարձան-կոթողի հարեւանությամբ։

Այսօր, ավելի քան տասնհինգ տարի անց, Գավրիլի գերեզմանը դարձել է ուխտատեղի։

♦♦♦

Գավրիլ Միրզոյանը ծնվել է 1949թ. հունիսի 11-ին։ Միջնակարգն ավարտել, ապա ուսումը շարունակել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1972-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ մտել է դասարան։ Ֆիզիկա էր դասավանդում։ Այն էլ ինչպե՜ս… Մինչ ուսուցչությամբ զբաղվելը, ծառայել էր խորհրդային բանակում, աչքի ընկել գերազանց կարգապահությամբ ու ռազմական տեխնիկային տիրապետելու բնատուր ունակությամբ։

…Անթիվ-անհամար ծրագրեր, երազանքներ ուներ։ Նրա ամենամեծ երազանքը իր հինգ զավակներին կյանքում իրենց տեղը գտած, բախտավոր տեսնելն էր։ Բազում պայծառ երազներ… Եվ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից «մոռանալով» ամե՜ն-ամե՜ն ինչ` նորաստեղծ երկրապահ ջոկատի կազմում դարձավ մարտական առաջին գործողությունների ակտիվ մասնակիցներից։

Կինը՝ Լաուրան, այսօր էլ անթաքույց հպարտությամբ է պատմում ամուսնու մասին. հիշում է նրա՝ 1992-ի հունիսի 28-ի անսահման ոգեւորությունը։ Այդ օրը ուշ երեկոյան մի երկու ժամով տուն էր եկել ու չափազանց բարձր տրամադրությամբ պատմում էր թուրքին հասցրած առաջին հարվածի, առաջին մարտի մասին։

♦♦♦

Ադրբեջանցիները, որ ներխուժել, հասել էին Կարմիր Շուկա, փակել էին Ստեփանակերտ-Մարտունի, Հադրութ տանող ճանապարհը եւ մահվամբ էին սպառնում կանանց ու երեխաներին։ Մինչդեռ տեսնելով տղաների անձնազոհությունն ու վճռականությունը, եւ, որ ամենակարեւորն է, զգալով նրանց անկասելի ուժը, թշնամին տեղի էր տվել ու փախել գրավյալ տարածքից։

Այդ կռվում Գավրիլը թնդանոթի կրակի տակ գերեվարել էր թշնամու մի ՀՄՄ, առգրավել ու յուրայիններին էր բաժանել յոթ ավտոմատ, շարքից հանել, ոչնչացրել էր թուրքի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդին։

Այս դեպքը նոր շունչ, նոր եռանդ ու ոգի էր տվել ազատամարտիկներին, ինչ խոսք` հենց իրեն իսկ: Ղաջարի մարտում Գավրիլն առաջին անգամ կրակ է բացել իր իսկ սարքած «Գրադ» կայանքից, որը հիմա կանգնեցված է ԼՂՀ զոհված ազատամարտիկների տուն-թանգարանի բակում։ Նայում ես ինքնաշեն զենքի այդ նմուշին ու ակամայից զարմանում, խորհում. «Իսկապես` մեծ խելքի, պրպտող մտքի տեր իմաստուն մարդ…»։

Մի հիշարժան փաստ եւս…

Պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում նրա ղեկավարած վաշտը գրեթե բոլոր մարտերից դուրս է եկել առանց զոհերի: Կարեւոր մի հանգամանք, ինչը խոսում է զինվորի նկատմամբ տածած նրա անսահման հոգածության, իր «ձեռքի տակ» եղած զինուժի գրագետ ղեկավարման մասին։

♦♦♦

Այսօր գյուղի նորակառույց դպրոցի առաջին հարկում կա ճաշակով ձեւավորված «Մահ իմացեալ…» վերտառությամբ մի փոքրիկ ցուցատախտակ, որին փակցված է հերոսի լուսանկարը: Նրա լուռ, ազդու հայացքը բոլոր ներս մտնողներին ասես անդադար պատգամում է. «Լավ իմացեք` Հող Հայրենին թանկ է ամե՜ն-ամե՜ն ինչից…»։

Ու թվում է` հենց նրա ու նրա նմանների մասին է ասված. «Սերը դեպի հայրենիքը իսկական նվիրյալի առաջին արժանիքն է»։ Ինչպես նաեւ մեծ արժանիք է ունենալ արժանավոր զավակներ (երկու տղա, երեք աղջիկ), որոնք երբեք էլ չեն մոռանում, չեն մոռանա իրենց սիրելի հոր՝ Գավրիլ Միրզոյանի փափագը՝ պիտանի լինել հայրենիքին…

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ,
գ. Մեծ Թաղեր, ԼՂՀ

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Ճակատագրեր


13/07/2011