ԽԱՉԸ՝ ԾԱՆՐ, ՓԱՌՔԸ՝ ՄԵԾ
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը երկար տարիներ զինվորական համազգեստ է կրել, ու բազմամյա ծառայությունը պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում նրան հնարավորություն է տվել բանակը ճանաչելու ներսից:
Գրիգոր Ջանիկյանն այն մտավորականներից է, ովքեր զորացրվելուց հետո կապերը չեն խզել ազգային բանակի հետ: Վկայությունը բանակային թեմաներով հեղինակած բազում գրքերն են: Մրցանակների արժանացած այդ գրքերում առանձնահատուկ կերպավորում ունի հայրենաշինության և, ինչպես ինքն է բանաձևում՝ «մարտնչող հայրենասիրության» մոտիվը: Նրա գրականության հերոսը պատերազմի դաշտում կյանքի գնով երկիրը թշնամուց պաշտպանող սխրագործն է ու թիկունքում քարից հաց քամող շինականը:
Հայրենի հողը սեփական արյամբ ու քրտինքով ոռոգող հայը:
Այս անգամ մեր զրույցը Գրիգոր Ջանիկյանի հետ ոչ թե նրա գրականության, այլ Ազգ-բանակ հայեցակարգի իրագործման շրջանակում բանակի առկա հիմնախնդիրների մասին էր:
-Պարոն Ջանիկյան, երբ Դուք գրիչ եք վերցնում բանակի մասին գրելու, հետաքրքիր է՝ ի՞նչ կերպար է ձևավորվում Ձեր մտապատկերում, ի՞նչ նկարագիր ունի այսօր բանակը հասարակության տարբեր շերտերի աչքում:
-Բնական է՝ ժողովրդի պատկերացումները բանակի մասին երբեմն հակասական են, քանի որ սպաներից մեկը կրծքով փակում է թշնամու գնդակի ճանապարհը ու, հարվածն իր վրա վերցնելով, փրկում զինվորի կյանքը, մեկ ուրիշ սպա զորամասում ձեռք է բարձրացնում զինվորի վրա: Մի զինվոր մարտադաշտում վիրավոր ընկերոջը օգնելու համար զոհվում է, մեկ ուրիշը խաղաղ պայմաններում խլում է զինակից ընկերոջ կյանքը: Այս ամենը չի կարող վրիպել ժողովրդի ուշադրությունից: Տարին երկու անգամ՝ ամեն զորակոչի, հասարակությունից բանակ և բանակից հասարակություն շարժը ներզորամասային բարքերը պարզել են հանրությանը: Եթե զինվորը ծառայում է բարեխիղճ հրամանատարի ղեկավարությամբ, եթե զորամասում իշխում են կանոնադրային հարաբերությունները, զորացրվելուց հետո զինվորի ընտանիքն ու առնչվող անձինք, բնականաբար, դրական պատկերացում են կազմում բանակի մասին: Իսկ եթե զինվորը ծառայում է կիսագրագետ սպայի հրամանատարության ներքո, եթե միջանձնային հարաբերությունները կարգավորվում են «ռազբորկաներով», ապա հետագայում զինվորը իր աննպաստ հիշողություններով թյուր պատկերացում է ստեղծում բանակի մասին: Այս ամենով հանդերձ, իհարկե, հայկական բանակն ունի այնպիսի առավելություններ, որոնք բացահայտ պայմանավորում են նրա պատմական առաքելությունը: Խոսքը մարտունակության ամրապնդման, պետական սահմաններն ամեն գնով պաշտպանելու վճռականության, հետզհետե արմատավորվող արհեստավարժության մասին է:
– Ազգ-բանակ հայեցակարգից ելնելով՝ պաշտանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բանակը հասարակության ամենակուռ ու ամենաբարոյական կառույցն է, իր արժեհամակարգով ամենամոտն է ազգային-պետական գաղափարախոսությանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բանակի թիվ մեկ խնդիրը՝ հայրենիքի պաշտպանությունը, համազգային գերնպատակը համարեց, որի շուրջ հայությունը պիտի համախմբվի Հայրենիքում և սփյուռքում: Դուք ընդունո՞ւմ եք այս գաղափարի առաջնահերթությունը: Այն իրագործելի՞ է:
-Միանգամա՛յն: Ավելին, բանակը՝ որպես համապետական կառույց, ազգային-պետական գաղափարախոսության կարևորագույն կրողը պիտի դառնա: Վիգեն Սարգսյանի՝ «համախմբում բանակի շուրջ» կարգախոսը հենց հզոր ու պաշտպանունակ հայրենիք կերտելու նպատակով համախմբվելու հորդոր է:
-Ինչպե՞ս պիտի, դիցուք, մեր շենքի էլեկտրիկը համախմբվի հզոր, պաշտպանունակ հայրենիք կառուցելու նպատակի շուրջ:
-Պիտի զանազան մեքենայություններով ապօրինաբար հոսանք չվաճառի, գիտակցելով, որ խլում է սահմանին կանգնած զինվորի և այն երեխայի չափաբաժինը, որի հիասթափված ու հուսահատված ծնողը արտագաղթելու է նախապատրաստվում՝ հետը տանելով հայրենիքի վաղվա պաշտպանին: Եթե Ձեր շենքի էլեկտրիկը հայրենասեր, հայրենանվեր զավակներ դաստիարակի, ինքնաբերաբար կհամախմբվի հզոր ու պաշտպանունակ հայրենիքի գաղափարի շուրջ:
-Պարոն Ջանիկյան, չգիտեմ, ո՞վ, ե՞րբ, ինչո՞ւ է վրիպել, բայց, ակնհայտ է, որ մեր ժողովուրդը, իր արյունը բանակին տալով հանդերձ, գրեթե չի մասնակցում բանակաշինությանը, առերևույթ ոչ մի պատասխանատվություն չկրելով՝ կողմնակի դիտորդի նման մերթ ծափահարում, մերթ քննադատում է: Ինձ թվում է՝ առաջին հերթին այս երևույթը պիտի հաղթահարել: Անհրաժեշտ է, որ հասարակության բոլոր խավերն անխտիր մասնակցեն բանակաշինությանը, ունենան ձեռքբերումների հպարտությունն ու բացթողումները հաղթահարելու հոգսը: Ըստ իս՝ հենց սա է Ազգ-բանակ հայեցակարգի բուն էությունը:
– Առաջին քայլը, իմ կարծիքով, բանակը հասարակության համար առավելագույնս թափանցիկ դարձնելը կարող է լինել: Թերությունների մասին չբարձրաձայնելով՝ բանակի ղեկավարությունը միայնակ է մնում դրանք լուծելու ճանապարհին, իսկ դա շատ ծանր, թերևս անհաղթահարելի հանձնառություն է: Բացի դրանից, այժմ բանակում առկա հիմնախնդիրների զգալի մասը ձևավորվում է բանակի շրջանակից դուրս: Մենք տեսանք, թե որքան հակասական կարծիքներ հնչեցին հայրենիքը պաշտպանելիս զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին 1000 դրամ նվիրաբերելու առաջարկի շուրջ: Այն յուրօրինակ հայտածում դարձավ, որը բացահայտեց հասարակություն-բանակ կապի իրական պատկերը, հասարակության՝ բանակաշինության ոլորտում ներգրավվելու տրամադրվածությունը:
– Համոզվա՞ծ եք, որ որևէ այլ երկրում հասարակությունը համընդհանուր հավանությամբ կընդուներ նման առաջարկը:
– Մենք որևէ ուրիշ երկիր չենք, թշնամիներով շրջափակված, պատերազմող փոքր պետություն ենք, առավել ևս՝ պատմականորեն ժառանգած, լուծելիք հիմնախնդիրներ ունենք… «Հաղթանակած բանակ», «փառապանծ զինվոր», «հայի մարտական ոգի»…. և նման այլ հռետորա-շքերթային ձևակերպումներն այլևս չեն ներգործում հասարակության ու զինծառայողի հոգեբանության վրա, առավել ևս` բանակի փառքին չեն նպաստում: Անցել են խորհրդային ժամանակները, երբ մեր ճակատագիրը որոշում էին ուրիշները, իսկ մենք բարձրագոչ կարգախոսներին միահամուռ «ուռա»-ներով էինք արձագանքում: Հիմա մե՛նք ենք տնօրինում մեր ճակատագիրը, մե՛նք պիտի բացահայտենք մեր խոցերն ու շուտափույթ ապաքինենք: Ոչ թե մեր թերությունները թաքցնենք, անհարկի պարծենանք….
– Ըստ Ձեզ, որոնք են մեր «խոցերը», ինչի՞ց պիտի սկսենք ինքնաբուժումը: Ի դեպ, և՛ հանրապետության նախագահը, և՛ պաշտպանության նախարարը կարծում են, որ հասարակության գաղափարական ու բարոյական առաջնորդը, առաջընթացի շարժիչը կարող է լինել ազգային բանակի սպայակազմը:
– Բնական է՝ պատերազմող երկրում սպայակազմը, որը արդեն քառորդ դար մեր ինքնիշխան պետականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն է պաշտպանում, հասարակության ամենահայրենանվեր խավը, ամբողջ հայ ժողովրդի մարտական ոգու, նվիրական նպատակների կրողը պիտի լինի: Քառօրյա պատերազմը հերթական անգամ վկայեց, որ հայ սպան հավատարիմ է հայրենիքի պաշտպանի իր կոչմանը: Սա բացահայտ փաստ է: Խնդիրն այն է, թե խաղաղ պայմաններում նույն սպայակազմը որքանո՞վ է նպաստում հասարակության բարոյական նկարագրի ձևավորմանը:
-Ձեր կարծիքով՝ այժմ ի՞նչն է բանակի ու հատկապես սպայակազմի հեղինակությունը վնասում:
– Բանակի, սպայակազմի հեղինակությունը նախ և առաջ վնասում է աղաղակող շերտավորումը, այսինքն՝ կենսամակարդակների բևեռացումը: Ինչը հակասություն է հարուցում, չի նպաստում զինվորականության միասնականությանը, խարխլում է գաղափարական համախմբումը: Էլ չեմ ասում, որ փոխում է ժողովրդի կարծիքը զինվորականների հանդեպ: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, բանակը մեր իրականության ամենաարդարացի, հավասարամետ կառույցը պիտի դառնա: Միայն այս դեպքում սպայականությունը կարող է լինել հասարակության գաղափարական ու բարոյական առաջնորդը:
-Հանրապետության նախագահը վերջերս իր մի ելույթում սպային մտավորական կոչեց…
– Ուրեմն՝ կենսամակարդակի բևեռացումը մեղմելուն զուգընթաց, պիտի մեղմել նաև մտավոր մակարդակների տարբերությունը, բացառել ցածր ինտելեկտով սպաների առկայությունը բանակում: Սա ուղղակի առնչվում է ռազմական բուհերի գործունեությունը կանոնակարգող ոլորտներին՝ սկսած մասնագիտական առարկաներից, ընդհուպ ընդհանուր իմացությունն ու կենցաղագիտությունը՝ այն նկատառումով, որ շրջանավարտ սպան համակողմանի զարգացած ու կրթված անհատականություն դառնա, ըստ արժանվույն կրի հայկական բանակի սպայի համազգեստը: Ինչը հենց հավաքական կերպարի ձևավորման նախադրյալն է: Հաջորդ կարևոր գործոնը սպա-զինվոր առնչությունների` բանակային կանոնադրությամբ ամրագրված, ապա նաև բարոյական չգրված չափանիշներով սահմանված հարաբերությունների պահպանումն է:
-Որպեսզի ժողովուրդը հարգի ու սիրի սպային, սպան պիտի հարգի, սիրի զինվորին… Սա չվիճարկվող ճշմարտություն է:
-Միանշանակ: Հասարակությունը շատ զգայուն է զինվորի առօրյա, անգամ մանրուքների, տրամադրության, կենսապայմանների, սննդի, արտաքին տեսքի նկատմամբ… Որքան էլ զինվորը հիմնավոր ռազմական գիտելիքներ ստանա, հայրենանվիրությամբ թրծվի, եթե համազգեստը մեծ կամ փոքր է, կոշիկը անհարմար է, բարեխղճորեն չի կատարի զինվորի իր պարտականությունները: Գաղտնիք չէ՝ երկու զինվոր իրար ծեծում են բանակում, ծնողները սպային են մեղադրում: Հայ սպայի Խաչը ծանր է, փառքը՝ մեծ… Ուստի այդ Խաչը պիտի վստահել այնպիսի անձանց, ովքեր ի վիճակի են ու պատրաստ են կրելու և փառքով պսակելու այն:
-Պարոն Ջանիկյան, առերևույթ սերտացրել են զորամասերի ու մտավորականության շփումները, պաշտպանության նախարարությունը զորամասերում ու դիրքերում հաճախակի հանդիպումներ է կազմակերպում ծնողների, մտավորականության, արվեստի գործիչների, լրագրողների հետ, վերջիններս զանգվածային ամենատարբեր լրատվամիջոցներով լուսաբանում են այդ հանդիպումները: Բայց, իմ դիտարկմամբ, նման միջոցառումները ակնկալվող արդյունավետությունը չեն ունենում: Ի՞նչ է Ձեր կարծիքը:
– Տարիներ առաջ, երբ ես իմ առաջին հրապարակումները, ապա նաև՝ գրքերն էի գրում Արփա-Սևան համաժողովրդական կառույցի մասին, հաճախ շաբաթներ էի անցկացնում թունելախորշերում ու թունելագործների բանավաններում: Ինձ ոչ ոք չէր ստիպում, ուղղակի ես ուզում էի խորապես ճանաչել իրականությունը, ճշմարտությունը գրել ստորգետնյա մաքառումների մասին, նպաստել վերջնական հաղթանակին: Ուզում եմ ասել՝ թռուցիկ, նախօրոք ծրագրավորված ու նախապատրաստված հանդիպումներով, հարց-պատասխաններով անհնար է բանակի մասին անկողմնակալ ու հավաստի պատկերացում կազմել, հետևաբար՝ հետագա հզորացմանը, թերությունների հաղթահարմանը նպաստել: Առավել ևս՝ բանակային իրականությունը գեղարվեստական տարբեր միջոցներով հանրությանը ներկայացնել: Կրկնեմ՝ ժամանակն է, որ ձևական հանդիսանքից, փոխադարձ հաճոյախոսություններից գործնականի անցնենք:
-Ակնկալվում էր, որ անցած քսանհինգ տարիների ընթացքում բանակի ու մտավորականների, գրականության ու արվեստի գործիչների կապը հետզհետե պիտի սերտանար, հայ զինվորի կերպարը, ձեռքբերումները ավելի հաճախ ոգեշնչման խթան դառնային: Գեղարվեստական ո՞ր ժանրի ո՞ր երկն է այսօր հավաստի ու համակողմանի արտացոլում հայկական բանակը, զինվորին ու սպային, որոնց կձգտեր նմանվել ազգային բանակի այսօրվա ու վաղվա զինծառայողը:
-Ինձ ծանոթ՝ գրականության ոլորտը նկատի ունենալով, պիտի ասեմ, որ հայկական բանակի մասին լավագույն երկերը մինչև հիմա գրել են մեր այն հեղինակները, ովքեր մասնակցել են Արցախյան գոյամարտին, պետական սահմանների պաշտպանությանը, ապա խաղաղ տարիներին ծառայել են զինված ուժերում, ոմանք սպաներ են դարձել: Իհարկե, ստեղծվածը քիչ է ու չի արտացոլում բանակային առօրյան, առաջընթացը, խոչընդոտող երևույթները: Մինչդեռ զինվորի ճշմարտացի կերպարը մեր գրականության, արվեստի հիմնական թեման պիտի լիներ: Հենց դրանից մենք սկսեցինք մեր զրույցը: Ազգ-բանակ հայեցակարգի բուն նպատակը բանակի ու հասարակության կապերը սերտացնելը, ներուժը միավորելն ու նպատակաուղղելն է, այսինքն՝ բանակաշինության զարգացումն ապահովելը, հայրենիքի սահմաններն անառիկ դարձնելը: Որն իր հերթին հզոր ու մարտունակ հայրենիք ունենալու կարևորագույն գրավականն է:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #49 (1169) 14.12.2016 - 20.12.2016, Հոգևոր-մշակութային