Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՎՈՐԱԿԱՆ-ԱՆՍՈՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ…



ՍՈՎՈՐԱԿԱՆ-ԱՆՍՈՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ...Ոլորապտույտ ճանապարհը, որով «ՈՒԱԶ»-ը մեզ դիրքեր է բարձրացնում, պատված է թանձր մառախուղով: Տեսանելիությունը գրեթե զրոյական է, բայց վարորդն այս ոլորաններով փակ աչքերով էլ կանցնի. ամառ թե ձմեռ, եղանակային բոլոր պայմաններում նա սնունդ եւ անհրաժեշտ պարագաներ է հասցնում դիրքում կանգնած տղաներին:

Արդեն տեղում ենք: Դիրքապահները ծանոթացնում են իրենց հենակետի կացարանային պայմաններին, ճաշարանին: Շրջում ենք խրամուղիներով, ցույց են տալիս իրականացվող բարեկարգման աշխատանքները:

Դիրքի տղաները քչախոս են: Միայն նշում են, որ ծառայությունն անցնում է կազմակերպված, ըստ կարգի, յուրաքանչյուր զինծառայող գիտի իր անելիքը: Դիրքապահների մեծ մասը պայմանագրայիններ են: Հպարտ են, որ իրենց հարազատներին են պաշտպանում, իրենց մոտակա շեները: Երբ փորձում եմ հարցեր տալ, մատնացույց են անում դիտակետում կանգնած երիտասարդին՝

-«Արսենը կասի, ինքը մեր «խոսնակն է»:

Պայմանագրային զինծառայող, 28-ամյա Արսեն Խանինյանը կոթեցի է, ամուսնացած է, ունի մեկ որդի:

ՍՈՎՈՐԱԿԱՆ-ԱՆՍՈՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ...-Երեք տարի է, ինչ պայմանագրային ծառայության մեջ եմ: Ինչպես տեսնում եք, մեր առօրյան հագեցած է: Անընդհատ  բարեկարգում ու ամրացնում ենք հենակետերը: Եղածը ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունք է: Ինչ վերաբերում է ծառայության պայմաններին, դուք ինքներդ էլ համոզվեցիք՝ ապահովված ենք բոլոր անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ գիշերային, ցերեկային տեսանելիության սարքերով:

Հրադադարի խախտման դեպքեր, ըստ դիրքապահի, վերջին օրերին գրեթե չեն եղել: Գրեթե, քանի որ սահմանագոտու այս հատվածում առանձին կրակոցները սովորական են:

-Հաճելի ու միաժամանակ էլ պարտավորեցնող է գիտակցելը, որ մեր երեխաների, մեր ընտանիքների խաղաղությունն ենք պահպանում: Մեր բոլորիս գյուղերն այստեղից երեւում են,-ավելացնում է Արսենը: -Տղաս երկու տարեկան է, բայց հասկանում է, թե որտեղ է հայրիկը, ինչի համար է ծառայում: …Թշնամին մեր աչքի առջեւ է, եւ մենք շատ լավ ճանաչում ենք նրան. ծանոթ ենք նրա բոլոր խորամանկություններին ու հնարքներին: Գիտենք, որ ոչ մի պահ թուլանալ չի կարելի: Ամուր ենք եւ պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման:

Մեզ ուղեկցող զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Չոբանյանը նշում է.

-Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի պատրաստությանը, բարոյահոգեբանական վիճակին: Մինչեւ դիրքեր բարձրանալը զրուցում ենք զինծառայողների հետ, ոչ մի խնդիր անուշադրության չի մատնվում: Առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս դիրքապահների համատեղելիությանը. դիրքում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է գործի միասնական՝ որպես մեկ մարմին: Աննշան մտահոգության դեպքում տվյալ զինծառայողը փոխարինվում է:

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1169) 14.12.2016 - 20.12.2016, Ազգային բանակ


14/12/2016