Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՆԹԱՍՊԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ



Ենթասպա Աշոտ Պետրոսյանն ազգային բանակ է եկել 1992-ին։ Երկար ժամանակ նա ծառայել է տարբեր զորատեսակներում։

Աշոտը ծնվել է 1970թ. Երեւանում, սովորել է N 83 միջնակարգ դպրոցում։ Տասը տարեկանից զբաղվել է բռնցքամարտով, զուգահեռաբար ստացել է երաժշտական կրթություն, նվագում է դաշնամուր ու թավջութակ։

– 1985-ին, ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեցի ֆինանսատնտեսագիտական տեխնիկում, 1988-90թթ. ծառայեցի խորհրդային բանակում՝ Չեխոսլովակիայում` ներկայիս Չեխիայի տարածքում, ավելի ուշ սովորեցի գյուղատնտեսական համալսարանում։

Մինչ բանակ զորակոչվելը Աշոտ Պետրոսյանը բռնցքամարտին զուգահեռ զբաղվում էր նաեւ քիք-բոքսինգով, իսկ բանակում յուրացրեց նաեւ ջիու-ջիցու մարտարվեստի գաղտնիքները։

-Չեխիայում ես ծառայում էի հատուկ նշանակության զորամասում, որտեղ լավ հիմքերի վրա էին դրված պաշտպանական մարզաձեւերը, մանավանդ ջիու-ջիցուն։ Բանակից հետո ես տարվեցի արեւելյան մեկ այլ` այկիդո մարզաձեւով, ավելի ուշ՝ յոգայով։

Ենթասպա Աշոտ Պետրոսյանն այս մարզաձեւերից արժանացել է վարպետության սեւ գոտու, թեպետ սպորտը նրա համար սոսկ մարմնամարզության, հոգեւոր-բարոյական հատկանիշների կատարելագործման միջոց է։

Սիրով կզբաղվեի մեծ սպորտով, սակայն Արցախյան շարժումը, պատերազմը, ԽՍՀՄ փլուզումը ձախողեցին բոլոր ծրագրերս։ Ես եկա նոր-նոր կազմավորվող ազգային բանակ` մտածելով, որ սա այն բնագավառն է, որտեղ կարող եմ օգտակար լինել մեր ժողովրդին։ Այսօր իրավիճակը բոլորովին այլ է, բայց անկախության առաջին շրջանում ազգային բանակի ստեղծումը եւ Արցախի պաշտպանության կազմակերպումը մեր ժողովրդի առջեւ ծառացած հիմնական խնդիրներն էին։

Աշոտ Պետրոսյանը վաղուց N 1 ֆեդերացիայի (մարտ` առանց կանոնների) գլխավոր մարզիչն է եւ ամեն ինչ անում է, որ հնարավորինս շատ երեխաներ (նաեւ մեծահասակներ) զբաղվեն սպորտով։

– Ֆեդերացիայի նախագահը Փայլակ Հայրապետյանն է` Հովիկ Հայրապետյանի որդին։ Մենք անընդհատ ընդարձակում ենք մեր գործունեության սահմանները, ավելացնում մեր սաների թիվը։ Մասնակցելով Եվրոպայի, աշխարհի ու տարբեր միջազգային առաջնությունների ու մրցաշարերի` մեր սաները մշտապես հաջողությունների են հասնում, դառնում չեմպիոններ ու մրցանակակիրներ։ Միաժամանակ, մեր տղաներն իրենց շատ լավ են դրսեւորում բանակում, զինվորական ծառայության ընթացքում։

2005-ից Աշոտ Պետրոսյանը հրապուրվել է լողով, իսկ 2008-ին նա Սեւանա լիճը կտրեց- անցավ երկայնքով՝ հաղթահարելով շուրջ 60 կմ ջրային տարածություն։

– Մարզվելով լճում` ես նախ հաղթահարեցի 18, 25, 33 եւ 40 կմ տարածությունները, իսկ 2008-ին «Միասին» շարժման ղեկավարությունը կազմակերպեց այդ միջոցառումը։ Մինչ այդ, Սեւանում 45 կմ տարածություն էր հաղթահարել ռուսաստանցի մեր հայրենակից Իգոր Ներսիսյանը։ Ես լողը սկսեցի Կարճաղբյուրի մոտից եւ լճի երկարությամբ 14 ժամում անցա 60 կմ, ջրի ջերմաստիճանը տատանվում էր 14-9 աստիճանի միջեւ։ Այդ ընթացքում երկու անգամ հյութ եմ խմել ու չեմ հանգստացել։ Նավակներով ինձ ուղեկցում էին փրկարարները։ Այնտեղ էին Լեւոն Մարտիրոսյանը (հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը), Սերգեյ Վարդանյանը, ռազմական ավիացիայի հրամանատարները… Այս մարդիկ ինձ քաջալերում, ոգեւորում էին, եւ ես նրանց երախտապարտ եմ։

Աշոտը մեր երկրում էքստրեմալ լողի զարգացման ջատագովներից է։ Սեւանա լճի հատումը երկարությամբ (որը միաժամանակ հաշմանդամ երեխաներին օգնելու եւ Սեւանի մասին գիտելիքներ տարածելու ակցիա էր) նրա անձնական ռեկորդն է, որը, ցավոք, չգրանցվեց Գինեսի գրքում` այդ կազմակերպությանը նախօրոք տեղյակ չպահելու պատճառով։

1960մ բարձրության վրա գտնվող քաղցրահամ ջուր ունեցող լճում լողալը չափազանց դժվար է, եւ այդ դժվարությունն արժանապատվորեն հաղթահարեց հայ դյուցազնը։

-Մեր ազգում սպորտով զբաղվողներ եղել են ու այսօր էլ կան։ Պապս, որ Վրաստանում է ապրել, զբաղվել է ծանրամարտով, դարձել է Վրաստանի չեմպիոն։ Մեր ազգից է նաեւ հայտնի լեռնագնաց Սերգեյ Կայֆաջյանը։ Մի քանի տարի առաջ նա նաեւ Արարատ լեռը բարձրացավ։ Ասեմ, որ մեր ժողովրդի հավերժության խորհրդանիշ Արարատ լեռան բարձունքը հաղթահարելը իմ երազանքն է, եւ մի օր ես այն իրականություն կդարձնեմ,- ասաց Աշոտ Պետրոսյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Ազգային բանակ


13/07/2011