ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴԵՐԸ
ԼԱՄԲՐՈՆ
ԼԱՄԲՐՈՆ. բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում: Տարսոնից 38 կմ հյուսիս-արևմուտք՝ Տավրոսի լեռնաշղթայի Գուգլակ և Այդոս կիրճերը տանող լեռնահովտի կենտրոնում: Լամբրոնի անառիկ բերդը կառուցված է քարաբլրի վրա: Պահպանվել են միմյանց հաջորդող 5 մուտքերի ավերակները: Քարաբլրի հյուսիսում կառուցված միջնաբերդը բուն բերդից անջատված էր խրամով, գործածվել է շարժական կամուրջ: Լամբրոնում նշմարվում էին Սկևռա վանքի ավերակները: XI-XIVդդ. Լամբրոնը հայ իշխանանիստ բերդավան էր: XIVդ. սկզբին Լամբրոնը բազմամարդ քաղաք էր: Մինչև XVIIIդ. կեսը Լամբրոնի բերդի դռան վրա պահպանվել է Կիլիկիայի հայկական թագավորության զինանշանը` զույգ առյուծներով, խաչով և հայերեն տառերով: Ամրոցի վերին մասը բարձր ժայռի տափարակ գագաթին է, իսկ մյուս մասը` կից սարահարթի վրա, որը երկու կողմից սահմանափակված է ուղղաձիգ ու տեղ-տեղ պատերի նման տաշված ժայռերով: Պարիսպներն ուժեղացված են ուղղանկյուն և կիսաշրջանաձև աշտարակներով: Մոտենալը հնարավոր է միայն արևմուտքից: Դարպասները հինգն են: Ներսում կա պալատական դահլիճ` հանդիսավոր ընդունելությունների համար: Բերդի ներսը պարիսպներով բաժանված է առանձին մասերի` պաշտպանունակությունը ուժեղացնելու նպատակով: Լամբրոնի մատույցներոմ փոքր ամրոցների համակարգ է, որն առաջինն էր դիմակայում թշնամու հարձակմանը:
ԱՅԱՍ
ԱՅԱՍ. նավահանգստային բերդաքաղաք Ծովային Կիլիկիայում, Ալեքսանդրեթի ծովածոցի հյուսիսարևմտյան ափին, անտառապատ հովտում: Կոչվել է Եգե կամ Եգեա և ունեցել է ազատ քաղաքի արտոնություն: IIդ.-ում կոչվել է Հադրիանա (Հռոմի Ադրանոս կայսեր անունով): IV-VI դդ.-ում եղել է Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի աթոռանիստ:
Բարձր զարգացում է ապրել Կիլիկիայի հայկական պետության ժամանակաշրջանում (XII-XIV): Լինելով Հայոց արքունի կալվածք՝ Ռուբինյանների և Հեթումյանների հովանավորությամբ դարձել է միջազգային առևտրի և արհեստագործության խոշոր կենտրոն: Ժամանակակիցները կոչել են «Հայոց պետության ոսկեղեն խարիսխ», «Հայոց թագավորի նավահանգիստ», «Բազում նավերի նավահանգիստ» և այլն: Այասի հետ առևտրական աշխույժ կապեր են ունեցել ավելի քան 25 երկիր ու քաղաք: Օտարերկրյա վաճառականներն ու գործակալներն Այասում բնակվել են առանձին թաղամասերով (ըստ ազգային և կրոնական պատկանելության), ունեցել են իրենց հյուպատոսը, դատարանը, եկեղեցին, պանդոկները, մթերանոցները, նավերը:
1271թ. հայկական նավով Այասից Պտոլոմայիս է ուղևորվել նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն: Ջենովայի դիվաններում պահպանված վավերագրերում Այասի շուկայում վաճառվող ապրանքներից (թե՛ տեղական, թե՛ ներմուծված) հիշատակվում են զանազան թանկարժեք քարեր ու ազնիվ մետաղներ, նաեւ հանքանյութեր, մետաքս, բամբակ, զարդեր, գործվածքներ, ներկեր, զենք ու զրահ և այլն:
Վավերագրերում հիշատակվող «դրամահատք յարքունի փողերանոցի» արտահայտությունը մատնանշում է, որ Այասը եղել է նաև հայկական արքունի դրամահատության կենտրոն: Հայոց արքունի ապարանքը գտնվել է ցամաքային բերդում, որտեղ բնակվել են պաշտոնյաները (տուկ, կապիտան, մինապան, պռոքսիմոս, նոտարներ, թարգմանիչներ և այլն): Ցամաքային բերդը շրջափակված էր կրկնակի պարսպով (արտաքինը պատնեշվում էր խրամով, ներքինը ամրացված էր բոլորշի աշտարակներով): Բերդի հյուսիսային կողմում` ծովեզերքին, գերեզմանատունն էր: Այասի ծովահայաց և մոտակա կղզյակում Ծովային բերդն է:
Եգիպտոսի արաբական սուլթանությունը, օգտվելով հայկական թագավորության թուլացումից, բազմիցս հարձակվել է Այասի վրա, կողոպտել ու ավերել այն, իսկ 1367թվից` զավթել: 1522թ. Այասը նվաճել է Օսմանյան սուլթանությունը: XVII-XIXդդ. Այասը անշուք գյուղ էր, որ թուրքերը կոչում էի Այասկալեսի: Շրջակայքում պահպանվել են հին ամրությունների, աշխարհիկ ու կրոնական շինությունների ավերակները:
Այասում հայկական կյանքը որոշ չափով աշխուժացել է XIX դ. վերջին և XXդ. սկզբին: Սակայն Այասի հայերը (մոտ 2000 մարդ) տեղահանվեցին և մեծամասամբ բնաջնջվեցին 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ:
ԲԱՅԱՍ
ԲԱՅԱՍ. բերդաքաղաք Ծովային Կիլիկիայում, Ճկներ գավառում, Ալեքսանդրեթի ծովածոցի արևելյան ափին: Բայասի մասին (հատկապես հին ժամանակների) տեղեկությունները սակավ են: XIIդ. վերջին Բայասի տերը դասվել է Կիլիկյան Հայաստանի առաջնակարգ իշխանների շարքը:
Նույն դարում հիշվում են Բայասի Ս.Աստվածածին եկեղեցին, վաճառաշահ շուկան, իջևանատունը, բաղնիքը: Քաղաքի բարձրադիր մասում գտնվող բազմանկյուն և ամրակուռ բերդը խաչակրաց պատմագիրները անվանում են Կուսանաց բերդ: XIIIդ. վերջին, ընկնելով օտար նվաճողների տիրապետության ներքո, անկում է ապրել և վերածվել անշուք գյուղի:
Շրջակա բարեբեր հողերի (առատորեն աճում են կիտրոն, նարինջ, թուզ, թութ, բամբակ, բրինձ) մշակման շնորհիվ բարգավաճել և վաճառաշահ ավան է դարձել XVIII դարում: XIXդ. վերջին և XXդ. սկզբին Բայասը համանուն գավառակի կենտրոն էր: Ուներ շուրջ 5 հազար հայ բնակչություն, որոնք զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով, մասամբ` երկրագործությամբ:
Բայասի հայերը բռնագաղթի են ենթարկվել 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասին թուրքերը կոտորել են գաղթի ճանապարհին, փրկվածներն ապաստանել են Սիրիայում և այլ երկրներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բայասում ապրում էին տարագրությունից վերադարձած մոտ 300 հայեր:
ԿՈՒԿԼԱԿ
ԿՈՒԿԼԱԿ. ամրոց Կիլիկիայի Կուկլակ լեռնանցքում, Փոքր Ասիայից Մերձավոր Արևելք գնացող մայրուղու վրա: Կառուցված է 450մ բարձրությամբ գահավեժ կիրճերով շրջապատված սարահարթի վրա: Ամրոց տանող միակ ճանապարհը եղել է համեմատաբար մատչելի հարավարևմտյան լանջին:
Մոտ 200մ երկարությամբ և 70մ լայնությամբ հարթության տարածքն արևելքից արևմուտք շրջապատված է եղել կիսաբոլոր բուրգերով: Պարիսպների ընդհանուր երկարությունը՝ 700մ: Ամրոցը կիրճին կապվել է գաղտնուղիով: Հայտնի է նաև Դուռն Կապան Կիլիկիո (բացառիկ ամրության և ռազմական նշանակության համար) և Գուգլակ Հայոց անուններով:
Այժմ պահպանվել են պարսպի հարավային և արևմտյան որոշակի հատվածներ, հրդեհից վնասված դղյակի, ջրավազանի բնակելի և օժանդակ շինությունների մնացորդներ:
Խորագիր՝ #50 (1170) 21.12.2016 - 27.12.2016, Պատմության էջերից