Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՌԱԶՄԱՐՎԵՍՏ. ՕԴԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»



«ՌԱԶՄԱՐՎԵՍՏ. ՕԴԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ  ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Ռազմարվեստ. օդային գերակայություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատմության ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանների ներկայացուցիչներ և այլք:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը բացման խոսքում հիշեցրեց, որ հենց այս ինստիտուտում է սկսվել գրքի հեղինակի գիտական ուղին, և այդ ժամանակից ի վեր Արծրուն Հովհաննիսյանի հեղինակած բազմաթիվ գրքեր են դրվել ընթերցողի սեղանին: Պարոն Մելքոնյանը նշեց, որ Ա. Հովհաննիսյանի հատկապես վերջին շրջանի աշխատանքներում փորձ է արվում վերլուծելու և համակարգելու քսանմեկերորդ դարում խիստ տարածում ստացած «անկանոն պատերազմների» տեսական և գործնական բաղադրիչները, սահմանելու «օդային գերակայություն» հասկացությունը և փոքր բանակների ռազմավարության հարցերը, որոնք այս աշխատության մեջ ևս հիմնաքարային են: Նաև փաստեց, որ հեղինակը հսկայածավալ աշխատանք է կատարել հատկապես  ռազմարվեստի պատմության ընթացքում օդուժի գերակա դերի, դրա տարատեսակների և կիրառման համաշխարհային փորձի ուսումնասիրության ուղղությամբ: Աշոտ Մելքոնյանն ընդգծեց այն փաստը, որ «Դասեր մեզ համար» վերնագրված հատվածում զուգահեռներ են անցկացվում համաշխարհային պատերազմների փորձի և Արցախյան պատերազմի միջև՝ հատկապես կարևորելով 1992 թվականի վերջերին ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի կազմակերպումը, ինչը շրջադարձային եղավ Ադրբեջանի օդային գերակայությունը չեզոքացնելու գործում: Ըստ բանախոսի՝ գրքում առկա են նաև որոշ կարևոր մտորումներ ապրիլյան պատերազմի ընթացքի և խնդրահարույց մի շարք հարցերի շուրջ:

«ՌԱԶՄԱՐՎԵՍՏ. ՕԴԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանն իր հերթին  արժևորեց աշխատության մեջ առկա գիտատեսական նորամուծությունները: Սա ծավալուն մի աշխատանք է, որում ներկայացված է ավելի քան 1000 անուն գրականություն, շուրջ երկու տասնյակ պատերազմների ընթացքում կիրառված բազմաթիվ ռազմավարությունների ու մարտավարությունների վերլուծություն: Գրքում համադրված են զինված բախումների քաղաքական, տնտեսական և այլ գործոններ: Այս ամենը կատարված է ՀՀ զինված ուժերի  ռազմական ներուժի և հնարավորությունների հետ համեմատության լույսի ներքո, բանախոսը դա է համարում այս աշխատության գլխավոր առավելությունը:

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, մայոր Արամ Բաղիյանը որպես ոլորտի մասնագետ կարևորեց  գրքում ամփոփված տեղեկությունների  մեծ ծավալն ու գործնական նշանակությունը հատկապես ռազմաավիացիոն տեխնիկայի զարգացման միտումների տեսանկյունից: Նա վստահություն հայտնեց, որ բերված փաստերը, պատերազմների վարման նոր հայեցակարգերն ու մոտեցումները հաշվի առնելը և հնարավորության սահմաններում  մեր զինված ուժերում զարգացնելը կարևոր նախապայման կստեղծեն հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ կանխարգելիչ գործողություններ ծավալելու համար:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս հատորի ստեղծման համար իրեն հարկավոր է եղել շուրջ 15 տարի: Խոստովանեց, որ օդուժի հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը   ուղեկցել են իրեն ողջ գիտակցական կյանքում:

-Գրքի հետ կապված մի մտավախություն ունեմ միայն, որ այստեղ արծարծված հայացքները, խնդիրները, գաղափարները կարող են թյուր կարծիք ստեղծել, թե կարելի է բացարձակացնել ավիացիայի դերը: Իհարկե, ավիացիան շատ կարևոր ուժ է, բայց, այդուհանդերձ, զինվորականի մասնագիտական հմտությունը, ոգին և շարքային զինվորն են կռում վերջնական հաղթանակը: Տեխնիկայի ետևից գնալ պետք չէ, այն պետք է խելքով գործածել, իսկ գործածողը հենց մարդն է. ապրիլյան պատերազմը հենց սա ապացուցեց,-նկատեց Ա. Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը արդեն իսկ սկսել է աշխատել գրքի երկրորդ հատորի վրա, որը կվերնագրվի «Ցամաքային ճեղքում»:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #50 (1170) 21.12.2016 - 27.12.2016, Ռազմական


21/12/2016