ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ: Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս հայտնել է խնդիրներն ու իրավական դաշտում հնարավոր բացթողումները միասնաբար քննարկելու, փոխգործակցությունը միանգամայն նոր՝ առավել բարձր հիմքերի վրա դնելու իր պատրաստակամությունը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը մարտական գործողությունների մասնակիցների սխրանքներն ու հայրենանվեր գործունեությունը հասարակությանը առավել հանգամանալից և պարբերաբար ներկայացնելու, մատաղ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ կատարված կոնկրետ քայլերին։
Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն ու երջանկություն և համոզմունք հայտնել, որ 2017 թվականը կլինի նորանոր հաջողությունների և համաժողովրդական ձեռքբերումների տարի:
Խորագիր՝ Նորություններ