Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԾԻՎՆԵՐԻ ՃԱԽՐԱՆՔԸ»…



«ԱՐԾԻՎՆԵՐԻ ՃԱԽՐԱՆՔԸ»...Մեր թերթի էջերում պարբերաբար անդրադառնում ենք այն նվիրյալներին, ովքեր հայրենիքի պաշտպանության գործում ստանձնել են յուրահատուկ ու կարևոր մի դեր` կրակի տակ արձանագրել, փրկել մեր պատմության դժնդակ օրերի վավերագրությունը, մեր հերոսական զինծառայողների, ազատամարտիկների կյանքի կարևորագույն ակնթարթները՝ որպես անգնահատելի ժառանգություն սերունդներին: Այդպիսի նվիրյալներից է իր տեսախցիկով Արցախյան պատերազմով անցած ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը:

 

-Ես միշտ ասում եմ, որ այդպես էլ զինվոր չդարձա,- ահա այսպես է սկսում մեր զրույցը Սամվել Թադևոսյանը: -Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց իմ պարտականություններից երբեք չեմ շեղվել ու ուժերիս ներածին չափ հավերժացրել եմ Արցախում մարտնչած «Արծիվների ճախրանքը»: Ես լավ դպրոց անցա այնտեղ՝ ռազմի դաշտում՝ տաղանդավոր ու նվիրյալ  մարտիկների կողքին. Աշոտ Ղուլյան, Դուշման Վարդան, Տողի Վիգեն, Շահեն Մեղրյան, Վահե: Ո՞ր մեկի անունը տամ, նրանք շատ էին, և ամեն մեկը մի հրա՜շք… Նրանց հետ շփվելով անցա Մարդ և Հայ դառնալու դժվարին  ճամփան, և եթե ինչ-որ բանի հասել եմ, ապա պարտական եմ նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ազատագրեցին  Արցախ  աշխարհը, էլ ավելի սրբացրին Հող Հայրենին:

Առաջներում երբեմն նեղվում էի. «Ի՜նչ տղերք զոհվեցին, իսկ ես ողջ մնացի… Հիմա կարծում եմ՝ կարևոր բան եմ փրկել… փրկում եմ նահատակ քաջերի սխրանքն ու անմահությունը… Երբեք ինձ որևէ այլ ոլորտում չեմ փորձել. Եռաբլուրի տղերքն ասես ականջիս շշնջում են. «Սա՛մ, դու մեր շարքերում ես»:  Ես ռեժիսոր եմ, և իմ ստեղծագործության թեման պատերազմն է, հայ զինվորն ու Հայաստանը: Փորձել եմ ստեղծել և հիմնել մշակույթի մի ուղղություն,  որն անվանել եմ «Խրամատային գեղարվեստ»: Կարծում եմ՝ հաջողել եմ: Արվեստ, որը ծնվում է պատերազմի ժամանակ, սահմանային իրավիճակներում՝ երգ, պար, արձակ, բանաստեղծություն: Այս շրջանակում  բեմադրել եմ 18 հոլովակ, որոնք շուտով կհրպարակվեն: Մայիս ամսին  կներկայացնեմ իմ նոր Ֆիլմը:

-Ձեր ստեղծած ֆիլմերից որո՞նք են ձեզ առավել հոգեհարազատ:

-2000թ. Ազգային հեռուստատեսությամբ ներկայացվել էին մրցութային ծրագրեր, որոնցից  ընտրվեց իմ «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը:  Այս շարքի առաջին ֆիլմը նվիրված է Մովսես Գորգիսյանին` իմ ընկերոջն ու համակուրսեցուն, ում հետ ուսանել  ենք Արման Մանարյանի արվեստանոցում: Այս շարքով մինչև օրս թողարկվել է 30 փաստագրական Ֆիլմ: 2005 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում իմ սցենարական նախագծով սկսեցի «Չկրակված փամփուշտներ» խաղարկային ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ ոչ մի դերասան չկա. բոլոր կերպարները մարմնավորում են պատերազմ անցած տղաները: Ֆիլմը նվիրված է Սիսական գնդի մարտիկ և մեծ պոետ Աղվան Մինասյանին: Հիանալ կարելի է, թե 22-ը չբոլորած երիտասարդը ի՜նչ զարմանահրաշ ներաշխարհ է ունեցել: Պատիվ եմ ունեցել նրա հետ մասնակցելու Զանգելանի շրջանի մարտական գործողությանը, որի ժամանակ նկարահանված կադրերից որոշ դրվագներ ներառվել  են  «Չկրակված փամփուշտներ» ֆիլմում:

-Ապրիլի սկզբին դուք նորից «շարքում» էիք:

-Ապրիլյան պատերազմի օրերին շատերի նման ես էլ գնացի Արցախ: Ինձ դարձյալ  տնից  դիրքեր տարավ նույն մղումը՝  «Փրկել, ժապավենին հանձնել ինչ հնարավոր է»: Հանկարծ զգացի, որ նույն՝ ջահել թոքերն ու սիրտը ունեմ, նույն առողջությունն ու եռանդը: Այս անգամ, ցավոք, երկար չկարողացա այնտեղ մնալ, որովհետև Երևանում իմ և կրտսեր որդուս՝ Գուժի համատեղ «Կանչ» ֆիլմի պրեմիերան էր` նվիրված ցեղասպանության հարյուրամյակին: Այս անգամ ես հանդես եկա որպես սցենարիստ, իսկ որդիս՝ որպես ֆիլմի բեմադրիչ:

Հիմա էլ անընդհատ Արցախի ճանապարհին եմ. գնում-գալիս եմ: Սիրտս հատկապես «Եղնիկներ» կոչվող դիրքերում է, որտեղ նկարահանած մեծածավալ տարեգրություն ունեմ: Օրեր առաջ դարձյալ այնտեղ էի` դիրքապահների հետ:

-Հիմա՝ հարաբերական խաղաղության այս օրերին, ի՞նչ եք փնտրում այնտեղ` առաջնագծում, ի՞նչ արտասովոր բաներ կան զինվորական առօրյայում:

-Թաքուն շատ բաներ, որոնք ամեն մարդ չի տեսնում, լսում… Գնում եմ, գիշերով նստում զինվորի կողքին, դառնում եմ ընկեր, եղբայր ու հայր: Ծխում եմ հետները ու երկար խոսում: Դիմանկարներ եմ անում այն մարդկանց մասին, որոնք մեր կողքին են, բայց քչերը գիտեն, որ նրանք մեր պատիվն են փրկել ամիսներ առաջ ու այսօր էլ շարունակում են իրենց գործը: Մենք միայն ընդհանուր բաներ գիտենք՝ «Կռիվ էր, տղերքը սահմանը պահեցին» ու վերջ: Միչդեռ այդ խոսքերի ետևում այնքա՜ն  զարմանահրաշ կյանքեր, այնպիսի՜ հրաշք տղաներ կան, որոնց մասին ուզում եմ, որ բոլորը իմանան: Ապրիլյան պատերազմի օրերին Քնարաշեն գյուղի գյուղապետի 5 տղաները ռազմաճակատում են եղել: Ապարանցի 5 եղբայրները՝ երկու եղբայր և երեք հորեղբորորդի, Օմարում են եղել: Պատվազգաց ու առաքինի հայի այս սխրանքներն են ինձ դեպի խրամատ  մղում:  Ի՞նչ կա  սեփական թակարդների մեջ խճճված այս քաղաքում: Չհասկացանք, որ մեր ու Հայաստանի ապագան վճռվում է այնտեղ՝ Արցախում…Գնացի՝ աչքովս տեսա, նկարեցի, որ բոլորը  տեսնեն ու ճանաչեն իրենց փրկիչներին:

Նպատակս այս հերոսների կերպարները մեր հոգու դուռը բերելն է,  որ սիրենք մեր զինվորին, զինվորականությանը: Մեր պաշտպանության նախարարն ասում է. «Ազգ-բանակ»: Քեֆս բերում է: Մենք իրապես բոլորս մի բանակ պիտի դառնանք… Քրիստոսն ասում է՝ վերջին շապիկդ հանիր ու տուր թշնամուդ.  մենք պետք է պատրաստ լինենք մեր վերջին շապիկը տալու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ:

-Ինչո՞վ եք հիմա զբաղված:

-Շատ ու շատ չհրապարակված նյութեր ունեմ: Կարծում եմ՝ կյանքս կհերիքի, որ դրանք բոլորը ավարտուն տեսքի բերեմ:

Չեմ հասկանում նրանց, ովքեր աշխարհ են գալիս բեռ դառնալու, սպառելու եղածը: Մենք այս աշխարհ ենք եկել եղածին ինչ-որ բան ավելացնելու: Եթե Աստված ինձ խելք, սիրտ և աչք է տվել նկարելու և գրելու համար՝ ես ո՞նց այս շնորհները  անփութորեն մսխեմ:

-Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում ի՞նչ տեսաք, իրապես ովքե՞ր են կանգնած սահմանին…

-…Գիտե՞ք ինչ է հերոսությունը: Աննահանջ մղումը, հանճարի դրսևորումը: Մեր մեծերից Նժդեհի խոսքն եմ ուզում մեջբերել. «Ճակատամարտի ելքը վճռվում է ճակատամարտից առաջ»: Այսինքն՝ դու ինչի՞ համար ես գնում կռիվ՝ առաջին հնչած  կրակոցից հետո  փախչելո՞ւ, թե՞… Երանի նրանց, ովքեր պատերազմ են գնում առանց այլևայլ մտածումների՝ վստահ լինելով, որ հաղթելու են: Ապրիլյան պատերազմի ելքը կանխորոշված էր, որովհետև հենց այդպիսի խենթ ու խելառ տղաներն էին կանգնած Հայոց սահմաններին: Ես տեսա նրանց՝ այն տղաներին, որոնք մեկընդմիշտ  հասկացել էին, որ ապրելուց էլ թանկ պատվով մեռնելն է:

-Ի՞նչ կուզենաք հորդորել մեր զինծառայողներին:

– Տղե՛րք, տղերք ջան… դուք գիտեք, մենք ոչ մեկին ոչինչ չունենք հանձնելու, բացի մեր հողը սողոսկած թշնամու դիակներից:

Հպարտ եմ, որ հայ եմ և ապրում եմ  իմ հայրենիքում՝ ի հեճուկս  այն բոլոր դուրսպրծուկների, որոնք փորձում են աղտոտել ՀԱՅԻ տիպարը: Այդպիսիք, անկասկած, յուրաքանչյուր ազգի ներսում էլ կան: Մեր մեջ հանդիպող նման շնչավորներին ես անվանում եմ «մասնագիտությամբ թուրք»… Կարծում եմ, որ դրանց գոյության  համար մի քիչ էլ մենք ենք մեղավոր, ուրեմն բավարար չենք ջանում, որ դաշտը մաքուր լինի …

Բոլոր նրանք, ովքեր ասում են «փոքր Հայաստան», իրենք են փոքր: Սա մեծ Հայաստան է, և այն պարզապես կենսատարածք չի, որի վրա քայլում ենք: Հայաստանը նախ և առաջ հոգևոր հայրենիք է: Մենք աշխարհ ենք եկել որպես հայ և պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ ենք եկել՝ սպառելո՞ւ, թե՞ ավելացնելու: Իմ խորին համոզմամբ, եկել ենք ավելացնելու՝ յուրաքանչյուրս մեր հերթին ու մեր հնարավորությունների սահմաններում: …Միայն թե երբեմն պիտի մտահոգվենք, գուցե ավելի՞ն կարող էինք անել…

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #02 (1173) 18.01.2017 - 24.01.2017, Բանակ և հասարակություն


18/01/2017