2016Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ
Օրերս 1-ին և 4-րդ բանակային զորամիավորումներում ամփոփվեց 2016թ. ուսումնական տարին: Ամփոփման նիստերին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ինչպես նաև կայազորների իրավապահ մարմինների ղեկավարներ:
1-ին զորամիավորումում հաշվետու զեկույցներով հանդես եկան զորամիավորման հրամանատարի տեղակալները: Զեկուցողները ներկայացրին զինծառայողների պատրաստության, զինվորական կարգապահության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, նշված ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց բարելավման ուղիները: Մանրամասն խոսեցին նաեւ մարտական հերթապահության կազմակերպման ու իրականացման միջոցառումների մասին։
Անդրադարձ եղավ անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության ուղղությամբ անցկացվող միջոցառումներին, վարժանքներին ու տարաբնույթ զորավարժություններին:
Զեկուցողները նշեցին, որ անցած տարվա ընթացքում զորամիավորումում շարունակվել են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և պատշաճ սպասարկման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավմանը միտված կարևոր գործողություններ։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր ելույթում նշեց տարվա ընթացքում արձանագրված դրական միտումները, որոնք պետք է կարևոր ուղենիշ լինեն 2017 ուսումնական տարվա համար, իսկ որոշակի բացթողումները շտկելու համար պետք է տարվի միասնական և հետևողական աշխատանք: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը համապատասխան հանձնարարականներ տվեց բացթողումները վերացնելու համար, ինչով էլ էապես կբարձրանա զորամիավորման ենթակա զորամասերի մարտունակությունը:
Ամփոփման ավարտին 2016թ. ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստության բարձր մակարդակի և բարեխիղճ ծառայության համար մի շարք զինծառայողներ արժանացան պարգևների:
1-ին բանակային զորամիավորման թղթակցական կետ
♦♦♦
Գնդապետ Ա. Բուդաղյանը ներկայացրեց 4-րդ բանակային զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, մարտական կիրառման խնդիրները, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկությունները: Նա խոսեց տարբեր ծառայությունների աշխատանքի, արձանագրված հաջողությունների ու դեռևս լուծման սպասող խնդիրների, թերությունների մասին: Գնդապետ Բուդաղյանը նշեց իրենց ֆունկցիոնալ պարտականությունները բարեխիղճ կատարող, ինչպես նաև առօրյա ծառայության ընթացքում որոշակիորեն թերացող սպաներին՝ ընդգծելով մի շարք բացթողումների վերացման ուղղությամբ տրված համապատասխան հանձնարարականների կատարման կարևորությունը:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանն անդրադարձավ զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստականության վիճակին: Վերլուծելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ շեշտեց զորամասերում տեղ գտած թերությունները, դրանց վերացման համար անհրաժեշտ միջոցառումները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը զեկուցեց ստորաբաժանումներում բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության մասին: Ներկայացրեց զինվորական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները: Գնդապետ Հարությունյանը մատնանշեց այն միջոցառումները, որոնց շնորհիվ նախորդ տարվա համեմատ նվազել են անցանկալի դեպքեր-պատահարները:
Զեկույցներով հանդես եկան նաև գնդապետ Էդուարդ Տոնոյանը և գնդապետ Մհեր Մարտիկյանը՝ զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման վիճակը, թիկունքային ապահովման խնդիրներն ու կազմակերպչական աշխատանքները թեմաներով: Նշենք, որ երկու ոլորտներում էլ 2016թ. ուսումնական տարում արձանագվել է առաջընթաց, նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:
Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը փաստեց, որ զորամիավորումում առաջընթացն ակնառու է բոլոր ուղղություններով, սակայն անելիքները դեռ շատ են: Նա հավաստիացրեց, որ ստորաբաժանումները մարտունակ են, ունակ կատարելու իրենց առջև դրված մարտական առաջադրանքը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի իր ուսերին դրված ահռելի պատասխանատվությունը սեփական ժողովրդի անվտանգության ապահովման սրբազան գործում և շարունակի կատարելագործվել:
Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մի շարք հանձնարարականներ տվեց զորամիավորման պահպանության, անհրաժեշտության դեպքում պաշտպանության ժամանակ կազմակերպվող միջոցառումների կատարելագործման ուղղությամբ:
Զորամիավորման ռազմական խորհրդի ամփոփիչ նիստը եզրափակվեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների խրախուսմամբ: Լավագույն զինծառայողները պարգևատրվեցին արժեքավոր նվերներով, պատվոգրերով, շնորհակալագրերով ու կրծքանշաններով:
4-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #02 (1173) 18.01.2017 - 24.01.2017, Ազգային բանակ