Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ



ՀՐԱՆՏ ԴԻՆՔՀրանտ Դինք՝ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» հիմնադիր և գլխավոր խմբագիր: Թուրքահայ մտավորականներից մեկը, որ հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Սպանվել է 2007թ. հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրատան առաջ:

Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։

♦♦♦

«…Միշտ նկատել եմ աչքերի խոնավությունը… Հրանտին հետևելիս տեսնում էի, թե ինչպես էր նա միշտ ներքուստ արտասվում։ Անհավատալի մարդ էր։ Այսքան անդրադառնալ ապրածներին… Ինչ համբերություն ուներ, դիմացկունություն… Ինչպես է դիմացել։ Զարմանալի մարդ էր։ Այնքան խորն էր մտածում, այնքան էր հարցի մեջ և այնքան ճիշտ տեղում էր, որ … Ո՛չ այս ամենի վրա հիմնված ազգայնականություն ունեցավ, ո՛չ էլ դիմացինի հանդեպ թշնամություն։ Դրա համար պետք է Հրանտին հասկանալ, ինչ էր ուզում…»։

Ֆեթհիյե Չեթին և Այշեգյուլ Ալթընայ, «Թոռները»

♦♦♦

Հրանտ Դինքի մահը ստիպեց ինձ ամոթ զգալ…

Հրանտ Դինքն ստիպեց աշխարհին ավելի բաց հայացքով նայել։ Նրանից առաջ ես պարզապես հայկական ծագում ունեի, իսկ հիմա ես հայ եմ… Սկսել եմ հայերեն սովորել։ … Հրանտ Դինքը շատ կարևոր է հորս և մորս համար։ Նրանք շատ են փոխվել։ Նրանց շատ էր զարմացրել «Բոլորս հայ ենք» կարգախոսը, նրանք դա համեմատում էին իրենց անցյալի հետ և մտածում «Մի՞թե սա հնարավոր է»։ Առաջին անգամ խոստովանեցին, «Մենք փոխել ենք մեր ազգանունը, որ դու որևէ խնդիր չունենաս»… Հիմա, երբ խոսում ենք, հորս աչքերը արցունքով են լցվում, և նա նույնիսկ ասում է. «Կարծում ես՝ պետք է վերականգնե՞մ իմ ազգանունը…»:

Լեյլա Նեյզի «Խոսելով միմյանց հետ»

 

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ

1915 թ. կատարվածն ինձ համար ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է, կասկած իսկ չունեմ:

 

♦   Ես մի մարդ եմ, որը հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը եւ կրում է այս բեռը:

♦   Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից։

♦   Տան մեջ փակված որդի նման էինք ապրում. հեռուստատեսությամբ լսում էինք մեր մասին ասվածները եւ ոչ մի բան չէինք կարողանում անել: Ընդվզում էինք, բղավում, ասում էինք, թե սուտ է այս բոլորը, բայց այդ մասին բարձրաձայն չէինք խոսում: Անհրաժեշտ էր ճեղքել պատնեշը, դրա կարիքը կար… Բայց մտածողության փոփոխությունն անհրաժեշտ է, ժողովրդավարացումը բավականաչափ կփոխի մտածողությունը, ինչքան փոփոխվի մտածողությունը, այնքան ժողովրդավարացումը կարագանա:

♦   Թուրքիան դեռ չի ընտելացել այն մտքի հետ, որ Հայաստանը Կովկասում անկախ պետություն է: Թուրքիայի կեցվածքն ընդհանրապես անկեղծ չեմ համարում:

♦   Որպես հայ՝ ինձ համար ծանր է, երբ իմ ողբերգությունը միջազգային թատերաբեմում քաղաքական հաղթաթուղթ են օգտագործում: Ես սրան չեմ դիմանում, ես ընդվզում եմ…

 

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Հոգևոր-մշակութային


25/01/2017