ԼԱՎԱՇԸ, ԼԱՎԱՇԱՉԱՓ ՀՈՂՆ ՈՒ ԹՈՆՐԻ ԾՈՒԽԸ…
Գյուղի պաղ օդը կամաց-կամաց լցվում է թոնրի թարմ թխած լավաշի բույրով: Հացթուխ Սիլվան վաղ առավոտից գործի է անցել. լավաշ թխելուց առաջ դեռ թոնիրը պետք է վառես, սպասես միջի փայտը մոխրանա, հետո գնդած խմորը գրտնակես, բացես, օդի մեջ էլ մի ձեռքից մյուս ձեռքը գցես ու նոր հանձնես տաք թոնրին: Սիլվա տատն այնքան արագ է անում այս ամենը, այնքան վարպետորեն. քանի տարի է` լավաշ է թխում, տեսնես՝ քանի՞ լավաշ է թխել, երևի՝ թիվ ու հաշիվ չկա… Ամեն թխելուց էլ անպայման մի քանի լավաշ բաժանում է անծանոթներին. «Սալդատի համար է, մատաղի նման, որ Աստված փորձանքից ազատի, փորձանքից հեռու պահի մեր զինվորներին»: Սիլվա տատի թոռներից Հարութն այժմ ծառայում է բանակում, սերժանտ է: Մինչև թոռների ծառայության անցնելը, բանակը Սիլվա տատի համար միայն իր երկրի զորությունն էր, երկիր պահող ուժը: Հիմա բանակը իր թոռն է, ու բանակի հետ կապված ամեն լուր ասես իր սրտի, իր հոգու միջով է անցնում: Ամեն օր պարտադիր հետևում է լուրերին ու երբ լսում է, որ սահմանին անհանգիստ վիճակ է կամ կրակոցներ են, տատի սիրտը կորցնում է հանգստությունը:
-Մի լավաշաչափ հող է մնացել, դրա վրա էլ չեն թողնում հանգիստ ու խաղաղ ապրենք,- բողոքում է: Ապրիլ ամիսը հաճախակի է հիշում, երբ Հարութ թոռից 10-15 օր լուր չկար: Հիմա շատ է զարմանում` սիրտը ո՞նց դուրս չէր թռչում էն տագնապից… Ո՞նց դիմացավ, մինչև թոռը զանգեց. «Տա՛տ ջան, իմ մասին չմտածես, ես շատ լավ եմ»:
Տատի աչքերը թացանում են. վա~յ, մտքերով ընկավ, լավաշը չվառվի~… Հանում է կարմրած լավաշն ու հաջորդը հանձնում տաք թոնրի պատին:
-Մեր պատմությունն էլ մեր լավաշի պես է,- մտմտում է,- կրակի բովում հա եփվում ենք… Էս հողը քանի~ տարի է՝ խաղաղ չէ: Քանի~ տարի է` հոգիներս տագնապած: 18-20 տարեկան մեր երեխեքը հրամանատարների հետ կանգնած են սահմանին, որ մենք գլուխներս հանգիստ բարձին դնենք… բայց ե՞րբ է աչքներիս քուն գալիս որ… Հարութիս ծառայությանը 7 ամիս է մնացել… Արձակուրդ որ եկել էր, ասում էր` տա՛տ ջան, աշխարհի ամենաուժեղ զինվորը էն զինվորն է, ով իր հայրենիքի համար է կռվում, ով իր հայրենիքն է պաշտպանում:
Ոնց էր ոգևորված իր բանակային ընկերներից պատմում, ասում էր` սարի պես իրար թիկունք են, ու ոչ մի թշնամի չի համարձակվի մտնել մեր հողը…
Տատը արևի բույրով և արևահամ ծաղիկ լավաշները դարսում է իրար վրա.
-Հարութ թոռս բանակից փառքով գա, ամբողջ գյուղին «մատաղ-լավաշ» եմ բաժանելու…
Հ.Գ. Սիլվա տատի թոռը` սերժանտ Հարություն Վարդանյանը, ծառայում է առաջնագծում: Որոշել է հետո էլ շարունակել զինվորական ծառայությունը, պաշտպանել երկիրը, որ հայկական օջախներից միշտ էլ թոնրի ծուխը բարձրանա… Հայերիս համար թոնրի ծուխը օջախի ամրության, միասնության և խաղաղության խորհրդանիշ է:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Բանակ և հասարակություն