Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԻՑ` ՍԱՀՄԱՆԻՆ



Բերդավանում չէին մոռացել նաև այդ պահին արձակուրդում գտնվող զինվորներին: Նրանց էլ հյուրընկալեցին համայնքապետարանում, ջերմ ընդունելության արժանացրին և ճանապարհեցին փոքրիկ նվերներով:

Բերդավանում չէին մոռացել նաև այդ պահին արձակուրդում գտնվող զինվորներին: Նրանց էլ հյուրընկալեցին համայնքապետարանում, ջերմ ընդունելության արժանացրին և ճանապարհեցին փոքրիկ նվերներով:

Հայաստանի սահմանամերձ գյուղերից է Բերդավանը: Ադրբեջանի հետ 18 կմ-ոց ճակատ ունի: Սահմանաբերանի մյուս գյուղերի նման հազար դառնություն է տեսել, հազար դժվարություն: Ինչ տեսակի, ինչ տրամաչափի զենքով ասես՝ չեն կրակել այս շենի ուղղությամբ: Գյուղի ժողովուրդը իր մի կտոր հացը արյուն-քրտինքով է վաստակում. այգիներից բերք-բարիքը հավաքում է թշնամու ուղիղ նշանառության տակ, հաճախ չմարող կրակատարափի տակ:

Սահմանային բնակավայրերում ապրողները մի ուրիշ ակնածանքով, մի առանձնահատուկ սիրով են վերաբերվում զինվորներին. զինվորն իրենց խաղաղություն բերողն է, իրենց խաղաղությունը պահողն ու պահպանողը: Վաղուց արդեն ավանդույթ է դարձել` տոնական օրերին բարձրանում են դիրքեր: Այս տարի ևս Ամանորի նախաշեմին այցելեցին իրենց գյուղի սահմանները ամուր և անառիկ պահող զինվորներին: Այս անգամ որոշեցին ամանորյա ծանրոցներով այցելել նաև տարբեր զորամասերում պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնող իրենց համագյուղացի երիտասարդներին (միջոցառումն իրականացվեց համայնքի բնակիչների և տարբեր կազմակերպությունների աջակցությամբ):

Ձմեռային մի առավոտ գյուղից 3 մեքենաներ` ծանրոցներով և ջերմ-ջերմ նամակներով լիուլի բեռնված (գյուղի երաժշտական դպրոցի սաներն իրենց երախտիքի, շնորհակալության խոսքն էին հղել զինվորներին), շարժվեցին մեր երկրի տարբեր անկյուններ: Սահմանից` սահմանին…

-Մեր այս նախաձեռնության մասին գրությունով դիմել էինք պաշտպանության նախարարությանը, և դրական պատասխանը չէր ուշացել: Բոլոր զորամասերում էլ մեզ սրտաբաց էին ընդունում: Շնորհակալ ենք պաշտպանության նախարարին` աջակցության համար,- ասում է Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանն ու շարունակում,-  ամեն ինչ այնքան տպավորիչ էր, սպասվածից ավելի… Որքան էլ մեր հայոց լեզուն ճոխ բառագանձ ունի, հավատացեք` դժվարանում եմ բառեր գտնել մեր տեսածը, մեր զգացածը, մեր ապրումները ամբողջովին արտահայտելու համար: Զորամասերում ջերմ, ընկերական հարաբերություններ էին, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ: Չեմ կարող հպարտությամբ չխոստովանել` հրամանատարական կազմը միայն դրվատանքի խոսքերով էր բնութագրում մեր զինվորներին, խոսում նրանց օրինակելի ծառայությունից: Իսկ մեր տղերքը` ձիգ, հասունացած, զուսպ, ծանրակշիռ, առնական ու պինդ… Մենք բանակ էինք ճանապարհել մեր երեխեքին, հիմա հանդիպել էինք… առյուծների:

ՍԱՀՄԱՆԻՑ`ՍԱՀՄԱՆԻՆԶորամասերից շատերում հրամանատարներն ասում էին` այդքան երկար ճանապարհ եք կտրել-հասել, ուզում եք` մի քիչ շատ մնացեք ձեր զինվորների հետ: Մինչդեռ մեր զինվորները հակառակն էին պնդում. «Ամեն ինչ լավ է, այսքանն էլ բավական է: Ճանապարհ ընկեք, որ մնացած զորամասեր էլ հասնեք, տեսնեք մեր գյուղի մյուս զինվոր տղերքին, թող իրենք էլ մեզ պես ուրախանան…»:

Գնացել էինք մեր զինվորներին ոգևորելու, բայց մենք էլ պակաս չենք ոգևորվել: Վերադարձել ենք ավելի ջերմացած, ավելի թևավորված, ավելի գոտեպնդված: Բանակն այն օղակն է, որին անվերապահորեն վստահում ենք, իսկ մեր 18-20 տարեկան տղերքը մեր երկրի վաղվա հզոր սյուներն են: Այցելությունից հետո բազմաթիվ ծրագրեր ենք նախաձեռնել, որոշել ենք նաև ամռանը զինվորների ծնողների հետ այցելել իրենց զավակների ծառայավայրեր, որ ծնողն իր աչքով տեսնի, թե ինչ պայմաններում է ծառայում որդին, ու սիրտը խաղաղվի: Ասում են` մեկ անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է:

Այս պահին բերդավանցի 45 զինվոր է ծառայում առաջնագծի տարբեր հատվածներում:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

ԶԻՆՎՈՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ

Մենք հպարտ ենք, որ այսքան համախմբված համագյուղացիներ ունենք: Այս ուշադրությունը բազմապատկում, հազարապատկում է մեր սերը մեր գյուղի, մեր ժողովրդի հանդեպ, մեր հող ու ջրի ամեն միլիմետր թանկ է մեզ համար:

Հիմա ավելի հզոր ենք զգում, որովհետև միասին ենք:

Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Բանակ և հասարակություն


25/01/2017