ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հենակետում եմ, որտեղ մարտական հերթապահություն է իրականացնում դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կիմա Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ջոկը: Սահմանի այն կողմում հրետանու արկերի պայթյունների դղիրդներ են լսվում:
-Ի՞նչ կրակոցներ են,-հետաքրքրվում եմ ինձ ուղեկցող դիրքի ավագից:
-Էդ կողմերում ադրբեջանցիները զորավարժարան ունեն, զորավարժություն են անցկացնում,-իմիջիայլոց պատասխանեց կրտսեր սերժանտը:
-Այս տարի ձմեռը սպասվածից ավելի խիստ եղավ,-խոսակցության թեման ակամա փոխում եմ և արագ-արագ շփում սառած ձեռքերս:
-Այս կողմերի համար հատկապես,- ասում է սերժանտը եւ անցում կատարում իր կարծիքով ոչ այնքան զինվորական թեմայից՝ մատնացույց անելով խրամատի նորոգված կրակակետը,-տեսեք՝ ինչ հուսալի է և ապահով, պարոն մայոր:
Ինչ եղանակ էլ լինի, ծառայությունը՝ այն էլ առաջնագծում, պետք է կատարվի ինչպես հարկն է, ինչպես կարգն է: Մարտական հերթապահությունը եղանակային փոփոխություններ չի ընդունում: Սա է ճշմարտությունը:
Ինձ՝ որպես զինվորական լրագրողի, միշտ հետաքրքրել է, թե առաջնագծում ծառայությունն առավել անվտանգ դարձնելու համար ինչ աշխատանքներ են կատարվում: Դիրքի ավագը կարծես կռահում է մտքերիս ընթացքը և անթաքույց հպարտությամբ հերթով ցույց տալիս իրենց կատարած ինժեներական և ամրաշինական աշխատանքները՝ հուսալի խրամուղիները, ապահով խրամաբջիջները, անվտանգ դիտակետերն ու հզոր կրակակետերը:
-Հենց այս կրակակետերից ենք հարկ եղած դեպքում լռեցնում թշնամուն,- վստահ տոնով նշում է ավագը:
Մեզ հետ դիրքեր բարձրացող շարքայիններ Մհեր Գևորգյանն ու Հարություն Գասպարյանը հերթափոխելու են իրենց ընկերներին: Ճակատագրով իրար կապված երկու զինվոր՝ քաջ ու առնական, որոնց մարտական ծառայությունը դարձրել է մտերիմներ, իրենց խոսքով՝ հավերժ անբաժան:
-Ի՞նչ է պարտավոր իմանալ դիտորդը,-հարցնում եմ շարքային Մհեր Գևորգյանին:
-Պարտավոր է իմանալ մարտական խնդիրը, տեղանքի ուրվագիծը, նշանակված կողմնորոշիչները, իր հակառակորդի հենակետերն ու կրակային դիրքերը…
– Աչալրջորեն դիտարկել իրեն հանձնված մարտական դիրքը, լինել զգոն, ուշադրությունը չշեղել,-ընկերոջն է լրացնում Հարություն Գասպարյանը:
Հարությունի առոգանությունից հասկանում եմ, որ «դրսից է եկել»:
-Ռուսաստանի՞ց ես,-հարցնում եմ:
-Այո՛: Տասնհինգ տարի Մոսկվայում եմ ապրել: Այնտեղ եմ մանկապարտեզ, դպրոց հաճախել, զինվորական կադետական ուսումնարան եմ ավարտել: Զինվորական կյանքի այբբենարանը հենց այնտեղ եմ սովորել: Իմ կամքով եմ եկել Հայաստան: Ծառայել-չծառայելու հարցը մեր տանն ընդհանրապես չի քննարկվել: Այսօրվա պես հիշում եմ՝ ծննդյանս օրը հայրս բաժակ բարձրացրեց եւ խմեց հայրենիքի, մեր ժողովրդի, մեր բանակի, բոլոր զինծառայողների ու իմ կենացը, խաղաղություն մաղթեց մեր երկրին, ապա հենց սեղանի շուրջ էլ բոլորի ներկայությամբ ինձ տվեց ինքնաթիռի տոմսն ու ասաց. «Բարով գնաս, բարով վերադառնաս, Հարությո՛ւն ջան: Այնպես կծառայես, որ չամաչենք: Իմացի՛ր, մեկ տարի հետո էլ եղբայրդ է գալու քեզ փոխարինելու»: Ես հիմա սահմանին եմ ծառայում, մարտական առաջադրանք եմ կատարում և հպարտ եմ դրա համար: Մեկ տարուց կրտսեր եղբայրս՝ Արթուրը կգա:
-Մի քանի տարուց էլ իմ եղբայրները՝ Շահենն ու Դավիթը կհամալրեն հայոց բանակի շարքերը,- զրույցին է միանում հերթափոխը հանձնած շարքային Գառնիկ Հովհաննիսյանը, որի ծառայությունը շուտով կավարտվի:
…Որքան էլ լարում եմ լսողությունս, հակառակ կողմից ականջիս էլ չեն հասնում գմփգմփոցներ, դղիրդներ: Նայում եմ թանձր մշուշի մեջ սուզված հարթավայրին: Հեռվից միայն ինչ-որ չորքոտանու կաղկանձ է լսվում:
-Հենց այդ հարթավայրից են կրակում թշնամու դարանակալ դիպուկահարները,-գետնատնակ իջնելու ճանապարհին զգուշացնում է շարքային Արսեն Կալենդարյանը՝ ընդգծելով տեղանքի վտանգավորությունը:
Իրենց նախնիների ուժն ու հպարտությունը ժառանգած, մարդկային հնարավորությունների բոլոր սահմանները գերազանցած այս տղաներն են մերօրյա հերոսները: Փառք ու պատիվ նրանց:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Ազգային բանակ