Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸՊաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 31-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է հայկական պատվիրակությանը և շնորհավորել հայոց բանակի կազմավորման  25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։

Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸՀանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանի «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմաարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաև գիտական հարթությունում։

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 31-ին Թեհրանում այցելել է Իմամ Խոմեյնիի դամբարան, որտեղ նա ծաղկեպսակ է դրել Իրանի Իսլամական հեղափոխության Հոգևոր առաջնորդի շիրիմին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


01/02/2017