ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Հունվարի 28-ը Բանակի օրն է: Բանակի ծնունդը անակնկալ չէր: Այն մեր երազն էր, որն իրականություն դարձավ: Բանակը մեր կեցության, հարատեւության, ինքնության երաշխավորն է: Բանակը մեր տունն ու տանիքն է: Հոյաշուք մի տոն, որի առթիվ խմբագրության փոստը բազում շնորհավորանքներ է ստանում, որոնք էլ շարունակաբար կտպագրենք «Հայ զինվորի» էջերում:
Բարեւ, սիրելի՛ հայ զինվոր, 25 տարեկան դարձած հայոց բանակի քաջարի մարտիկ: Կարծում եմ` թույլ կտաս քեզ եղբայր կոչեմ, քանի որ այսօր ամեն մի հայի համար դու թե՛ եղբայր ես, թե՛ որդի եւ թե՛ հայր: Ուզում եմ հավատացած լինես, որ քո նվիրումն ու գործը գնահատում է հայ ժողովուրդը: Դու նրա համար ամենասիրվածն ես ու գնահատվածը: Բյուր աղոթքներ են բարձրանում առ Աստված քո բարօրության համար:
Իմ եղբայրն էլ այսօր պատվով ծառայում է հայոց բանակում եւ, ով գիտե, գուցե միասին եք ծառայում հենց նույն զորամասում կամ նույնիսկ ընկերներ եք:
Զինվորի բարձր կոչումը, որը կրում եք դուք, ստիպում է ձեզ հաղթահարել` տան, ծնողների, քույրերի ու եղբայրների հանդեպ ունեցած կարոտը եւ հենակետի տղաներով միասին մի բռունցք կազմած` անցկացնել անքուն գիշերներ հայրենիքի պաշտպանության համար:
Սիրելի եղբայր, ծառայակից ընկերներիդ հետ քեզ ցանկանում եմ առողջություն ու հաջողություն, խաղաղ երկինք ու բարի վերադարձ:
ԼԻԼԻԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
12-րդ դասարան
Ողջո՜ւյն, անծանոթ, բայց հարազատ զինվոր:
Արդեն 25 տարի է, ինչ կա մեր բանակը` ամուր հիմքով ու հավերժ կանգուն մեր հայկական բանակը: Իսկ բանակի հիմքում դու ես եւ այն սպաները, ովքեր ուղղորդում են քեզ: Բայց ասեմ, որ հենց քո կամքը եւ ինքնավստահությունը, քո խիզախությունն են միշտ ոգեւորել, ոգեւորում ու ավելի վճռական դարձնում հրամանատարներին:
Քո շնորհիվ ենք մենք հանգիստ եւ խաղաղ ապրում, արարում: Համոզված եմ, որ մեր հանգստությունն էլ քեզ է փոխանցվում, ուժ ու եռանդ է տալիս, որտեղ էլ լինես` զորամասում, թե սահմանի ամենավտանգավոր տեղում կանգնած:
Սիրելի՛ զինվոր, զգոն, աչալուրջ, անքուն, կարոտից խեղդվող, հոգով միշտ տոկուն զինվոր, հիշի՛ր, որ այս ամենապատասխանատու գործում քո թիկունքին ոչ միայն քո զինակից ընկերն է, սպան, այլեւ ընտանիքդ` ամբողջ ժողովուրդը, ովքեր ուրախանում են քեզ հետ միասին ու տխրում քեզնից էլ շատ… Որքան էլ դժվար է ապրել հեռու ընտանիքից, ընկերներից, սիրած աղջկանից, բայց հիշի՛ր` պետք է համառել ու նեղություն, ամեն-ամեն խոչընդոտ հաղթահարել պատվով` հերոսին վայել պարզ ճակատով:
ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԵՊՀ, I կուրս
Բարեւ:
Հետաքրքիր է. այսօր այս ցուրտ եղանակին մենք մեր տներում նստած տաք թեյ ենք խմում եւ չենք էլ պատկերացնում, թե ի՞նչ մեծ գործ եք անում մեզ համար: Չենք պատկերացնում` ինչ է նշանակում պահել սահմանը այս ցուրտ եղանակին` հեռու բոլորից` ընտանիքից, ընկերներից, ամենաթանկ մարդկանցից: Սակայն գիտենք, որ ձեր շնորհիվ է մեր երկիրը կանգուն ու ուժեղ:
Ես էլ եմ որոշ ժամանակ անց զինվոր դառնալու, ես էլ եմ սահման պահելու, ու ես ցանկանում եմ նմանվել ձեզ` նրանց, որոնց շնորհիվ ես այժմ նստած եմ իմ փոքրիկ, տաք անկյունում` ընտանիքիս հետ, ըմպում եմ տաք թեյ ու գրում այս նամակը:
Ուզում եմ, որ առողջ լինես, լինես դիմացկուն, համբերատար եւ ուշիմ:
Շնորհավորում եմ մեր բանակի 25-ամյակը. այսինքն` շնորհավոր տոնդ, սիրելի՛ հայ զինվոր:
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ
12-րդ դասարան
Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Բանակ և հասարակություն