Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 118 ՕՐԸ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 118 ՕՐԸՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 27-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման հարյուր տասնութ օրը, անդրադարձել է ձեռքբերումներին, մեկնարկած ծրագրերին ու անելիքներին:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պաշտպանության նախարարություն իմ մուտքն ազդարարվել է երկու կարեւոր այցերով պաշտպանության բանակ, որտեղ մանրամասն քննարկել ենք խնդիրները, ծրագրերը, անելիքները: Իմ պաշտոնավարման ընթացքում Երեւանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որը շատ լավ հնարավորություն էր բոլոր գործընկերներիս հետ միանգամից ծանոթանալու եւ հետագա փոխգործակցության ծրագրերի մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով: Կայացել է իմ պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Օրակարգում էին ինչպես ռազմաարդյունաբերական ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցերը, այնպես էլ սպառազինությունների համալրման, ուսումնական ծրագրերը, համատեղ զորախմբի ձեւավորումը եւ ՀՕՊ միասնական համակարգի աշխատանքի մեկնարկը: Պաշտոնական այցով եղել եմ նաեւ Հունաստանում, որը մեր բարեկամ երկիրն է եւ  մեծ դերակատարում ունի ՀՀ ԶՈՒ կայացման եւ զարգացման գործում: Այնուհետեւ մեկնել եմ Վրաստան: Ես կարեւորում եմ երկխոսությունը հարեւան երկրների հետ: Մենք վերահաստատել ենք մեր հարաբերությունները, հազարամյա բարեկամությունը եւ արձանագրել ենք, որ ունենք նույն շահը՝ դա անվտանգ եւ կայուն տարածաշրջանն է: Վրաստանը կարեւոր երկիր է ինչպես ռազմական բեռների տարանցման, այնպես էլ հանուն խաղաղ տարածաշրջանի ծրագրի իրականացման համար: Օրերս կմեկնարկի իմ պաշտոնական այցը Իրան: Մենք ունենք բազմաթիվ համատեղ անվտանգային խնդիրներ այս տարածաշրջանում:

Հայաստանը ռազմական փոխգործակցության շարունակական ծրագիր ունի ԱՄՆ-ի հետ: Անկախ նրանից, թե ինչ արդյունք է գրանցվել ԱՄՆ նախագահական ընտրություններում, մենք հույս ունենք, որ պենտագոնը կշարունակի հետաքրքրություն դրսեւորել մեր փոխգործակցության ծրագրի նկատմամբ:

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից մեծ ուշադրություն եմ դարձրել ռազմաուսումնական հաստատություններին: Որպես առաջին քայլ` հայացքս ուղղել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին, քանի որ ապագա կուրսանտների մեծ մասը այստեղ է կրթվում: Մեր գլխավոր նպատակը Մոնթե Մելքոնյան վարժարանը այս տարվա ընթացքում Հայաստանի առաջատար  եւ ամենաուժեղ ավագ դպրոց դարձնելն է: Ես դիմել եմ հանրապետության նախագահին, որպեսզի Դիլիջանում կառուցված ՊԵԿ ուսումնական կենտրոնը հանձնվի վարժարանին: Եղավ լայն քննարկում հասարակության շրջանում՝ արդյոք նպատակահարմա՞ր է «յոթաստղանի հյուրանոցի» փոխանցումը ռազմակրթական հաստատությանը: Ես առիթ եմ ունեցել ձեր գործընկերներին հրավիրելու այնտեղ, եւ էլի կկազմակերպենք նման այց: Դուք կտեսնեք, որ ո՛չ յոթ, ո՛չ էլ հինգաստղանի հյուրանոց է: Շատ լավ ուսումնական կենտրոն է՝ կառուցված մտածված ձեւով:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 118 ՕՐԸՊաշտպանության նախարարությունը «Թումո» կենտրոնի հետ համատեղ ծրագիր սկսելու պայմանավորվածություն էլ ունի, որն ավելի լայն, հավակնոտ ծրագրի սկիզբ է: Առկա են բոլոր հնարավորությունները, որ առաջիկա տարիներին յուրաքանչյուր զորացրվող զինծառայող տիրապետի համակարգչային հմտությունների, գիտելիքների: Եթե բանակը պետք է դառնա այն տեղը, որտեղ մեր քաղաքացիների մի մասը առաջին անգան պետք է  օգտվի համակարգչից, ուրեմն հնարավորություն տանք, որ դա չլինի ուղղակի օգտատերի մակարդակով: Պետք է բոլոր զորամասերում ավելի խորքային դասընթացներ կազմակերպենք: Ծրագիրն արդեն մեկնարկել է «Թումո» կենտրոնների հարեւանությամբ գտնվող Դիլիջանի, Ստեփանակերտի զորամասերում: Կես տարի անց արդյունքները կգնահատվեն, եւ եզրահանգումներ կարվեն: Չենք բացառում խոշոր զորամասերում «Թումո» կենտրոնների հիմնումը: Ժամկետային ծառայությունը զինված ուժերում  չպետք է լինի միայն հայրենիքին պարտք տալու պարտավորություն, պետությունը պետք է աջակցի զինվորի կայացմանը, ամրացմանը թե գիտելիքի, թե ֆիզիկական կոփվածության առումներով: Մենք համագործակցելու ենք նաեւ այլ շահագրգիռ կողմերի հետ արհեստների եւ արվեստների ուսուցման ծրագրեր ներդնելու տեսանկյունից:

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

Ավարտական փուլում է զոհված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների  ապահովագրման հիմնադրամի ձեւավորումը: Մեզ համար չափազանց կարեւոր է այս հիմնադրամի գերթափանցիկ աշխատանքը, որպեսզի հասարակությունը որեւէ կասկած չունենա: Եթե չկարողանանք ապահովել թափանցիկություն, ուրեմն դա կլինի մեր ամենամեծ բացթողումներից մեկը: Առաջիկա օրերին կձեւավորվի զինծառայողների ապահովագրման հիմնադրամի խորհրդի կազմը, որը կհաստատի վճարների տրման կարգը, այնուհետեւ առաջին իսկ ամսվա ընթացքում կկատարվեն հատուցումները: Հիմնադրամի աշխատանքը օրենքով ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, սակայն հունվարից առաջ մենք դեպք ունեցանք Տավուշի մարզում, պարտավորված ենք զգում դեկտեմբերին զոհված զինծառայողների ընտանիքներին նույնչափ, նույն ծավալի գումար փոխհատուցելու մասնավոր նվիրատվությունների, լրացուցիչ հովանավորների աջակցությամբ:

Կգործարկվի նաեւ հիմնադրամի կայքէջը. առցանց կերեւան  ե՛ւ գումարների մուտքը, ե՛ւ պարտադիր վճարները, ե՛ւ կամավորների նվիրատվությունները, ե՛ւ ելքերը՝ ստույգ թվերով:

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերանայելու ենք գնումների գործընթացը: Բանակը մեր երկրի ամենախոշոր գործատուն է, նաեւ՝ խոշորագույն գնում կազմակերպող կառույցը, ուստի կարեւոր է, որ գնումները լինեն արդյունավետ եւ ապահովեն լավագույն որակ  նվազագույն գնով: Մեր հիմնական սկզբունքը լինելու է այն, որ բացառենք միջնորդ կազմակերպությունների գործունեությունը. բանակի մատակարարը պետք է լինի այս կամ այն ապրանքի արտադրողը կամ ներկրողը: Ձեւակերպելու ենք հստակ ընթացակարգեր, որոնք անհնար կդարձնեն որեւէ կոռուպցիոն ռիսկ գնումների կազմակերպման գործընթացում: Բացառելու ենք չարաշահումների հնարավորությունը: Յուրաքանչյուր խնդրահարույց գործի նկատմամբ անաչառ ու հետեւողական ենք լինելու: Եվ եթե իրավապահները համարեն, որ կա հանցակազմ, եւ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ, ապա ՊՆ-ն լինելու է միայն շահագրգիռ կողմ: Արդարադատությունը պետք է լիարժեք իրականացվի, որպեսզի  սահմանին կանգնած զինվորի հաշվին ապօրինի հարստանալ ցանկացողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Շուտով ՊՆ համակարգում էներգետիկ աուդիտ կանցկացվի: Մենք ունենք հոսանքի եւ գազի մեծ ծախս: Կարեւոր է հասկանալ` որտեղ կարող ենք ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, ջեռուցման, ջրի նոր համակարգեր, որոնք կապահովեն ծախսերի կտրուկ նվազում: Ամեն նման լուծում կարող է հսկայական խնայողություններ ապահովել, իսկ տնտեսածը կուղղվի սպառազինության եւ տեխնիկայի ծրագրերի լիարժեք կատարմանը:

 

ԿՈՇԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 118 ՕՐԸԱյս 118 օրերի ընթացքում իմ ուշադրության կենտրոնում էին ծառայության պայմանների բարելավման խնդիրները: Տարբեր ուղղություններով ուսումնասիրություններ են կատարվում: Բայց մի հարց այս տարվա ընթացքում կունենա չափելի արդյունք՝ կբարելավվի զինվորական կոշիկների որակը: Համազգեստի եւ առավել եւս՝ կոշիկի որակը շատ կարեւոր է զինծառայողի համար, քանի որ այն անմիջական կապ ունի թե՛ նրա ինքնազգացողության, թե՛ մարզման կազմակերպման հետ: Մենք միշտ ունեցել ենք կոշկագործության ավանդույթներ: Եվ ես ուզում եմ, որ հայկական բանակի կոշիկը լինի միջազգայնորեն ճանաչված բրենդ, որ այն հաճույքով հագնեն ոչ միայն զինվորները, այլեւ քաղաքացիական անձինք, որ այն լինի հարմարավետ եւ հասանելի իր գնով: Այդ ուղղությամբ արդեն քայլ արել ենք: Նոր պատվիրված կոշիկները տարբերվելու են իրենց որակով, բնական կաշվից մասն ավելի մեծ է լինելու: Սակայն սա մեզ չի գոհացնում. մինչեւ տարեվերջ ունենալու ենք շատ ավելի լավ որակի նոր մոդել:

 

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք ակտիվացրել ենք կապը հասարակության հետ: Կարեւոր ձեռքբերում է 1-28 հեռախոսահամարով ստեղծված թեժ գիծը: Այն շատ ծանրաբեռնված է աշխատում: Օրական ունենում ենք 120-150 հեռախոսազանգ: Թեժ գծի թիմը համագործակցում է մեր բոլոր ստորաբաժանումների հետ, փորձում է օր առաջ, վայրկյան առաջ գտնել բարձրաձայնվող խնդրի լուծումը: Ստանում ենք հեռախոսազանգեր ինչպես անհատական դեպքերի, այնպես էլ համակարգային ու մեծ խնդիրների մասին, որոնք լրացուցիչ ուսումնասիրությունների եւ օպերատիվ աշխատանքի կարիք ունեն: Այս պահին հիմնական զանգերը վերաբերում են զինծառայողների առողջական վիճակին,  զորակոչի իրավական կարգավորումներին:

Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է նաեւ հատուկ օղակ, որն զբաղվում է ՊՆ համակարգում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ: Այդ համակարգն անհրաժեշտ է ինչպես որակի վերահսկողության, արդյունավետության բարձրացման, այնպես էլ ընթացիկ գործունեությունը կազմակերպելու համար: Խմբի գործունեության կարեւոր ուղղություններից մեկն էլ բոլոր զորակոչիկների էլեկտրոնային շտեմարանի ձեւավորումն ու էլեկտրոնային վարման քարտերի ստեղծումն է: Մինչ օրս զինվորների հաշվառումն իրականացվում է թղթային եղանակով` զինկոմիսարիատներում, այնուհետեւ անձնական գործը տեղափոխվում է զորամաս: Էլեկտրոնային շտեմարանը թույլ կտա գնահատելու ինչպես զինծառայողի ծառայության առաջընթացը, այնպես էլ` անհրաժեշտության դեպքում ճիշտ պլանավորելու եւ օգտագործելու նրա ներուժը որպես պահեստազորային ռեսուրս:

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անցյալ տարին նշանավորվեց առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելու կարեւոր աշխատանքով: Խոսքը ե՛ւ դիտարկման սարքերի, ե՛ւ  գիշերային օպտիկական հնարավորությունների ներդրման մասին է: Անդրադառնալով 200 մլն դոլար վարկի տեղաբաշխմանը` ասեմ, որ չեմ կարող բացել ցանկը, քանի որ այն հույժ գաղտնի է: Սակայն, կարող եմ ասել, որ նախատեսված գնումների մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարվում է զինված ուժեր եւ դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցերի, եւ մենք հետամուտ ենք լինելու հնարավորինս արագ ստանալու ամբողջ ծավալը, որովհետեւ դա ուղիղ կապ ունի բանակի մարտունակության հետ: Այն, ինչ ստանում ենք Ռուսաստանից մեր փոխգործակցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, չի կարող լրացնել գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ ունեն մեր զինված ուժերը: Հետեւաբար, մենք փորձում ենք օգտագործել բոլոր հնարավորությունները ինչպես ռուսական, այնպես էլ այլ գործընկեր երկրների շուկաներում:

 

ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐՈՒՄ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում մարտական գործողությունների մասնակցի  մասին նշումի վերաբերյալ հարցը բարձրացվել է զորացրված զինծառայողների հետ  նախագահի հանդիպմանը, նաեւ ահազանգեր ենք ստացել թեժ գծով: Այժմ կատարվում է համակարգային ուսումնասիրություն` հասկանալու, թե ինչո՞ւ է ծագել խնդիրը:

Մի կողմից՝ թվում է, որ ամեն բան պարզ է, մարդն ասում է՝ մասնակցել է, բայց, նշում չեն անում: Մյուս կողմից՝ այդքան էլ պարզ չէ, որովհետեւ քառօրյա պատերազմի ավարտից ու զորացրումից հետո բոլորն են ուզում, որ գրքույկում անպայման գրված լինի, որ իրենք մարտական գործողությունների մասնակից են, որովհետեւ դա մի շարք արտոնություններ է տալիս: Մենք պետք է հետեւողական լինենք եւ հայտնաբերենք մարդու իրավունքի խախտման դեպքերը, բայց եւ պետք է բացառենք լավության կարգով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը շռայլելու արատավոր փորձի ներմուծումը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրական մասնակիցների սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետության վրա:

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

2017 թ. պետական բյուջեն արդեն հաստատված է, եւ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Մենք մեծ ճանապարհ ենք անցել սպայական անձնակազմի աշխատավարձերի վերանայման առումով, սակայն դա ակնհայտորեն բավարար չէ, անհրաժեշտ է սանդղակավորում: Երիտասարդ սպաներն այսօր բավականին մրցունակ աշխատավարձ են ստանում` միջինից շատ ավելի բարձր: Բայց, իհարկե, սա համաչափ չէ ծառայության պայմաններին ու բարդությանը: Սպայի մասնագիտությունը պետք է շատ գրավիչ լինի նաեւ աշխատավարձի շնորհիվ: Թոշակի անցնելիս սպայի տարիքը դեռ թույլ է տալիս, որ նա աշխատի այլ ոլորտներում: Մենք պետք է օգնենք նրան ինտեգրվելու քաղաքացիական կյանքում. օրինակ՝ կառավարման ոլորտում աշխատակիցներ փնտրողները պետք է հասկանան, որ նախկին զինվորականն այս առումով կարող է լավագույն թեկնածուն լինել:

Հ. Գ. Ամփոփելով իր ղեկավարման այս ժամանակահատվածը՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ աշխատանքային առօրյան հագեցած էր. «Այս ընթացքում ունեցել եմ միայն վարսավիրի ծառայությունից օգտվելու եւ ընտանիքիս հետ կիրակի օրերը մի փոքր շփվելու հնարավորություն»: 

Գրի առավ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/02/2017