Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ՛ ԲԱՆԱԿ



ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ՛ ԲԱՆԱԿՀունվարի 28-ին լրանում է մեր բանակի կազմավորման 25-ամյակը: Մենք մեկ անգամ եւս հիշում եւ արժեւորում ենք մեր զինված ուժերը, մեր զինվորին, մեր սպային, հարգանքի տուրք տալիս նրանց հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն մեր ընդհանուր տան:

Ամանորի իր ուղերձում մեր երկրի ղեկավար, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ասաց, որ 2016թ. ապրիլին մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց՝ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան, իսկ գալիք տարիները լինելու են վերելքի, ավելի ուժեղ եւ ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան: Իհարկե, մեր հասարակության եւ պետության կայուն, անվտանգ, ապահով զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինված ուժերն են, որ հաջողությամբ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները:

Հայոց բանակի զինվոր, եղի՛ր այն ամուր վահանը, որ ոչ մի թշնամի երբեք չկարողանա խոցել: Մենք հավատում եւ վստահում ենք մեր ՎԱՀԱՆԻ ամրությանը եւ մարտունակությանը: Հավատում ու վստահում ենք մեր անվտանգ, խաղաղ ու կայուն կյանքի երաշխավորի զորությանը:

Սատար կանգնենք մեր բանակին՝ մեր զինվորին ու սպային: Նրանք մեր հասարակության ամենահարգված ու գնահատված խավը պետք է լինեն: Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալը, վստահելն ու սատարելն է: Սիրենք մեր բանակը՝ յուրաքանչյուրիս գերագույն արժեքը: Մեր օջախներում բաժակ բարձրացնենք բանակի օրվա կապակցությամբ, բոլոր նրանց համար, ովքեր ապահովում են մեր խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք հպարտ ու հզոր ենք մեր բանակով, նրա որակական առաջընթացով: Այն բանակով, որն իր ներդրումն ունի միջազգային անվտանգության պահպանման գործում, որը շիտակ ու վստահ է խոսում իր բոլոր գործընկերների հետ, ինչպես իր խոսքում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Շնորհավորում եմ մեր զինված ուժերի ողջ անձնակազմին, ուժ եւ կորով մաղթում: Խաղաղություն մեր երկրին, ողջ աշխարհին: Փառք ու պատիվ մեր զինվորին ու սպային, հայրենիքի աննկուն պաշտպաններին:

Աստված ապավեն:

 

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» Եզդիների

ազգային միավորում ՀԿ

խորհրդի նախագահ

Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Բանակ և հասարակություն


01/02/2017