Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՐՈԽՏ ՈՒ ԱՆՎԵՀԵՐ՝ ԱՆՎԱՆ ՊԵՍ



ԽՐՈԽՏ ՈՒ ԱՆՎԵՀԵՐ՝ ԱՆՎԱՆ ՊԵՍ1996 թվականի հունվարի 21-ին Արմավիրի մարզի Արեւիկ գյուղում բնակվող Կիրակոսյանների գերդաստանում տոն էր: Կարապետ Կիրակոսյանի ընտանիքում մի նոր արու զավակ էր ծնվել, որին Գոռ անունով կնքեցին: Հետագայում ապրած կյանքով ու հերոսական մահով իր Գոռ՝ խրոխտ, հպարտ, սեգ անվանը արժանի հայորդի եղավ:

Դեռ պատանեկան տարիքից Գոռը տարվեց իր հորեղբոր արհեստով՝ ավտոմեքենաների վերանորոգմամբ: Մեքենաների նկատմամբ մանկական հետաքրքրությունը վերաճեց մասնագիտական ուղղվածության, ինչն էլ ճակատագրական դարձավ պատանու համար:

Հարազատ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2014թ. հուլիսի 4-ին զորակոչվեց բանակ` ծառայության անցնելով Մատաղիսի պաշտպանական շրջանում: Ծնողների հետ խոսելիս չէր գանգատվում զինվորական կյանքից, այլ միշտ հպարտանում էր ծառայության մեջ ունեցած իր հաջողություններով: Դիրքերից իջնելուց հետո էլ մեծ սիրով զբաղվում էր իրեն արդեն հարազատ դարձած զորամասի ավտոմեքենաներով:

2016-ի ապրիլի 1-ին Գոռ Կիրակոսյանն ու իր ընկերները նոր էին հանձնել մարտական հերթափոխն ու անցել «հանգստի», երբ հնչեց տագնապը…:

Ծնողների հետ կարճատեւ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր միայն, որ հենց նոր է դիրքերից իջել, ամեն ինչ կարգին է, եւ ինքն էլ մեխանիկ-վարորդի իր սիրած գործին է:

Մարտական ընտերները հիշում են, որ նա առաջինը պատրաստակամություն հայտնեց զենք, զինամթերք, սնունդ հասցնել Մատաղիսի առաջնագիծը հսկող զինվորներին, այն դեպքում, երբ բոլորն էլ գիտեին՝ դիրքեր տանող ճանապարհները ուժգին արկակոծվում եւ հրետակոծվում են: Մի քանի օր շարունակ Գոռ Կիրակոսյանը դիրքապահներին ապահովում էր ամենաանհրաժեշտով, իսկ վերադառնալիս իր հետ էր վերցնում վիրավորներին:

Հասուն տղամարդուն վայել տոկունություն, կամքի ուժ եւ համարձակություն՝ հենց այսպիսի հատկանիշներով աչքի ընկավ Գոռը՝ հաջողությամբ իրականացնելով իր առջեւ դրված բոլոր մարտական առաջադրանքները: Դեռ շատ այլ քաջագործություններ էլ պիտի կատարեր, սակայն ապրիլի 5-ի չարաբաստիկ օրը հակառակորդի արձակած արկի բեկորից մահացու վիրավորվեց…

♦♦♦

ԽՐՈԽՏ ՈՒ ԱՆՎԵՀԵՐ՝ ԱՆՎԱՆ ՊԵՍԱմիսներ անց հայրենի Արեւիկ գյուղի միջնակարգ դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվեց հայ քաջորդու՝ Գոռ Կիրակոսյանի անունով: Արմավիրում եւ հատկապես Արեւիկում ռազմահայրենասիրական ոչ մի միջոցառում չի անցնում առանց նրա սխրանքը հիշելու: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Մենք ձեզ հետ ենք» հասարակական նախաձեռնության շնորհիվ Գոռ Կիրակոսյանի ընտանիքի հետ մտերմացած ազատամարտիկ Կայծակ Մկրտչյանն ու ՀՀ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Մարտին Նաջարյանը, ինչպես նաեւ այլ ազատամարտիկներ ու զինվորականներ, հաճախ են հյուրընկալվում Կիրակոսյանների հյուրընկալ հարկի տակ, փորձում ամոքել ընտանիքի կորստյան վիշտը:

Հունվարի 21-ին Արմավիրի Կարմիր ակումբի դահլիճը բազմամարդ էր. այդ օրը Գոռը պետք է դառնար 21 տարեկան: Նրա մարտական ընկերները, հարազատները, բարեկամները, համագյուղացիներն ու պարզապես ծանոթները հավաքվել էին մեկտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեր նորօրյա հերոսին: Միջոցառումը մեկնարկեց Արմավիրի կայազորի ավագ գնդերեց Տեր Արիս քահանա Խաչատրյանի օրհնությամբ եւ փառաբանական աղոթքով: Հնչեցին տարբեր ելույթներ, եւ բոլորն անխտիր իրենց անկեղծ ու հուզիչ խոսքում մեծարանքի արժանացրին հայրենիքի համար ընկած քաջորդուն:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամները ծնողներին հանձնեցին իրենց որդու՝ Գոռ Կարապետի Կիրակոսյանին կազմակերպության՝ հետմահու շնորհած «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Ճակատագրեր


08/02/2017