ՀԱՂԹՈՂԻ ԺՊԻՏԸ
Երբ Հայաստան աշխարհը խառնվեց, Հակոբ Պողոսյանն աշխատում էր հեռուստատեսությունում` որպես օպերատոր: Սահմանային բախումների ժամանակ մե՛կ Նոյեմբերյանում էր, մե՛կ Երասխավանում, մե՛կ Արցախում: Միշտ ամենաթեժ, ամենավտանգավոր կետերում էր, ձեռքին իր զենքը` ֆոտոխցիկն ու տեսանկարահանող սարքը. վավերագրում, ժապավեններին ի պահ էր տալիս պատմությունը, ժամանակի դեպքերն ու դիպվածները փրկում մոռացումից:
1992թ. արդեն Շահեն Մեղրյանի ստեղծած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում էր: Հիշում է այն օրը, երբ Մեղրյանն առաջարկեց միանալ իր ջոկատին. «Երկու օր ժամանակ եմ տալիս՝ մտածելու, սա քո իմացած պատերազմը չէ, գնացողների 90 տոկոսը հետ չի գալիս»…
Գնաց: Երկու անգամ վիրավորվեց, բայց «զենքը» երբեք վայր չդրեց:
Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ իր հավատարիմ զենքը ձեռքին դարձյալ առաջնագծում էր:
Ու հիմա Բանակի տոնի առթիվ նրա կադրերով «թերթում» ենք մեր զինված ուժերի 25-ամյա կենսագրությունը: Իսկ լուսանկարները սոսկ համր վկաներ չեն. ամեն նկար մի պատմություն է, որում կա մորմոք, հույզ, տառապանք, կա կորստի ցավ, հպարտություն և հաղթանակ… Լուսանկարներում բանակի անցած ճանապարհն է, անցյալն ու ներկան. հայոց զինուժն ստեղծվեց, կայացավ ծանրագույն պայմաններում, ու կադրերում պատերազմ է, շրջափակում, արտագաղթ, ներգաղթ, փախստականներ, երկրաշարժ…
Եվ այս ամենի կողքին նոր-նոր կազմավորվող բանակի հիմքը` կամավորական ջոկատների տղերքը, մահապարտները… Այս մի լուսանկարում մինչև ծնկները հասնող ձյան միջով առաջ են շարժվում ազատամարտիկները. ազգային բանակի կազմավորման առաջին քայլերն են: Այս ճանապարհին ինչքա՜ն զոհեր եղան` թանկ, շատ թանկ կորուստներ:
Լուսանկարիչն անհուն տխրությամբ է նայում այդ օրերի պատկերները, ինչքա՜ն պատմելու բան կա այդ տղերքի մասին… Պարզունակ որսորդական հրացաններով զինված ազատամարտիկները ոնց էին այն ժամանակ կռվում «Կալաշնիկով» ավտոմատի, ըԾկ-ների, տանկերի, թշնամու մեծաքանակ զինվորների դեմ:
Հին օրերի լուսանկարների կողքին նորօրյա լուսանկարներ են` կանոնավոր բանակի զինվորներ են, զորահանդեսի փառահեղ կադրեր: 25 տարվա մեջ ինչքա՜ն բան է փոխվել. ժամանակակից զինտեխնիկա, հայոց երկնակամարը եռագույնով ներկող օդային շքերթ, մարտերում թրծված կամավորականների փոխարեն արդեն ռազմական կրթություն ստացած, արհեստավարժ սպաներ ու զինվորներ: Ու կադր առ կադր նկատում ես բանակի հզորացումը, բանակի ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները:
Փոխվել է համազգեստը, զորանոցային-ծառայական պայմանները, զինտեխնիկան, բայց մի բան անփոփոխ է մնացել. լուսանկարչական սարքն ամրագրել է զինվորի նույն հայացքը` արծվենի, տիրական, ոգեղեն, կամքով լի:
-25 տարվա ընթացքում ես ոչ մի անգամ դիրքերում չտեսա նվնվացող, ընկճված զինվորի,- ասում է Հակոբը,- ամենասովորական տղայի մեջ էլ հերոս է նստած՝ պատրաստ գիտակցաբար գնալու սխրանքի:
Հակոբը պատմում է, թե ինչպես էին ինքն ու լուսանկարիչ Գերման Ավագյանը ոգևորված, խանդավառ գնում ուղղաթիռ խփած զինվորին հանդիպելու. «Հենց նույն դիրքում էլ կանգնած էր, որտեղից խփել էր թշնամուն: Առանց ոգևորվելու, առանց արտասովոր գունազարդումների, պարզ ներկայացնում էր կատարվածը: Սովորական մի տղա էր, երևի ամբողջովին չէր էլ գիտակցում, թե ինչ է արել: Հետո նկարեցինք մի կապիտանի, որն էլ երկու տանկ էր խփել: Ինքն էլ էնքան սովորական, էնքան պարզ էր ներկայացնում արածը: Իրենց համար սովորական մի բան էր` զինվորի գործն է, ինչպես հացթուխի համար հաց թխելը: Ես այդ ժամանակ Պետրոս Ղևոնդյանին հիշեցի` նա էլ ադրբեջանական «ՍՈՒ»-ն էր ցած գցել, բայց բոլորիս համար սովորական Պետո էր` զուսպ, համեստ: Լավ ու հզոր բնորոշում է մեր խիզախ տղերքի համար` խոնարհ հերոսներ»:
Մի ուրիշ պահ էլ է որսացել լուսանկարչի սուր աչքը. եթե 90-ականներին ռազմաճակատում հասուն տղամարդիկ երիտասարդներին պահում էին իրենց թիկունքում, ապա հիմա ճիշտ հակառակն էր` 18-20 տարեկան տղերքը չէին թողնում, որ տարիքով մեծերը առաջ գնան: Հիմա դիրքում իրենք էին դրության տերը: Ու կամավորները հասկացել էին, որ այլևս անելու բան չունեն` առաջնագծում կայացած, զինվորական գործը հստակ և հմուտ իմացող զինվորներ են:
Բանակային թեմաներով բազմաթիվ լուսանկարներ կան, բայց ամենատպավորիչը, թերևս, ապրիլյան պատերազմին մասնակցած տղերքի դիմանկարների շարքն է: Նկարներում զինվորները ժպտում են, ծիծաղում: Պատերազմի, ցավի միջով են անցել, ցեխոտ, հոգնած, բայց պայծառ դեմքերով են ու լուսավոր ժպտում են: Դա ուժեղ, ինքնավստահ, միշտ առաջ գնացող, ոգին տեղը զինվորի ժպիտ է` հաղթողի ժպիտ…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Բանակ և հասարակություն