Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՈՐՐՈՐԴ ՈՐԴԻՆ ԷԼ ԶԻՆՎՈՐ ԴԱՐՁԱՎ



ՉՈՐՐՈՐԴ ՈՐԴԻՆ ԷԼ ԶԻՆՎՈՐ ԴԱՐՁԱՎՁմեռային հերթական զորակոչի օրը Բերձորում՝ Քաշաթաղի զինկոմիսարիատում, զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը ներկայացնում է Աղավնոյի բնակչուհի Գոհար Ստեփանյանին, որն իր չորրորդ որդուն՝ Նվերին էր ճանապարհում հայոց բանակ: Նվերի ավագ եղբայրներից Հարությունը պայմանագրային զինծառայող է, իսկ Ռոբերտն ու Շիրակը միասին են բանակ զորակոչվել և այժմ հայրենիքի հանդեպ իրենց պարտքն են կատարում Արցախի պաշտպանական շրջաններից մեկի մարտական հենակետերում:

Գագիկ և Գոհար Ստեփանյանների ընտանիքը Աղավնո է եկել Ջերմուկից 1994 թվականին: Վեց զավակների մայր է Գոհարը, երկու դուստրերն ամուսնացել են: Ավագը՝ Աննան, բնակվում է Աղավնոյում, ունի վեց արու զավակ, նրանցից հինգը սովորում են գյուղի Գ. Նժդեհի անվան դպրոցում: Բոլոր զինվորներին ու զորակոչիկներին իր մայրական օրհնանքը տվեց Գոհարը և մաղթեց, որ խաղաղ երկնքի տակ ծառայեն:

Նվերը չի ուզում օգտվել իրավունքից և ծառայել ավագ եղբայրների հետ:

-Եղբայրներս մեր հայրենիքի սահմանների մի հատվածն են պաշտպանում, իսկ ես ցանկանում եմ մեկ այլ հատվածում ծառայելով պիտանի լինել,-ասում է Նվերը:

ՉՈՐՐՈՐԴ ՈՐԴԻՆ ԷԼ ԶԻՆՎՈՐ ԴԱՐՁԱՎՔաշաթաղի շրջանի զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը հայտնեց, որ զորակոչն ընթանում է նախատեսված կարգով, զորակոչիկները տարբեր համայնքներից արդեն հասել են տեղ, անցել վերջնական բուժզննում, եւ այժմ համապատասխան փաստաթղթավորումից հետո տղաները պատրաստ են մեկնելու կենտրոնական հավաքակայան:

Օգտվելով առիթից՝ զրուցեցի զորակոչիկների, նրանց ուղեկցող ծնողների հետ: Երիցվանքի դպրոցի տնօրեն Վարդիթեր Սաֆյանը իր երկրորդ որդուն՝ Կարենին է բանակ ճանապարհում: Ավագ որդին՝ Սերյոժան, ամռանն է զորացրվել. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Այժմ աշխատում է դպրոցում:

-Ուրախ եմ բանակ մեկնում,-ասաց Կարենը, -գնում եմ, որ ավագ եղբորս տեղը դատարկ չմնա: Կծառայեմ, ինչպես նա՝ արժանապատվորեն: Բոլորին մաղթում եմ բարի ծառայություն, մեր ծնողներին՝ համբերություն:

Ավանդույթի համաձայն՝ Քաշաթաղում յուրաքանչյուր զորակոչ ավարտվում է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մոմավառությամբ: Այս անգամ ևս զորակոչիկներն ու նրանց ուղեկցող հարազատները, ընկերները չխախտեցին հաստատված ավանդույթը եւ աղոթք բարձրացրին առ Աստված՝ հանուն հայ զինվորի ոգու եւ բազկի ամրության:

Եկեղեցու բակից Ստեփանակերտ մեկնող ավտոբուսից հայոց բանակի նորաթուխ զինվորների հավաստիացումներն էին բարձր հնչում՝ «ամուր ենք պահելու սահմանը Հայոց»:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Ազգային բանակ


08/02/2017