ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն «Արիության դաս» է անցկացրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
Մովսես Հակոբյանն անդրադարձել է Արցախյան ազատամարտին, ուսանողներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման և առաջընթացի փուլերը, զինված ուժերի կենսագործունեության առանձնահատկությունները, ընդգծել երիտասարդության հայրենասիրական դաստիարակության կարևորությունը, խոսել զինված ուժերում ընթացող բարեփոխումների, արձանագրված հաջողությունների և առաջիկա ծրագրերի մասին: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկաներին հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի ժամանակ, այնպես էլ այսօր հայոց բանակն ամուր է սահմանին` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալու:
Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին:
Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը վստահեցրել է, որ բուհի և բանակի կապն ու համագործակցությունն ամրապնդող հանդիպումները լինելու են շարունակական:
Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում կայացած հանդիպումն ավարտվել է պարգևատրման արարողությամբ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած և զինծառայությունից արդեն զորացրված մի քանի ուսանողների Մովսես Հակոբյանը հանձնել է խրախուսական պարգևներ: