ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ
ՀԱՅՈՑ ԴԱՐՁԸ ԱՌ ԱՍՏՎԱԾ
Գրիգորի` Արտաշատի վիրապում գտնվելու վերջին տարում տեղի է ունենում Գայանյան եւ Հռիփսիմյան կույսերի տանջամահ նահատակությունը, որից հետո հայոց թագավորն ու պալատականները, մայրաքաղաքի շատ բնակիչներ բռնվում են անհասկանալի մոլագարությամբ եւ տանջվում ցավերից: Մարդկային բանականությունը եւ կերպը կորցրած թագավորը, լքած պալատն ու արքունի գործերը, թափառում է եղեգնուտներում: Երկրի համար այդ վշտալի օրերին թագավորի քույրը` Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ Տրդատին ու պալատականներին կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը: Նրան վիրապից հանում եւ բերում են մայրաքաղաք Վաղարշապատ: Մեծ հրաշք էր, որ Գրիգորը ողջ էր մնացել, եւ հրաշք էր, որ նա բժշկում է զղջացող թագավորին ու մյուս մոլագարներին:
Լուսավորիչը ապաշխարության համար սահմանում է հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում է Հայ եկեղեցում եւ կոչվում Առաջավորաց պահք: Այնուհետեւ 60 օր քարոզում է ժողովրդին: Քարոզության վերջին օրը Լուսավորչին հայտնվում է Միածին Փրկիչը` լույսերի մեջ երկնքից իջնելով: Աստվածային հրաշալի տեսիլքով Լուսավորչին ցույց է տրվում Մայր տաճարի հիմնադրման վայրը եւ պատգամվում վկայարաններ կառուցել մարտիրոսացած կույսերի նահատակման վայրերում: Այնուհետեւ Տրդատ թագավորի գործակցությամբ Գրիգորը շրջում է երկրում եւ տարածում քրիստոնեական հավատը: Հայաստանը պետականորեն ընդունում է քրիստոնեությունը: Սակայն ժողովուրդը դեռեւս մկրտված չէր եւ չուներ Եկեղեցու խորհուրդներն ու արարողությունները կատարող անհրաժեշտ թվով հոգեւորականներ ու հովվապետ: Թագավորը Վաղարշապատ մայրաքաղաքում հայոց ավագանու խորհուրդ է հրավիրում, որը միակամ որոշում է Գրիգորին ուղարկել Կեսարիա` եպիսկոպոսական ձեռնադրություն ընդունելու` հայոց հոգեւոր իշխանության գլուխ կանգնելու համար: Այսպիսով, հաստատվում է հայոց կաթողիկոսի համազգային ընտրության` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հնավանդ օրենքը, որը պահպանվում է մինչ օրս:
Ս.ԳՐԻԳՈՐԸ` ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռնադրությունը հանդիսավորապես եւ մեծ շուքով կատարվում է Կեսարիայում: Վերադարձին նա մտնում է Սեբաստիա (Փոքր Հայքում), որը, ինչպես եւ Կեսարիան, առանձնանում էր իր քրիստոնյա բնակչությամբ, եւ իր հետ Հայաստան է բերում նշանավոր հոգեւորականների` Հայաստանում կրոնական կյանքը կազմակերպելու նպատակով: Բերում է նաեւ ս. Հովհաննես Մկրտչի եւ ս. Աթանագինեի նշխարներից: Մտնելով Հայաստան` Լուսավորիչը եւ ուղեկից իշխանները գնում են Տարոն, որտեղ ստիպված են լինում կռվել քրմերի զորաջոկատների դեմ: Վերջիններս պարտություն են կրում, տապալվում են հեթանոսական մեհյանները: Գրիգոր Լուսավորիչը այստեղ ամփոփում է սրբերի նշխարների մի մասը: Ս. Հովհաննես Մկրտչի նշխարների վրա քիչ ժամանակ անց կառուցվում է նշանավոր Սուրբ Հովհաննես վանքը (Մշո Սուրբ Կարապետ):
Տարոնից մայրաքաղաք գնալու ճանապարհին Լուսավորչին եւ նրա ուղեկիցներին ընդառաջ է գալիս հայոց թագավորը` արքունիքով, զորքով ու ժողովրդով: Հանդիպում են Բագրեւանդ գավառի Բագավան վայրում: Այստեղ Գրիգոր Լուսավորիչը 303 թ. հունվարի 6-ի այգալույսին` Ս. Ծննդյան ու Աստվածհայտնության տոնի օրը, Նպատ լեռան ստորոտին, Արածանի գետում մկրտում է թագավորին, Աշխեն թագուհուն, Խոսրովիդուխտ արքայաքրոջը, ողջ արքունիքը, զորքն ու ժողովրդին: Թագավորն ստանում է մկրտության Հովհաննես անունը: Նշխարների մյուս մասը թաղում են Բագավանում` այստեղ նույնպես կառուցելով Ս. Հովհաննես եկեղեցի, որը հետագայում հայոց համար դառնում է նույնքան նշանավոր ուխտատեղի:
Ս. Լուսավորիչը Հայաստանի տարբեր վայրերում բազմաթիվ դպրոցներ է բացում, որոնցում սովորելու համար Հայաստանի տարբեր շրջաններից ուշիմ երեխաներ է հավաքում, ինչպես նաեւ` քրմերի երեխաների, քահանայական ու եպիսկոպոսական ձեռնադրություններ կատարում, երկրի տարբեր վայրեր քարոզիչներ է ուղարկում, պաշտոնյա հոգեւորականներ կարգում, երկրի պետական վարչական կառուցվածքին համապատասխան (նախարարական տներ, գավառներ, նահանգներ) ձեւավորում է Հայ եկեղեցու նվիրապետության կառույցը, հաստատում թեմեր, Հայ եկեղեցու տոներ, սահմանում եկեղեցական կանոններ ու ծեսեր: Ս. Լուսավորչի անունով պահպանվել են 23 կրոնաբարոյախոսական ճառերից կազմված «Հաճախապատում» ժողովածուն, ինչպես նաեւ մի քանի երկասիրություններ ու կանոններ:
Լուսավորիչը կարգավորում է նաեւ քրիստոնեական ծեսը հայոց մեջ եւ 325 թ., իր մահվանից քիչ առաջ, որպես Հայ եկեղեցու Հավատո հանգանակ հաստատում է Նիկիական հանգանակը, որում կատարում է որոշ հավելումներ: Հանգանակը նրա որդին` Արիստակեսն էր բերել` մասնակցելով Տիեզերական առաջին ժողովին:
Այսպիսով, հայոց առաջին կաթողիկոսի գործունեությամբ հայոց Մայր Աթոռը հաստատվում է իր կոչման մեջ: Ընդհանրական եկեղեցու մաս լինելով հանդերձ` Հայ եկեղեցին ձեւավորվում է որպես ինքնուրույն ազգային-հոգեւոր ամբողջականություն` հայոց անկախ պետականության հովանավորությամբ:
ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր