Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՀՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ



ԹԵՀՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆՎերջին մեկ տարվա ընթացքում Իրանի վարած ակտիվ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ անուղղակի միջամտությունը Սիրիայի, Իրաքի, Լիբանանի եւ  Եմենի ներքին զարգացումներին, լուրջ մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնում: Օբամայից հետո այժմ արդեն ԱՄՆ-ի նոր՝ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն է հայտարարում Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ նախորդ վարչակազմի նման չբացառելով նույնիսկ ռազմական միջամտություն, եթե Իրանը շարունակի միջուկային զենքի ստեղծման իր ծրագրերի իրականացումը:

Միացյալ Նահանգների համար անընդունելի է, որ Իրանը ոչ միայն փորձում է միջամտել մերձավորարեւելյան որոշ հիմնախնդիրներին, այլեւ նույնիսկ դրանց հանգուցալուծման իր տարբերակներն է առաջարկում: Իրանի առավելությունները տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական հակառակորդների ու մրցակիցների նկատմամբ ավելի ակնհայտ են դառնում՝ երկրորդական դարձնելով անգամ Միացյալ Նահանգների ջանքերը: Օրինակ՝ Սիրիայում Իրանի դաշնակից կառավարական ուժերը բացարձակ առավելություն են ստանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի կողմից հովանավորվող տարաբնույթ հակակառավարական խմբավորումների նկատմամբ: ԻԻՀ-ի ազդեցությունն էականորեն կրող Իրաքի կառավարությունն աստիճանաբար վերականգնում է տիրապետությունը երկրի ամբողջ տարածքում: Լիբանանում տեւական ճգնաժամից հետո նախագահի պաշտոնում ընտրվել է Իրանի հովանավորյալ «Հըզբոլլահ» խմբավորման աջակցությունը վայելող թեկնածուն՝ Միշել Աունը: Եմենում Թեհրանի հովանավորյալ հութիները լուրջ հաջողություններ են արձանագրում կառավարական ուժերի եւ դրանց ուղղակի հովանավոր հանդիսացող Սաուդյան Արաբիայի ԶՈՒ ստորաբաժանումների նկատմամբ:

Տվյալ փաստն անհանգստացնում է տարածաշրջանում Թեհրանի առանցքային հակառակորդ Իսրայելին: Վերջինս փորձում է ներազդել ԱՄՆ-ի նոր վարչակազմի վրա Թեհրանի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով: Վաշինգտոնն սպառնում է վերադառնալ Թեհրանի մեկուսացման եւ տարաբնույթ պատժամիջոցների նախկին քաղաքականությանը:

Իսրայելը փորձում է ներազդել Իրանի վրա՝  նաեւ ակտիվացնելով եւ սերտացնելով հարաբերությունները Ադրբեջանի հետ: Դա չի կարող վրիպել Թեհրանի աչքից, մանավանդ, որ այդ հարաբերությունների ռազմաքաղաքական բաղադրիչն ավելի ցայտուն է դարձել: Իրանն ստիպված է Թել Ավիվ-Բաքու առանցքին հակակշիռ ստեղծել՝ փորձելով նոր հարաբերություններ հաստատել Երեւանի, Մոսկվայի, ռազմավարական հնարավոր այլ դաշնակիցների հետ: Իրանում չեն կարող բացառել, որ իսրայելական արտադրության սպառազինությունը Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գործադրել իրենց իսկ դեմ: Ուստի, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Բաքու Թեհրանում բանակի զգոնության բարձրացման, նոր ծրագրերի եւ մարտավարության մշակման հերթական խթան է հանդիսացել: Իրանը նույնիսկ շտապել է բալիստիկ երկու հրթիռ փորձարկել, ինչը նյարդայնացրել է Վաշինգտոնին: Սպիտակ տունն շտապել է հայտարարել, որ նման գործելաոճը շատ լուրջ պատժի կարող է հանգեցնել:

Փետրվարի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել բավական կոշտ հայտարարությամբ՝ Իրանը կոչելով «թիվ մեկ ահաբեկչական երկիր»: Ռուսաստանը փորձում է փրկել Թեհրանի վարկը՝ գերատեսչական տարբեր մակարդակներում նրան բնութագրելով որպես տարածաշրջանային կարեւոր դերակատար եւ կայուն գործընկեր, որպեսզի ինչ-որ առումով սրբագրի վերջինիս կապը «Հըզբոլլահի» եւ այլ կառույցների հետ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգում ակնհայտ հակաիրանական ուղեգիծը կարելի է պայմանավորել նաեւ նախագահի մերձավոր շրջապատում հրեական լոբբիի ազդեցիկ դերակատարությամբ: Նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի տարած հաղթանակում անհերքելիորեն ծանրակշիռ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքը: Բացի այդ,  Սպիտակ տան նոր ղեկավարի աշխատակազմում բավական ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում 11 հրեաներ:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Տարածաշրջան


15/02/2017